«Այսքան տարածք զիջելու դեպքում գոնե կարելի՞ է որևէ պահանջ ունենալ, թե՞ մենք լրիվ ոտքերը սրբելու շորի ենք վերածվել». Արեգ Միքայելյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է հասարակայնության մի շարք ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, հասարակական, մշակութային գործիչների հետ:
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ով նույնպես ներկա է եղել հանդիպմանը, 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի, ծառացած բազմաթիվ դժվարությունների վերաբերյալ:
«Օրինակ, ես առաջարկում էի, որ մինչև դեկտեմբերի 1-ն ինչ հնարավոր է՝ անել, թեկուզ իրավական հարթությունում: Պարզ է, քաղաքացիական պատերազմի վտանգ կա, ու ոչ ոք կողմ չէ դրան, սակայն ՀՀ նախագահին հարցրեցի, թե իրավական ի՞նչ սկզբունքներ կան, որ կարող են որոշ չափով մեղմել այս իրավիճակը: Կտրականապես համաձայն չեմ որոշ քաղաքական գործիչների այն տեսակետի հետ, իբր այժմ ոչինչ չի կարելի անել և անհրաժեշտ է սպասել մինչև դեկտեմբերի 1-ը։ Ընդ որում, հիմա ո՛չ թե իշխանափոխության մասին եմ խոսում, այլ Արցախի հարցերի։ Ստորագրելով այդ ամոթալի հայտարարությունը՝ մենք հիմա ահավոր անբարենպաստ պայմաններում ենք հայտնվել, սակայն այն պետք է գոնե որոշ չափով շտկել: Հենց այս օրերին իրար հետևից խելոք-խելոք հանձնում ենք մեր հողերը։
Որոշ գյուղեր, որ նույնիսկ այդ հայտարարությամբ նախատեսված չէին, էլի անցնում են Ադրբեջանին։ Ո՞վ է այս հարցերին տեր կանգնելու։ Մենք կառավարություն չունե՞նք, կամ Արցախի կառավարությունը չի՞ կարող միջամտել, հայտարարության իրականացումը հսկողության տակ պահել, թե՞ երկու կառավարություններն էլ լիակատար կապիտուլյացիայի են ենթարկվել։ Հայտարարության մեջ կա՞ կետ, ըստ որի՝ ՀՀ կառավարությունն այլևս որևէ կապ չունի Արցախի հետ։ Դեռ ուշ չէ, պետք է պահանջել հայտարարության կետերի եթե ոչ՝ վերանայում, ապա՝ ճշգրտում: Մեկ ստորագրություն դնելով ու մի կողմ քաշվելով չէ: Այսքան տարածք զիջելու դեպքում գոնե կարելի՞ է որևէ պահանջ ունենալ, թե՞ մենք լրիվ ոտքերը սրբելու շորի ենք վերածվել»,– ասաց Արեգ Միքայելյանը:
Նրա կարծիքով՝ դեռևս կարելի է քննարկել Շուշիի հարցը, որ գոնե չեզոք տարածքի կարգավիճակ ստանա, ինչպես նաև Մարտակերտի շրջանի որոշ գյուղերի հարցը, մեզ համար Դադիվանքի հասանելիության հարցը:
«ՀՀ նախագահը մեզ հայտնեց, որ մոտ 235 մասնագետի հետ քննարկումներ են տեղի ունեցել, փաստաթուղթ է մշակվել, որը Հայաստանի զարգացման հայեցակարգն է, տեսլականը: Փաստաթղթի կազմմանը մասնակցած անձանց անունները չտվեց՝ ասելով՝ համբերեք, մի քանի օրերի ընթացքում կներկայացնենք հանրությանը: Սպասելիքներն ավելի կոնկրետ էին, կարող էին հայտարարություն, կոչ անել: Խոսակցություն գնաց ճգնաժամային իրավիճակի մասին, ասացի՝ գուցե այս հանդիպման արդյունքը լինի, որ հայտարարություն անեն մտավորականները, կամ նախագահն աներ մեր անունից, սակայն դա չեղավ: Եթե դա արվի՝ նշանակում է, որ, ստանդարտ լուծումներից բացի՝ ճգնաժամային իրավիճակում կարելի է փորձել ուրիշ լուծումներ գտնել»,- ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:
Արեգ Միքայելյանը փոխանցեց նաև, որ 104 հայ մտավորականներ դիմել են Ֆրանսիայի Սենատին ու ֆրանսիացի ժողովրդին՝ Արցախի անկախությունը ճանաչելու խնդրանքով: Ընդգծել են, որ կոպտորեն ոտնահարվել են վեճերի խաղաղ կարգավորման և ուժի չգործադրման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, Արցախի Հանրապետության իրավահավասարության ճանաչումը միակ ճանապարհն է ապահովելու Արցախի հայերի կյանքի իրավունքը: