«Կասկած անգամ չի եղել, որ Մանվել Գրիգորյանին «Եռաբլուրում»  հուղարկավորելու համար որևէ խնդիր կարող է առաջանալ». Փաստաբան

Երեկ հայտնի դարձավ, որ Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, «Արցախի հերոս» Մանվել Գրիգորյանը չի հուղարկավորվելու «Եռաբլուրում», այլ իր հարազատ Արշալույս գյուղի Եղբայրական գերեզմանատանը։

Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանն ասել էր, որ Մ. Գրիգորյանը ցանկություն էր հայտնել հուղարկավորվել «Եռաբլուրում»՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքին։

Այսօր 168.am-ի հետ զրույցում փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց, որ իր հետ խոսել է «Եռաբլուրի» ճարտապետ ներկայացած Ասլան Մխիթարյանը, ով ասել է, որ Վազգեն Սարգսյանի հարևանությամբ չեն կարող հուղարկավորել, քանի որ «Եռաբլուրի» ընդհանուր ճարտարապետական դիրքը կխախտվի։

«Մեր այդ խոսակցությունը ձայնագրված է։ Անկեղծ, նա անհավասարակշիռ անձնավորություն էր և ինձ հետ սկսեց գրգրռված ու բարձր տոնով խոսել։ Երբ հարցրեցի, թե ինչու է ինձ վրա գոռում, ասաց, որ իր հետ մի երիտասարդ խոսել է, չհասկացա, թե ում հետ էր, ինչ նկատի ուներ։ Ամեն դեպքում այդ մարդու շրթունքներով իշխանությունն ասաց այն, ինչ ուզում էր ասել։ Մահից հետո Մանվել Գրիգորյանի նկատմամբ  դաժան վերաբերմունքը շարունակվում է»,- նշեց Արսեն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ իրենք միայն ասել են, որ Մ. Գրիգորյանին հուղարկավորեն Վազգեն Սարգսյանի հարևանությամբ։

«Նույնիսկ այդ անհավասարակշիռ անձը, որն ինձ հետ խոսեց, առաջարկեց «Եռաբլուրում» այլ տեղ հուղարկավորել։ Մենք Կառավարությանը չենք դիմել, որովհետև դրա անհրաժեշտությունը չի եղել, կասկած անգամ չի եղել, որ Մանվել Գրիգորյանին «Եռաբլուրում»  հուղարկավորելու համար որևէ խնդիր կարող է առաջանալ։ Մանվելն ու Վազգեն Սարգսյանն իրար հարազատ են եղել, քավոր-սանիկ են եղել։ Սմբատ Այվազյանին հուղարկավորելու ժամանակ Մանվել Գրիգորյանն ասել էր, որ այնպես անեն, որ իր տեղը մնա։ Հիմա, Շուշին ու Արցախի հողերը հանձնելուց հետո, բնականաբար, այն մարդիկ, ովքեր Հայաստանում գերեզման չեն ունենալու, այսօր հերոսների գերեզմանների հետևից են ընկել»,- հավելեց Արսեն Մկրտչյանը։

168.am-ը դիմեց նաև Կառավարությանը։ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն ասաց, որ, այդ հարցով Կառավարությունը չի զբաղվում և որևէ առնչություն չունի։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մահացել է նոյեմբերի 19-ին։

Տեսանյութեր

Լրահոս