Սոթքի հանքավայրը՝ Հայաստանի անվտանգության ու տնտեսական կայունության ցուցիչ. Տնտեսագետը թվարկում է սպասվող հետևանքները
Երեկ ողջ օրը հակասական լուրեր էին տարածվում Սոթքի վերաբերյալ. գյուղապետը հաստատում էր, իսկ Պաշտպանության նախարարությունն ու վարչապետի խոսնակը հերքում էին տեղեկությունները, թե ադրբեջանցի զինվորականները մտել են հանքավայր։ Պաշտոնական շրջանակներից ավելի ուշ եղան պարզաբանումներ, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում:
Իսկ ՀՀ վարչապետն այսօր հայտնեց. «…Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես, սահմանազատումը բավական բարդ գործընթաց է, ևմ ուզենք-չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ»:
Այս պարզաբանումներից հետո շատ հարցեր փաստացի մնացին չպարզաբանված. Ի՞նչ ճակատագիր է սպասվում հանքավայրին, հանքավայրի հետ փոխկապակցված՝ Արարատի մարզում գործող Ոսկու արդյունահանման գործարանին, հանքավայրի աշխատակիցներին, մարզի և ողջ Հայաստանի տնտեսական կայունությանը՝ հաշվի առնելով, որ Սոթքի հանքը շահագործող «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատու և մեծաթիվ աշխատատեղեր ունեցող ընկերություններից մեկը։
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը ցավով արձանագրում է, որ այս դեպքում թշնամուն է հանձնվում է ոչ միայն մեր իրավազորության ներքո գտնվող տարածքը, այլ, նախ և առաջ, մեր ազգային հարստությունը. «Բացի կազմակերպության հարկատու լինելը, սա նաև մեր սերունդների հարստությունն է: Վարչապետը սիրում էր ասել՝ 50-50 փայ. փաստորեն Ադրբեջանը, վարչապետի ձեռամբ և այսօրվա իշխանությունների անգործության և ձախողումների հետևանքով, վերցրեց մեր ազգային հարստության կեսը»:
Ըստ տնտեսագետի՝ դեռ առկախ է հարցը՝ շահագործվելո՞ւ է արդյոք հանքավայրը, և եթե շահագործվելու է, ապա՝ ի՞նչ ծավալով. «Այո՛, պետական բյուջեի հարկային մուտքերը կնվազեն, որովհետև մեծ ռիսկ է և անորոշություն, թե արդյո՞ք այսպիսի իրավիճակում այս հանքավայրը հնարավոր կլինի շահագործել, որովհետև ամենատարբեր խնդիրները կան՝ ենթակառուցվածքներ, աշխատանքի կազմակերպման հարցեր և, ամենակարևորը՝ անվտանգության հարցեր: Մենք լավ գիտենք, չէ՞, մեր թշնամուն, որ մարդակեր է և հայատյաց, և ամեն գնով ձգտելու են խափանել նաև մեր տնտեսական բնականոն գործունեությունը և, ընդհանրապես, մեր հանրային կյանքը:
Մյուս կարևոր հանգամանքը՝ մենք իմացանք երեկ, որ հանքավայրի այսօրվա շահագործողները (որոնք շահագործում են հանքավայրը ռուսական կապիտալով) փաստացի իրենք էին նախաձեռնել իրենց բիզնեսի և աշխատողների անվտանգության խնդիրների լուծումը»:
Հետևանքների թվում Թադևոս Ավետիսյանն առանձնացնում է ոչ միայն հարկային վճարների կրճատումը, այլև զբաղվածության խնդիրների առաջացումը և ռեգիոնի վրա սոցիալ-տնտեսական ազդեցությունը. «Պետական բյուջեում չորրորդ խոշոր հարկատուն է, և աներկբայորեն կրճատվելու են հարկային վճարները, որովհետև տնտեսական ծավալները նվազելու են: Երկրորդը՝ այստեղ հարյուրավոր մարդիկ են աշխատում, և ռեգիոնն ինքնին բարձր աղքատության և գործազրկության մակարդակ ունի՝ համեմատած միջին հանրապետական մակարդակին, և այստեղ հիմնական աշխատատեղերը ոչ գյուղատնտեսական հենց այդ հանքավայրում են:
Այս ամենը կունենա շատ կոնկրետ սոցիալական հետևանքներ»:
Հարցին, թե իրավիճակից հնարավոր այլընտրանքը լինելու է արտագա՞ղթը, նա պատասխանեց. «Բնականաբար, կամ արտագաղթը, ներքին տեղաշարժը խոշոր քաղաքներ, կամ՝ արտաքին տեղաշարժը: Եթե դրան էլ ավելացնեք նաև անվտանգային ռիսկերը (որովհետև եթե մենք նայենք չարաբաստիկ նոր քարտեզին, նաև ավելանում են անվտանգային ռիսկերը), ապա այո՛, այստեղ արտագաղթի էական գործոններ կան, և դրանք ռեալ են»:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության միջազգային բիզնես իմիջին՝ տնտեսագետը նկատեց, որ Սոթքի հանքավայրի շուրջ տեղի ունեցողը բացասական մեսիջ է օտարերկրյա ներդրողների համար. «Սա բացասական քեյս է օտարերկրյա ներդրողների համար, որ, օրինակ, Հայաստանի Հանրապետությունում դու կարող ես հանքավայրի շահագործման թույլտվություն ստանաս, պայմանագրեր կնքես՝ քո բիզնես ռիսկերը հաշվելով, ներդրումներ կատարելով և մեկ գիշերում կանգնես նման իրավիճակի առաջ:
Որքան էլ փորձեն բացատրել՝ օբյեկտիվ-սուբյեկտիվ՝ դա կարևոր չէ տնտեսական ներդրումների տեսանկյունից, և, իրականում, մարդիկ նաև աշխարհաքաղաքական ռիսկերը ևս հաշվում են. այլ կերպ ասած՝ էապես բարձրացել են դրանք»: