«Դուք Հայաստանում տեղ չեք ունենալու, բայց դուք Հայաստանից չեք էլ փախչելու». Թեհմինա Վարդանյանը վարչապետի խոսքերով դիմեց իմքայլականներին

Այսօր Երևանի ավագանու նիստի ելույթների հատվածում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը դիմեց «Իմ քայլը» դաշինքի անդամներին:

«Սկսեմ մեր չքնաղ վարչապետի խոսքերով, որ դուք Հայաստանում տեղ չեք ունենալու, դուք Հայաստանում ասելիք չեք ունենալու, դուք Հայաստանում կողմնակիցներ չեք ունենալու, բայց դուք Հայաստանից չեք էլ փախչելու: Դուք ժողովրդի առաջ պատասխան եք տալու»,- ասաց Վարդանյանը և հիշեցրեց, որ սա հատված էր սահմանադրական բարեփոխումների («Այո»-ի և «Ոչ»-ի) քարոզարշավից:

Նա ևս մեկ անգամ նշեց, որ իր գործընկեր Դավիթ Խաժակյանի հետ պատրաստել են ուղերձ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Վարդանյանի խոսքով՝ ավելի քան 2 տարի իշխանությունները տապալել են կառավարումը բոլոր ոլորտներում, տվել են սին խոստումներ և անդադար մանիպուլյացրել են հասարակությանը, իսկ ընդդիմությունն օգտագործել է բոլոր հարթակները՝ ներկայացնելու, թե ի՞նչ է կատարվում իրականում:

«Ձեր և ձեր անէական թիմի ղեկավարի ձեռքով ժողովրդին 2.5 տարի առաջ բաժանեցիք սևերի և սպիտակների, այս դահլիճում նստած շատերդ բոլորիս բաժանեցիք սևերի և սպիտակների: Մենք դարձանք սև, դուք՝ սպիտակ: Մեզ անվանեցիք նզովյալ, մեզ վերաբերվեցիք՝ որպես նզովյալ, որովհետև ձեր հետ երկու քայլ չէինք քայլել, բայց փորձը ցույց տվեց, որ այսօր կանգնեցինք շատ լուրջ խնդրի առաջ, որի պատասխանատվությունը կրում է այս դահլիճում յուրաքանչյուրը: Դեռ ժամանակ կա, կոչ եմ անում, խնդրում եմ սթափվել և միանալ մեր պահանջին, այլապես ցանկացած պարագայում, յուրաքանչյուր ծափ տվող, սրտիկող, հեղափոխական գաղափար կրող այսօր դուրս է գալիս հողատուի կողմնակից, և եթե պատրաստվում եք մնալ՝ որպես կապիտուլյանտ վարչապետի հետնորդներ, մնացեք, քավ լիցի, եթե ոչ, ապա սթափվեք և միացեք մեր ուղերձին»,- ասաց Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս