Անթույլատրելի է Նիկոլ Փաշինյանի կողմից դատավորների հետ կոնկրետ քրգործերին առնչվող հարցերով խորհրդակցությունների անցկացումը. Փաստաբանների պալատ
Անթույլատրելի է Նիկոլ Փաշինյանի կողմից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների, մասնավորապես՝ դատավորների հետ կոնկրետ քրեական գործերին առնչվող հարցերով խորհրդակցությունների կամ քննարկումների անցկացումը: Այս մասին ասվում է ՀՀ Փաստաբանների պալատի տարածած հայտարության մեջ:
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդն, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Տիգրան Խուրշուդյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Հրանտ Անանյանի և Արմեն Ֆերոյանի,
01.12.2020թ․ հրատապ նիստ է անցկացրել և որոշել է՝
– Դատապարտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդարադատության իրականացմանն ուղղված միջամտությունը:
– Հորդորել պետական մարմիններին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողությունից:
– Հորդորել դատական իշխանության ներկայացուցիչներին գործել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
Որոշումը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի ղեկավարների, այդ թվում՝ դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրած խորհրդակցության ընթացքում հնչեցված հարցադրումներին:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի գնահատմամբ դատական իշխանության անկախության տեսանկյունից՝
– անթույլատրելի է ՀՀ վարչապետի կողմից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների, մասնավորապես՝ դատավորների հետ կոնկրետ քրեական գործերին առնչվող հարցերով խորհրդակցությունների կամ քննարկումների անցկացումը․
– մտահոգիչ են խորհրդակցության ընթացքում հնչեցված այն հարցերը, որոնք վերաբերվում են կոնկրետ քրեական գործերով (այդ թվում՝ ԱԺ նախագահի դեմ հարձակման գործով) կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների բավարարմանը կամ մերժմանը»,- ասված է հայտարարության մեջ: