Ծնողները մեր կյանքում ամենից թանկ մարդիկ են
Ծնողները մեր կյանքում ամենից թանկ մարդիկ են: Աստված մեզ կյանք է պարգևում մեր ծնողների միջոցով, հետևաբար՝ մեզնից յուրաքանչյուրի հոգևոր պարտքն է հարգել և պատվել մեր ծնողներին:
Ծնողները մեր կյանքի ուղեկիցներն են, ովքեր սովորեցնում են քայլել, ճանաչել ու բացահայտել աշխարհը: Հստակ է, որ ծնողներն Աստծո կողմից տրված սուրբ պաշտոն ունեն: Նրանք երեխայի կյանքի ամենակարևոր օրինակն են՝ ապրելու ու պայքարելու, քանզի երեխան նրանց միջոցով է ճանաչում լավն ու վատը, ճշմարիտն ու սուտը և ձևավորում իր արժեհամակարգը:
Աստված այս պատվիրանը տվել է այն ժամանակ, երբ, ըստ սովորության կամ օրենքի, հարգում էին միայն հորը, իսկ մորը` արհամարհում: Այս պատվիրանում Աստված, հորն ու մորը հիշատակելով, կամենում է, որ նրանք երկուսն էլ զավակների կողմից հարգանքի արժանան: Եթե ծնողները հարգվում են, ընտանեկան երջանկությունը և օրհնությունն անպակաս է, իսկ ուր ծնողներին արհամարում են, այնտեղ էլ բացակայում են օրհնությունն ու խաղաղությունը:
Ծնողներին ոչ միայն պետք է պատվել այն ժամանակ, երբ մենք նրանց կարիքը ունենք, այլև այն ժամանակ, երբ նրանք ունեն մեր կարիքը:
Երբ մարդը ծերանում է, նեղսրտում է, կամակոր է դառնում, բայց զավակները պետք է սիրով և հոգատարությամբ, առանց տրտնջալու հոգ տանեն իրենց ծնողներին` հիշելով ծնողների անցյալը և նաև այն, որ իրենք էլ են մի օր ծերանալու:
Եվ հիշենք՝ գուցե զավակը մեծանալով ծնողի խորհրդի կարիքը չունենա, բայց ծնողի օրհնության կարիքը միշտ էլ կունենա: