«Օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ»․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Երեկ հայտնվեցի ինձ համար անսովոր իրավիճակում՝ համացանցային տիրույթում ակամա արժանանալով հանրային չվաստակած ուշադրության՝ կապված ինձ ԱԱԾ հրավիրած լինելու տեղեկատվության հրապարակումների հետ:

Նկատի առնելով, որ այս ընթացքում ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր, որոնց մի մասին չեմ կարողացել արձագանքել, նպատակահարմար եմ տեսնում ընդհանրացված ներկայացնել հետևյալը:

Նախ խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց զորակցությունն են փոխանցել ինձ և տեղեկացնել, որ որևէ անհանգստության պատճառ չկա: Ես գտնվում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և շարունակում եմ իմ ծառայությունը:

Հրապարակված տեղեկատվության հետ առնչված ցանկանում եմ հայտնել, որ օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հավելյալ մանրամասների չեմ ցանկանա անդրադառնալ: Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ ներկայացուցիչներն իրենք կարող են այդ մասին խոսել: ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ:

Ինչ վերաբերում է իմ դիրքորոշումներին ու համոզումներին, առնչված վարչապետի հրաժարականի հետ, դրանք մնում են նույնը:

Շարունակելու եմ ծառայել իմ Եկեղեցուն ու իմ ժողովրդին՝ ապավինելով Աստծու օրհնությանն ու զորակցությանը:

Թող Տերը օրհնի մեր երկիրը և մեր ժողովրդին:

ԱՐՇԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

24.11.2020 թ.

Տեսանյութեր

Լրահոս