Բաժիններ՝

Ինչո՞ւ են բարձրաստիճան պաշտոնյաները Քովիդ-թեստերի պատասխանները պահանջում տրամադրել անգլերենով

Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթը, որն ըստ էության Արցախը կապիտուլյացիայի ենթարկելու և Հայաստանի դիրքերն էականորեն թուլացնելու, երկիրը իրական վտանգի տակ դնելու մասին փաստաթուղթ էր, մեր կյանքը բաժանեց մինչև նոյեմբերի 10-ի և դրանից հետոյի:

Եվ եթե սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ողջ հայ ժողովուրդը, Հայաստանում թե Սփյուռքում, չնչին ֆեյքային բացառություններով, միաբանվել ու իր ջանքերն ուղղել էր միայն մեկ նպատակի՝ ամեն ինչ ռազմաճակատի ու հայրենիքի փրկության համար, նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ համաձայնագիրը հասարակական լրջագույն ցնցումների պատճառ դարձավ:

Ժողովուրդը կամ գոնե նրա գերակշիռ մեծամասնությունը հասկացավ, որ իրեն խաբել են ամենադաժան կերպով՝ իր թիկունքում դավեր նյութելով և ըստ էության հանձնելով Արցախն ու դրանով իսկ վտանգի առջև կանգնեցնելով Հայաստանը:

Այս դժգոհությունները դուրս եկան փողոց. ընդդիմադիր ուժերը հանրահավաքներ են անցկացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, երիտասարդները լոկալ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ մերթընդմերթ տարբեր կենտրոնական փողոցներ փակելով, արդեն երկրորդ օրն է՝ Կառավարության դիմաց նույն պահանջով անժամկետ հացադուլ է սկսել «Երկիր Մեդիա» հ/ը ծրագրերի տնօրեն, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը, որին այսօր միացել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին անդամ Կիմ Բալայանը, որը, բացի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից, պահանջում է նաև նրան քրեական պատասխանատվության ենթարկել սահմանադրական կարգի տապալման համար:

Բնական է, որ հասարակական ցասման այս ֆոնին իշխանությունները պետք է մտահոգ լինեին իրենց կյանքի ու առողջության համար, և ընդամենը 2.5 տարի համաժողովրդական էյֆորիայի ֆոնին իշխանության եկած իշխանականները ահաբեկված դիմում են ոստիկանություն՝ իրենց անվտանգության ապահովման նպատակով լրացուցիչ ռեսուրսներ տրամադրելու խնդրով:

Այսօր լուրեր տարածվեցին, որ իմքայլական պատգամավորներն ու իշխանության մաս կազմող մյուս գործիչները դիմում են ԱՄՆ ու եվրոպական տարբեր երկրների դեսպանատներ՝ մուտքի թույլտվություն ստանալու համար:

Բայց պարզվում է, որ նշված մարդիկ նոր չէ, որ սկսել են մտածել երկիրը լքելու մասին՝ կապված նոյեմբերի 10-ից հետո սկսված զարգացումների հետ, այլ շատ ավելի շուտ՝ պատերազմի ամենաթեժ ժամանակաշրջանում, և սա հիմք է տալիս մտածել, որ որքան էլ իմքայլականներն ասում են, որ իրենք ստորագրվող փաստաթղթի բովանդակությունից տեղյակ չեն եղել, նրանց որոշակի հատվածն առնվազն ստում է, այլապես երկիրը լքելու պատրաստություն շատ ավելի շուտ չէին տեսնի:

Այսպես, դեռևս հոկտեմբեր ամսվա վերջին 168.am-ը տեղեկություն ստացավ, որ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող որոշ անձինք իրենց ու իրենց ընտանիքների անդամների Քովիդ-թեստերը հանձնելիս դրանց պատասխանները պահանջել են տրամադրել անգլերեն լեզվով:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ որոշ պաշտոնյաների կանայք էլ մտադիր են մեկնել ԱՄՆ և այնտեղ ծննդաբերել․ երեխաները կունենան ԱՄՆ քաղաքացիություն։

Այս առումով առաջացած որոշակի հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով դեռևս նոյեմբերի 4-ին գրավոր հարցմամբ դիմել էինք առողջապահության նախարարին: Ցանկացել էինք իմանալ՝

  • Ո՞ր դեպքում և ո՞ր հաստատություններում թեստը հանձնելու դեպքում է հնարավոր դիմել ու անգլերեն լեզվով ստանալ Քովիդ-19 թեստի պատասխանը:
  • Կա՞ արդյոք վիճակագրություն, թե ՀՀ-ում քանի՞ մարդ է իր ու իր ընտանիքի անդամների թեստի պատասխանները պահանջել անգլերենով տրամադրել:
  • Կա՞ն արդյոք այդ մարդկանց թվում բարձրաստիճան պաշտոնյաներ, գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներ:
  • Նշվո՞ւմ է արդյոք պատասխանում, թե որտե՞ղ է ներկայացվելու անգլերենով գրված թեստի պատասխանը:

Կարճ ասած՝ ցանկացել էինք իմանալ՝ ովքե՞ր են այն պաշտոնյաները, ովքեր վերջին 2.5 տարում իրենց կառուցած, կոռուպցիայից զերծ, ազատ, անկախ, ինքնիշխան երկիր-դրախտավայրից օր առաջ ազատվել ու իրենց ապահով ու բարեկեցիկ կյանքն այլ երկրներում են շարունակել տենչում:

Առողջապահության նախարարությունից ստացել էինք մեր ընդամենն առաջին և չորրորդ հարցերի պատասխանը:

«Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020թ․ մայիսի 13-ի թիվ 04-Ց ցուցումով սահմանված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով կատարվող լաբորատոր հետազոտության արդյունքի մասին տեղեկանքի ձևանմուշը ՀՀ տարածքից դուրս ներկայացնելու համար, որը լրացվում է Կազմակերպությունների անվանմամբ եռալեզու ձևաթղթով, հաստատվում է Կազմակերպությունների կնիքով և չի նշվում, թե որտեղ է ներկայացվելու վերջինս»,- ասել էին Առողջապահության նախարարությունից:

Մյուս հարցերի մասով տեղեկացրել էին, որ նման վիճակագրություն չի վարվում: Բնականաբար, չի վարվում նման վիճակագրություն, և այնպես չէ, որ վարվելու դեպքում այդ վիճակագրությունը տրամադրելու էին, բայց երևի իշխանության վերին օղակներում էլ են հասկանում, որ Հայաստանի նման փոքր երկրում ոչինչ գաղտնի չի մնում, և չի բացառվում, որ այնուամենայնիվ, հաջորդիվ մենք ներկայացնենք երկիրը շուտափույթ լքած, լքող ու լքել պատրաստվող պաշտոնյաների ցանկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս