ՔԶԱԿ-ում հավաստել են աշխարհում քիմիական զենքի պաշարների 98,3 տոկոսի ոչնչացումը
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) կարող է այս պահին հավաստել աշխարհում առաջին կատեգորիայի քիմիական զենքի պաշարների 98,3 տոկոսի ոչնչացումը: Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Ֆեռնանդո Արիասը՝ ելույթ ունենալով ՔԶԱԿ-ի մասնակից պետությունների 25-րդ խորհրդաժողովում:
«Քարտուղարությունը լի է վճռականությամբ կատարելու իր մանդատը եւ ծառայելու ի բարօրություն մասնակից պետությունների այս բարդ շրջանում,- նշել է նա:- Օբյեկտներում քիմիական զենքի ոչնչացման ստուգումը շարունակվել է այն միջոցների շնորհիվ, որոնք թույլ են տալիս ապահովել զինաքննիչների եւ օբյեկտների աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը: Հոկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր առմամբ ոչնչացվել է 96 303 մետրական տոննա հայտարարված առաջին կատեգորիայի քիմիական զենք կամ դրա 98,3 տոկոսը»:
Քիմիական զենքի արգելման կազմակերպության միակ անդամը, որի մոտ կան քիմիական զենքի պաշարներ, ԱՄՆ-ն է: Դրա ոչնչացումը ներկայումս շարունակվում է եւ պետք է ավարտվի 2023 թվականին: Ռուսաստանն իր պաշարների ոչնչացումն ավարտել է 2017 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: