«Ասեք, թե ի՞նչ եք ուզում անել պատերազմի մասնակից մեր հայրենակիցների համար». ավագանու ԲՀԿ-ական անդամը՝ փոխքաղաքապետին

Այսօր Երևանի ավագանու նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը շարունակեց ելույթը, որն ավելի վաղ փոխվարչապետն ընդհատել էր, պատճառաբանելով, թե ելույթների ժամը չէ: Իսկ ավագանու ԲՀԿ-ական անդամի ելույթը վերաբերում էր պատերազմին մասնակցած Երևան քաղաքի բնակիչներին օգնություն տրամադրելուն:

«Ես շատ լավ հիշում եմ, թե 90-ականներին մեր վիրավոր ընկերները, եղբայրները, բարեկամները ինչ պատմությունների միջով անցան, մինչև ներկայիս ժամանակները: Ես ուզում էի ասել, որ  մի քանի օր շուտ պետք էր ստեղծել հանձնաժողով, ոնց որ ապրիլյան պատերազմից հետո էր,  որի անդամները գնացել էին բնակարան առ բնակարան՝ և՛ զոհված ազատամարտիկների, և՛ վիրավորների, և՛ սթրեսում գտնվող մեր քաղաքացիների, հետաքրքրվելու խնդիրների մասին, աջակցության մասին տեղեկացնելու և ընդհանուր առմամբ զորակցելու մեր բոլոր քաջ տղաներին: Մենք պետք է նիստից առաջ ստեղծեինք հանձնաժողով, ես չեմ կասկածում, չեմ էլ ուզում կասկածել, որ դուք արդեն անում եք ինչ-որ քայլեր»,- ասաց Ներսիսյանը:

Նա նշեց, որ նիստի սկզբում պետք էր 15-20 րոպե տրամադրել, տեղեկություններ հաղորդել, թե քանի վիրավոր, քանի զոհված զինծառայող ունենք, ի՞նչ է անելու Երևանի քաղաքապետարանը նրանց համար:

«Դուք պետք է մեզ տրամադրեիք այդ ինֆորմացիան, թե ի՞նչ եք պատրաստվում անել՝ գույքահարկից ենք ազատում, ֆինանսական աջակցություն ենք տրամադրում, տուն ենք տրամադրում, դրամահավաք ենք անում, որ խեղճ մարդկանց վարկերը փակենք:  Ասեք, թե ի՞նչ եք ուզում անել  մեր հայրենակիցների համար»,- ասաց Ներսիսյանը:

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հակադարձեց, որ հանձնաժողով ստեղծելու առաջարկ կարելի էր ներկայացնել ավելի վաղ, և առաջարկեց ԲՀԿ-ական ավագանու անդամին գրավոր ձևակերպել այն օգնությունը, որն իր կարծիքով՝ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կարող է տրամադրել, առաջարկը բերել ավագանու օրակարգ, դնել քվեարկության:

Տեսանյութեր

Լրահոս