«Այսպես ստացվեց, որովհետեւ բոլորդ խոսում էիք…»․ Կարեն Ճշմարիտյան

Էկոնոմիկայի նախկին նխարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատերը հարցնում են` «…ինչո՞ւ այսպես ստացվեց… Պատասխանում եմ` «Այսպես ստացվեց, որովհետեւ բոլորդ խոսում էիք…»:
Արդեն բացահայտ է, որ կան մարդիկ, որոնք նայում են, բայց չեն տեսնում, լսում են, բայց չեն ընկալում, կարդում են, բայց չեն հասկանում, կամ չեն ցանկանում տեսնել, ընկալել եւ հասկանալ ակնհայտը` չեն ընդունում իրողությունները: Մեկ այլ շերտ էլ կա` ամեն ինչ շատ լավ տեսնում են, ընկալում են, հասկանում են, բայց չեն հավատում, կամ չեն ցանկանում հավատալ իրենց տեսածին:

Բնական եւ պարզ հարց է առաջանում` ինչո՞ւ…

Բոլորը միաբերան կրկնում են` «հանրությունը պետք է տեղյակ ամեն ինչից լինի, եւ կարծիք հայտնի…»…

Առաջին հայացքից դժվար է այս մեջբերման հետ չհամաձայնվելը, մանավանդ եթե հարցը վերաբերվում է երկրի անվտանգությանը, ազգային արժեքներին, մարդկանց կենսագործունեության համար պատշաճ պայմանների ապահովմանը, կյանքին ու առողջությանը, ապագային վերաբերվող խնդիրներին: Սակայն, սա միայն առաջին հայացքից, որովհետեւ խնդիրն իրականում այլ տեղում է: Բանն այն է, որ երբեք չեն հստակեցնում, թե` ո՞ր հարցերում, ինչի՞ մասին, մինչեւ որտե՞ղ, ի՞նչ խորությամբ, եւ` ու՞մ, կամ ի՞նչ նկատի ունենք, երբ ասում ենք «հանրություն», կամ «հանրության կարծիք…»:

Ցանկացած քննարկման շրջանակներում արդյո՞ք գոյություն ունի այն սահմանագիծը, որից այն կողմ զուտ մասնագիտություն է, գիտություն է, խորը իմացություն, խիստ պրոֆեսիոնալ մոտեցում, հմտություն եւ փորձառություն: Չէ՞ որ որեւէ քննարկմանը մասնակցելու, հիմնավորված կարծիք հայտնելու համար անհրաժեշտ ու պարտադիր են մասնագիտական գիտելիքները, տեղեկությունների հավաստիության բարձր աստիճանը, նաեւ` ընկալելու, հասկանալու, տրամաբանելու, վերլուծելու եւ արժանահավատ փաստարկներով բազմակողմանի հիմնավորված եզրահանգումներ անելու կարողություններն ու հմտությունը:

«Հանրությունը» եւ «Հանրության կարծիքը», որոնք մարդկանց ընդհանրական ընկալման մեջ վերածվել են սոցցանցերում առկա «շատերի կարծիքի» (քոմենթների), «շատերի հավանումների» (լայքերի), կամ առավելապես ասոցացվում են դրանց հետ, արդյո՞ք գիտակցում, զգում եւ պահպանում են այդ սահմանը:

Քիչ թե շատ լրջախոհ մարդկանց համար այդ սահմանագիծը կարծես առկա է միշտ: Ցանկացած քննարկման հետեւելիս նկատվում է, որ նրանք ինչից տեղյակ չեն` լռում են: Խոսքը չի վերաբերվում նրանց:

Բնականաբար, հարցադրումը չի առնչվում զուտ քաղաքական բանավեճի ոլորտում ընդգրկված անձանց` նրանք խոսում են ամեն ինչից: Դա այլ թեմա է:

Խոսքը չի վերաբերվում նաեւ սոցիալական ցանցերում «բնակվող», կեղծ եւ/կամ իրական, հաստիքային, կամ արտահաստիքային, վճարովի, կամ անվճար, անխտիր բոլոր թեմաներով գրառումներ կատարողներին, ծանոթ եւ անծանոթ մարդկանց գրառումները հերթապահ մեկնաբանող ամեն ինչից «տեղյակներին», այդ թվում` այս կամ այն պետական ինստիտուտը, կամ հանրահայտ, վաստակաշատ ու հեղինակավոր մարդկանց անտեղի եւ անհիմն զրպարտելու, վիրավորելու, կամ հեղինակազրկելու փորձեր անելու միջոցով կայանալու բարոյազուրկ ուղին ընտրածներին:

Վերը նշված խմբերի կարծիքը, մասնագիտական տեսանկյունից որեւէ արժեք չունի, հետեւաբար դրանք կարելի է պարզապես անտեսել:

Տվյալ հարցադրման հասցեատերերն առաջին հայացքից առավելապես նորմալ, գրագետ ու կիրթ, հիմնականում զուսպ եւ պարկեշտ մարդիկ են` տարբեր ոլորտների մասնագետները:

Խնդիրն այն է, որ նրանցից ոմանք երբեմն «մուտք են գործում» իրենց համար օտար այնպիսի մասնագիտական տիրույթներ, որտեղ իսպառ բացակայում են տվյալ ոլորտի վերաբերյալ իրենց տարրական գիտելիքները, տեղեկացվածությունը, փորձառությունը եւ քննարկումներին մասնակցելու համար անհրաժեշտ վերը նշված այլ բաղադրիչները:

Օրինակ`

– երաժիշտներից ու ռեժիսորներից, գրողներից ու դերասաններից, լեզվագետներից ու բանասերներից ոմանք ամենայն լրջությամբ եւ խորությամբ երբեմն «քննարկում են» վարակաբանությանը, քաղաքագիտությանը եւ ռազմագիտությանը վերաբերվող հարցերը;

– ՏՏ ոլորտի մասնագետներից ու ճարտարագետներից, քիմիկոսներից ու մաթեմատիկոսներից, բժիշկներից ու նկարիչներից ոմանք նույն կերպ, կամ առավել խորությամբ «քննարկում են» երկրաբանությանը եւ պատմագիտությանը վերաբերվող հարցերը;

– վերը նշվածները եւ անխտիր բոլորը «քննարկում են» իրավագիտությանը, տնտեսագիտությանը եւ սոցիոլոգիային վերաբերվող հարցերը:

«Հիմնավորումը» մեկն է` «… հարցը վերաբերվում է մեր կյանքին եւ առողջությանը, մեր կենսագործունեության պայմանների ապահովմանը, մեր երկրին, մեր եւ մեր սերունդների ապագային, բա չքննարկե՞նք, բա տեղյակ չլինե՞նք, կարծիք չհայտնե՞նք …»:

Մի շատ պարզունակ զուգահեռ անցկացնենք:

Պատկերացնենք, մի հանրահայտ ու վաստակաշատ սրտի վիրաբույժ մասնագիտական հանրությանն է ներկայացնում սրտի վիրահատություն իրականացնելու իր մոտեցումը` տեխնոլոգիան, վիրահատարանի հագեցվածության տարրերը, անհրաժեշտ դեղորայքի, իրականացվող վիրահատության մանրամասները, հետեւանքները, հետվիրահատական ընթացը, դրա համար պարտադիր այլ գործողությունները, եւ այլն: Ավելին` ցանկանում է անհապաղ այդ տեխնոլոգիայով իրականացնել հերթական վիրահատությունը:

Այս դեպքում ո՞րն է արդյունավետ մոտեցումը: Անհրաժեշտ եւ պարտադի՞ր է, որ վիրաբույժը այդ ամենը ներկայացնի նաեւ «հանրության լայն շրջանակներին», եւ ստանա այդ ամբողջի վերաբերյալ, ասենք` հաղորդավարների, դերասանների եւ երգիչների, քաղաքագետների եւ սոցիոլոգների, կամ ոչ բժիշկ այլ մասնագիտության տեր մարդկանց, առավել եւս` կեղծ օգտատերերի եւ սփյուռքի ոչ մասնագետ տիկնանց կարծիքը` «ջղայնիկները», անեծքները, հայհոյանքները, «լայքերն» ու «սրտիկները», եւ միայն նրանց կարծիքը հաշվի առնելուց հետո սկսի վիրահատությունը:

Չէ՞ որ այս դեպքում նույնպես, եթե չասենք շատ ավելին եւ անմիջականորեն խնդիրը վերաբերվում է մարդու կյանքին ու առողջությանը, այսինքն` բոլոր մարդկանց` «ժողովրդին»…

Հապա` ինչու՞ չեն փորձում քննարկել նաեւ այսպիսի հարցեր: Այս դեպքում այլեւս անհրաժե՞շտ չէ «հանրային կարծիք» ասածը, այսինքն` «քաղհասարակության» վերաբերմունքը, խոշոր, փոքր ու միջին քաղաքականացված միավորների, կամ հայտնի եւ անհայտ ծագման, անորոշ, կամ որոշակի նպատակներ հետապնդող ՀԿ-ների գերակտիվ ներկայացուցիչների հերթապահ հայտարարությունները, հարցազրույցները, ասուլիսները, գրառումներն ու մեկնաբանությունները, դեղնած մամուլում տպագրված հոդվածներն ու ելույթները:

Թե՞ այս դեպքում կարելի է բավարարվել միայն զուտ մասնագետների կողմից տրված եզրակացությամբ, հիմք ընդունել այն, փակել հարցը, եւ առաջ շարժվել:

Ցանկացած գիտակից քաղաքացու պատասխանը այս հարցադրմանը պետք է որ միանշանակ լինի` «…կարելի է բավարարվել զուտ նեղ մասնագիտական եզրակացությամբ, հիմք ընդունել այն, փակել հարցը եւ առաջ շարժվել…»: Հիմնավորումն էլ ենթադրաբար կլինի իրավացի եւ պարզ` «…ես չգիտեմ, ես դրանից ավելին չեմ հասկանում, տեղյակ չեմ, ավելին չեմ կարող ասել, դա իմ մասնագիտությունը չէ…»:

Այդ դեպքում, ինչու՞ է բացառապես բոլորին թվում, թե քաղաքագիտությանը, տնտեսագիտությանը, իրավագիտությանը, իսկ այս օրերին արդեն արտաքին քաղաքականությանը, ռազմագիտությանն ու վարակաբանությանը, կամ առաջին հայացքից «հասկանալի» եւ «հասանելի» թվացող այլ մասնագիտությունների, նույնիսկ գիտությունների նկատմամբ կարելի է, եւ թույլատրված է ցուցաբերել այդ աստիճանի քամահրական ու անպատասխանատու վերաբերմունք: Այն է` իրենց համարել մասնագետ, եւ պարտադիր արտահայտվել, առանց տարրական տեղեկության եւ առանց խորությամբ տիրապետելու նյութը: Ի՞նչ է` նշված գիտությունները, կամ նրանց հիմունքները ոչ մասնագետների համար առավել պարզ ու հասկանալի, ընկալելի ու մատչե՞լի են, նաեւ` հեշտությամբ յուրացվո՞ղ են, քան ասենք` բժշկինը, քիմիկոսինը, օդաչուինը, կամ մյուսներինը:

Անհրաժեշտ է հավելել մեկ այլ իրողություն եւս` եթե պարզապես հակիրճ ներկայացնեն զուտ իրենց ընդհանուր տպավորությունն ու պատկերացումները, եւ հիմնավորեն այն իրենց անձնական կյանքից մի փոքրիկ դրվագով, մասնավոր դեպքով, եւ սահմանափակվեն դրանով` ինչ-որ չափով հասկանալի կլինի: Խնդիրն այն է, որ փորձում են տարբեր ոլորտներին վերաբերվող երեւույթների, թեմաների եւ անհատների մասին կարծիք հայտնել այնպիսի ընդհանրացմամբ, ընդգրկմամբ, խորությամբ եւ համոզվածությամբ, որպիսիք տվյալ հարթակներում նույնիսկ ոլորտի մասնագետներն իրենց թույլ չեն տալիս: Ավելին` երբեմն չեն խորշում նաեւ հանդես գալ առաջարկներով: Եվ սա այն դեպքում, երբ տվյալ ոլորտի վերաբերյալ ունեն լավագույն դեպքում մակերեսային, «դեղնած թերթի» բամբասանքի կարգի տեղեկություններ, դրա հետ միասին նաեւ` «զրո», կամ լավագույն դեպքում` սակավ փորձառություն, իսկ ավելի խորը, պրոֆեսիոնալ , կամ գիտական մոտեցում, տեղեկացվածություն եւ փորձառություն չունեն, չեն կարող ունենալ, եւ հավանաբար անհրաժեշտ էլ չէ, որ ունենան…

Նույն համատեքստում առկա է մեկ այլ իրողություն եւս: Վերը նշված մարդկանց առավել տեղեկացված հատվածի ներկայացուցիչները երբեմն հիմնվում են իրենց կարծիքով հեղինակավոր (հանրային տիրույթում հաճախ հանդես եկող), բայց իրականում տվյալ ոլորտի մասնագիտական հանրույթում իսպառ չընդունված եւ «զրո» հեղինակություն ունեցող այս կամ այն «փորձագետի», կամ նախկինում ակնհայտ տապալված որեւէ պաշտոնավարածի արտահայտած կարծիքի վրա, առանց հաշվի առնելու տվյալ «մասնագետի» անձնական շարժառիթները, անցած ուղին, շահագրգիռ շրջապատի եւ զանազան կազմակերպությունների հետ կապերը, քաղաքական ու մասնագիտական անցյալն ու հայացքները, նպատակները, եւ դրանցով պայմանավորված հնարավոր կանխակալ, ուղղորդված, կամ անձնավորված վերաբերմունքը:

Վերը նշվածը հանգեցնում է նրան, որ ոչ մասնագետների կողմից որեւէ իրողության վերաբերյալ զանգվածաբար տարածվում է ( ուղղորդված, կամ` ոչ ) «կարծիք», որն այլեւս վերածվում է «շատերի կարծիքի», «հանրության կարծիքի», եւ այլն: Բնական է` մեծամասամբ այնպիսի կարծիքի, որն իսպառ աղերսներ չունի իրողությունների հետ: Հետեւանքը լինում է այն, որ առաջանում է տեղեկատվական անորոշություն եւ ճնշում, (եթե չասենք` տեղեկատվական բռնություն) եւ նման ճնշման արդյունքում հասարակության մոտ իրողությունների վերաբերյալ ստեղծվում է իրականությունից կտրված, մասնագիտական առումով անհիմն, իրողությունների եւ փաստերի հետ աղերսներ չունեցող «հանրային կարծիք եւ վերաբերմունք»:

Այս ամենի արդյունքում «շատերի կարծիքը» հաջողությամբ լռեցնում եւ անլսելի է դարձնում մասնագիտական, պրոֆեսիոնալ, նաեւ` գիտնականների կարծիքը: Ավելին` անասելի աղմուկի մեջ վերջիններիս մոտ կորչում է դրանց հակադարձելու եւ իրողությունները ներկայացնելու արդյունավետությունը, ձգտումն ու ցանկությունը: Համընդհանուր աղմուկի ժամանակ մասնագետները լավագույն դեպքում լռում են, իսկ սովորաբար, պարզապես` հեռանում են…

Պատճառն ակնհայտ է.

քննարկումներին մասնակցողների գիտելիքների, տեղեկացվածության եւ մասնագիտական հմտության սակավության պայմաններում, անխտիր բոլորի կողմից զանգվածաբար ամեն ինչի մասին արտահայտվելու եւ «կարծիք հայտնելու» արդյունքում` երեւույթների, իրադարձությունների, խնդիրների եւ դրանց լուծման եղանակների, այսինքն մեկ բառով` իրողությունների մասին պատկերացումները շեղվում են իրականությունից:

Ստացվում է առավել քան պարզունակ:

Երբ իրողությունների վերաբերյալ երկար ժամանակահատվածում տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունն ու վերաբերմունքը միակողմանի է, կամ ընդգծված գերիշխող, ապա մարդու կողմից ստացված այդ տեղեկությունը նրա գիտակցական շերտում հավանաբար ստեղծում է ահռելի ավելցուկ, որը չհասցնելով մարսվել, մշակվել եւ վերածվել գիտակցված ու վերլուծված իմացության, նույն կառուցվածքով ու բովանդակությամբ անցնում է ենթագիտակցական շերտ, եւ ամրապնդվում է այնտեղ մոլեկուլյար մակարդակում, որպես սեփական տրամաբանական իմացություն, սեփական կարծիք եւ սեփական մոտեցում: Մարդը շատ արագ մոռանում է, որ այն իր կարծիքը չէ, եւ որ այն թելադրված է: Այդ դեպքում մարդու մոտ իրողությունների նկատմամբ արդեն հարուցվում են ոչ թե գիտակցված վերաբերմունք եւ արձագանք, այլ զուտ ենթագիտակցական` մարդկային պարզ պայմանական ռեֆլեքսներ: Ռեֆլեքսային արձագանքի մասով եզրահանգումը միարժեք պնդելը սխալ կլիներ, եթե բազմաթիվ մասնագիտական, նույնիսկ գիտական հրապարակումներ չհանգեցնեին դրան:

Օրինակ` եթե ակնհայտ եւ անժխտելի փաստերով հիմնավորված իրողության մասին միառժամանակ զանգվածաբար տարածվում է ճիշտ հակառակ տեղեկատվություն (բացասականի մասին` դրական, կամ` հակառակը, էականը դա չէ) , եւ այն ընդհանրապես, կամ` հիմնավորված ու փաստարկված անմիջապես բավարար չափով չի հերքվում եւ հակադարձվում, ապա իրականում ակնհայտ դրական իրողությունը հանրության «կիսատեղյակ» եւ անտեղյակ շրջանակների մոտ տպավորվում է, որպես միանշանակ բացասական երեւույթ: Գիտակցական շերտում այդպիսի տեղեկատվության ավելցուկ առաջանալու դեպքում, հավանաբար ամբողջությամբ (իր բովանդակությամբ եւ կառուցվածքով), այն շատ աննկատ եւ սահուն անցում է կատարում դեպի ստացողի ենթագիտակցական շերտ եւ ամրապնդվում է այնտեղ: Ստացվում է, որ իրողության նկատմամբ մարդու մոտ գոյանում է միանգամայն հակառակ ենթագիտակցական (ոչ գիտակցական, անգիտակցական) վերաբերմունք: Վերջինս էլ` արդեն բացասական, մերժողական, վանողական, կամ խուսափողական ավտոմատ պայմանական ռեֆլեքս է առաջացնում ոչ միայն տվյալ դիրքորոշումը հերքող հիմնավոր եւ ակնհայտ փաստերի, կամ դրանց հետ ասոցացվող երեւույթների, այլեւ նույնիսկ այդ փաստերն ու իրողությունները ներկայացնող անհատների նկատմամբ:

Արդյունքը լինում է այն, որ նրանք, ում մոտ ենթագիտակցության մեջ ամրապնդված է ինչ-որ մի կարծիք, այլեւս չեն ցանկանում տեսնել եւ լսել փաստերը, չեն ընկալում իրողությունները: Նրանք այդ տեղեկատվության առումով այլեւս զրկվում են տրամաբանելու, վերլուծելու, առողջ եւ սթափ գնահատելու ունակությունից, եւ սկսում են պայմանական ռեֆլեքսային արձագանքով վանել, մերժել եւ խուսափել: Նույնը բնականաբար լինում է, երբ ակնհայտ բացասական իրողության մասին տարածվում է բացառապես դրական արձագանք: Այս դեպքում առաջանում է կուրացած հավատ, անպատասխան սեր, անհիմն վստահություն եւ անգիտակից նվիրում:

Ամենայն հավանականությամբ սա այն դեպքն է, երբ հիմնավոր եւ անժխտելի, ակնհայտ եւ անհերքելի փաստերի նկատմամբ մարդու արձագանքը նույնական է ասենք` պայմանական «կարմիր թավային» դեռ չմոտեցրած ձեռքը անմիջապես փախցնելու, խուսափելու, վախենալու բնական պայմանական ռեֆլեքսի հետ: Սա այն դեպքում, երբ այդ պայմանական «կարմիր թավան» իրականում սենյակային ջերմաստիճանի է, բայց դրա մասին տարածված տեղեկության ճնշող մեծամասնության մեջ նշվում է, որ ցանկացած «կարմիր թավա» շիկացած է, եւ այն անպայման կայրի ձեռքը:

Ենթագիտակցության մեջ ամրապնդված վերաբերմունքը եւ դրանից բխող պայմանական ռեֆլեքսները առավել խորանում են, երբ մարդու ձեռքը դիպչում է որեւէ «կարմիր թավայի», որն իրականում շիկացած է, եւ մարդու մոտ առավել ամրապնդվում են վանողական, մերժողական, խուսափողական պայմանական ռեֆլեքսները, նույն արձագանքն առաջանում է ցանկացած այլ «կարմիր թավա» տեսնելիս:

Բնական է, որ ասենք` շիկացած երկաթին, կամ եռման ջրին դիպչելուց ձեռքը անմիջապես փախցնելու բնական պայմանական ռեֆլեքսը անշեղորեն գործում է նաեւ հասարակական հարաբերություններում գոյություն ունեցող իրողությունների գնահատման եւ ընկալման դեպքում:

Հետեւաբար, ամենայն հավանականությամբ այս օրինակը նույնական է ցանկացած հասարակությունում գոյություն ունեցող որեւէ երեւույթի իրական բնույթի, եւ այդ երեւույթի հետ ուղղակի, կամ անուղղակի առնչվող, կամ ասոցացվող ցանկացած իրողության վերաբերյալ տարածված միանգամայն հակառակ բնորոշումների տարածման, արհեստական գեներացման հետ:

Ոչ ոք, ոչ մի երկրում եւ երբեք չի պնդել, չի պնդում, եւ չի կարող պնդել, որ չկան խնդիրներ, կամ երբեք չեն եղել եւ չկան սխալներ, թերություններ, բացթողումներ եւ հանցագործություններ: Խնդիրն ամենեւին էլ դրանում չէ: Խնդիրը դրանց ընդհանրապես գոյության, կամ դրանց իրական ծավալների եւ այդ ծավալներին անհամարժեք տեղեկության քանակի մեջ է: Օրինակը շատ պարզ է: Ցանկացած երկրում, ցանկացած ժամանակահատվածում կան ոչ պրոֆեսիոնալ, կամ հանցագործ տարրեր, որոնք իրոք խնդիրներ են ստեղծում հասարակության համար: Հետեւաբար, մեկ, երկու, կամ տաս օրինակները հստակ կատարում են այն պայմանական շիկացած «կարմիր թավա»-ի դերը, որոնց դիպչել է մարդու ձեռքը: Օրինակ` եթե հասարակության մեջ կան մի քանի անպարկեշտ մարդիկ, դա կարելի է ներկայացնել այնպես, որպեսզի ստացվի, որ ամբողջ հասարակությունն անպարկեշտ է: Կարելի է առավել պարզեցնել: Եթե կա թեկուզ մեկ, կամ երկու անպարկեշտ համայնքապետ, մարզպետ, կամ այլ պաշտոնյա, ապա հենց մեկի օրինակով կարելի ներկայացնել, որ մնացած բոլորն անպարկեշտ են: Բնական է, որ դա չի կարող այդպես լինել, սակայն հասարակության ենթագիտակցության մեջ այն ամրապնդվում է հենց այդպես: Այս կերպ հասարակության մոտ առաջանում են իրողություններից կտրված, շեղված պատկերացումներ:

Զարմանալի չէ, երբ շատերի համար անսպասելիորեն հասարակական հարաբերություններում գոյություն ունեցող երեւույթների եւ անհատների նկատմամբ նմանատիպ վարքագիծ են դրսեւորում նաեւ առաջին հայացքից գրագետ, կիրթ, լուրջ, տեղեկացված, սթափ գիտակցությամբ եւ հայրենասեր մարդիկ: Վերջիններիս կարծիքն էլ փոխանցվում եւ ամրապնդվում է արդեն առավել անտեղյակ (օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով) մարդկանց, եւ ամրապնդվում է որպես անհերքելի եւ անքննելի ճշմարտություն:

Պատճառը մեկն է` հասարակության անդամները բոլորն էլ մարդիկ են, իսկ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը ենթակա է վերը նկարագրված ճնշման արդյունքում հայտնվելու նմանատիպ իրավիճակում, եւ իրողությունների հանդեպ դրսեւորելու անտրամաբանական, անգիտակից եւ պայմանական ռեֆլեքսային արձագանք: Իսկ իրականությունից շեղված, այլընտրանքային, կամ վիրտուալ տիրույթում ձեւավորված պատկերացումները, կարծիքը, դրանցից բխող զուտ ենթագիտակցական ռեֆլեքսային արձագանքները եւ դրանց արդյունքում ընդունված որոշումները շատ հաճախ հասարակության համար կարող են վտանգավոր լինել, իսկ երբեմն նաեւ` կործանարար:

Հասարակության մոտ` ռացիոնալ, տրամաբանված եւ գիտակցված վերաբերմունքի բացակայության դեպքում հետեւանքներն իրենց երկար սպասել չեն տալիս` սխալ եւ անարդյունավետ որոշումներ, ժամանակի կորուստ, հասարակության մեջ ավելորդ հակասությունների եւ լարվածության ավելացում` պառակտում:

Այս դեպքում լարվածության ավելացումը նույնպես իր բացատրությունն ունի:

Միարժեք է, որ իրողությունը մեկն է` այն եղել է, կամ առկա է, այն իրական է, այն փաստ է, եւ որքան էլ տարբեր լինեն դրա վերաբերյալ տարածված տեղեկությունները, այն չի դադարում այդպիսին լինելուց: Սակայն, քանի որ հասարակության մեջ միշտ առկա է մարդկանց մի ստվար զանգված, որոնք տեղյակ են, գիտեն, տեսել են, եւ անհաղորդ չեն եղել իրողություններին, լարվածությունը առաջանում է հասարակության հենց այս հատվածի եւ վերը նշված տեղեկատվական ճնշման (բռնության) ենթարկված (մանիպուլացված) հատվածի միջեւ:

Որեւէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ քաղաքական, ռազմական, տնտեսական, իրավական, սոցիալական, կամ առաջին հայացքից հասկանալի ու դյուրին ընկալելի թվացող ոլորտներից մեկում թույլ տրված սխալը պակաս վտանգավոր է հասարակության համար, քան առանձին բժշկի, օդաչուի, մաթեմատիկոսի, քիմիկոսի, ֆիզիկոսի, կամ տիեզերագնացի կողմից կատարված սխալը:

Համոզված կարելի է պնդել, որ արտաքին եւ ներքին քաղաքական, տնտեսական եւ իրավական հարաբերությունները, կամ ընդհանրապես հասարակական հարաբերությունները կարգավորող ոլորտներից յուրաքանչյուրում թույլ տրված սխալները (միտումնավոր, կամ` ոչ) շատ ավելի ճակատագրական ու երբեմն անդառնալի հետեւանքներ կարող են ունենալ հասարակության համար, քան մնացած բոլորը միասին վերցրած: Այս ամենին եթե նպաստում են նաեւ ժամանակակից մեդիամանիպուլյացիաների գործիքները, ապա դրանք հասցնում են իրական աղետների:

Սարսափելի է, ցավալի է, բայց այսօրվա Հայաստանի իրավիճակը դրա վառ ապացույցն է:

Այնպես որ, գոնե այսուհետ` իրադարձությունների, երեւույթների, խնդիրների եւ դրանց լուծման եղանակների, նաեւ անհատների վերաբերյալ կարծիք հայտնելու եւ արտահայտվելու անհագ ցանկության դեպքում, հավանաբար առավել օգտակար, խելամիտ եւ արդյունավետ կլինի` այնուամենայնիվ ջանքեր գործադրել, եւ փորձել ի սկզբանե լռել…

Նախ` լռել, եւ երբեք չտրվել սեփական հուզական զգացմունքներին,

երկրորդ`լռել, եւ չիմացածի մասին հարցնել նրանց, ովքեր հնարավոր է տեղյակ են, մասնագետ են, գիտնական են, փորձառու են ( շատ ժամանակ չի խլի),

երրորդ` լռել, եւ փորձել տեղեկանալ, պարզել ու ճշտել, ստուգել տեղեկության հավաստիությունը,

չորրորդ` դրանից հետո նորից լռել եւ լսել, լսել եւ փորձել մտածել, մտածել եւ փորձել հասկանալ, հասկանալ եւ փորձել տրամաբանել, փորձել տարանջատել ընդհանրականն ու գլխավորը, առաջնայինն ու երկրորդականը, նաեւ` պարզել իրողության ու դրա մասին տարածված տեղեկատվության տարբերությունները:

Այս ամենից հետո նոր փորձել վերլուծել, համոզվել եւ եզրահանգումներ անել: Միայն դրանից հետո որոշել` արժե՞ արտահայտվել, արժե՞ կարծիք հայտնել, արժե՞ «լայքել», անիծել եւ հայհոյել, կամ դժգոհող, կամ հիացական մեկնաբանություն անել, թե ավելի լավ է` շարունակել լռել…

Իսկ ընդհանուր առմամբ ամենառացիոնալ եւ արդյունավետ, անընդհատ, ամենուր եւ դարեդար կրկնվող, չափազանց ծեծված, բայց առօրյա կյանքում այդպես էլ միս ու արյուն չստացած մոտեցումն այն է, որ`

յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի միայն եւ միայն իր գործով,

յուրաքանչյուր մարդ պետք է խոսի միայն նրանից, ինչից լավատեղյակ է,

յուրաքանչյուր մարդ պետք է ունենա պարկեշտության առնվազն նվազագույն մակարդակ:

Հ.Գ. Փորձենք համբերատար, առանց նյարդայնանալու, առանց միմյանց անվանարկելու, հայհոյելու, անիծելու եւ վիրավորելու` փորփրել մեր ենթագիտակցությունը: Հնարավոր է, որ այնտեղ տեղ են գտել, եւ ամրապնդվել են երեւույթների ու մարդկանց մասին այնպիսի իմացություններ, եւ դրանց արդյունքում առաջացած այնպիսի վերաբերմունք եւ մոտեցումներ, որոնք չեն բխում իրողություններից, հիմնավորված չեն անհերքելի եւ անժխտելի փաստերով, այլ թելադրված եւ ամրապնդված են մեր ենթագիտակցության մեջ ի հեճուկս մեր սեփական գիտակցության ու տրամաբանության:

Տեսանյութեր

Լրահոս