«Նախագահին հարցրել եմ՝ Աստված մի արասցե, կարո՞ղ է՝ այս չարաբաստիկ փաստաթուղթն ունի նաև ինչ-որ գաղտնի մաս կամ հավելված, ասաց՝ ես տեղյակ չեմ». Աշոտ Մելքոնյանը՝ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթավերջին հանդիպել է հասարակայնության մի շարք ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, հասարակական, մշակութային գործիչների հետ:
Ավելի քան երկու ժամ տևած զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը և հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի, ծառացած բազմաթիվ դժվարությունների՝ տնտեսական, ներքաղաքական, բարոյահոգեբանական, կորոնավիրուսային, առկա ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունների մասին: Ընդգծվել է երկրում կայունության պահպանման կարևորությունը, պետական ինստիտուտների, կառույցների համակարգային կայացվածության անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել հատկապես սոցիալական ցանցերում տիրող անհանդուրժողականությանը և կեղծ լուրերի ու կեղծ օգտատերերի վտանգավոր առատությանը, ժողովրդին պառակտելու, հասարակության բևեռացվածության անթույլատրելիությանը:
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր կողմից արված առաջարկին՝ նշեց.
«Ես ասել եմ, որ մեր ժողովուրդը պետք է իմանա ճշմարտությունը, իմանա, թե ի՞նչ է կատարվել, ի՞նչ վիճակում ենք գտնվում: Ավելին, պետք է քննարկենք, թե ինչ է տեղի ունեցել, հասկանանք, թե ինչ ռեսուրսներ կան, որոնք իրականում դեռ ոչ ոքի համար պարզ չեն»:
«Կարին» համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանն էլ փոխանցեց, որ ՀՀ նախագահը լսել է ներկաների տեսակետները:
«Ես ոչ թե կոնկրետ առաջարկ եմ արել, այլ հարց եմ բարձրացրել, թե արդյոք չի՞ ենթադրվում, որ այն, ինչ հիմա կատարվել է, շատ ավելի մեծ իրադարձությունների նախաբանը չէր: Ներկաներին ավելի շատ մտահոգում էր, թե հիմա ի՞նչ պետք է անենք, վարչապետի հարցն ի՞նչ պետք է լինի: Կարծում եմ՝ շատ ավելի հեռուն նայելու խնդիր կա, և ակնհայտ է, որ ովքեր այս ամենը կազմակերպել են, իրենք էլ գիտեն, թե ե՞րբ և ի՞նչ փոփոխություն կլինի Հայաստանում, և հիմա դա, կարելի է ասել, շատ քիչ է փոփոխման ենթակա: Ինձ ավելի շատ հետաքրքիր է, չգիտեմ, գուցե խոսելու, ասելու բան չէ, կամ տեղեկացված չենք, բայց ինձ մոտ ներքին համոզմունք կա, որ սա շատ ավելի մասշտաբային իրադարձության նախաբանն էր: Իմ մտահոգությունը զուտ դրա հետ էր կապված: ՀՀ նախագահը գրեթե ոչ մեկի հարցերին չի պատասխանել, ասել է, որ փորձում է լսել բոլորի տեսակետները, որոնց արդյունքում կձևավորվի աշխատանքային քարտեզ, թե այսուհետ ինչ անել: Խոստացել է դա հրապարակել մոտ օրերս»,- նշեց Գագիկ Գինոսյանը:
Պատմաբան Աշոտ Մելքոնյանն էլ փոխանցեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է՝ մի թղթածրար է պատրաստել՝ տարբեր մասնագետների հետ խորհրդակցելուց հետո, այն, այսպես ասած՝ ճանապարհային քարտեզ է, որը կհրապարակի առաջիկա օրերին: Պարզ կլինի, թե կոնկրետ ի՞նչ գործողություններ են նախատեսվում:
«Մենք հարցեր ենք տվել նաև, ՀՀ նախագահը պատասխանել է: Օրինակ, ես հարցրել եմ, թե՝ Աստված մի արասցե, կարո՞ղ է՝ այս չարաբաստիկ փաստաթուղթն ունի նաև ինչ-որ գաղտնի մաս կամ հավելված: Ասաց՝ ես տեղյակ չեմ: Ինձ թվում է՝ առաջիկայում այդ փաստաթուղթը կհրապարակվի, կտեսնենք»,- մանրամասնեց Աշոտ Մելքոնյանը: