Մանվել Գրիգորյանը ցանկանում էր հուղարկավորվել Վազգեն Սարգսյանի կողքին. փաստաբան
Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, ԱԺ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի խոսքով՝ հանգուցյալ Մանվել Գրիգորյանին արտերկիր տանելու խնդիր կար, և այսօր էլ դատարանում կա դեռևս չքննված միջնորդություն։
«Այն վերջին միջնորդությունն էր՝ Մանվել Գրիգորյանին արտերկիր տանելու և բուժելու վերաբերյալ, որն այդպես էլ մնաց անպատասխան։ Գուցե, եթե ժամանակին ականջալուր լինեին մեր միջնորդություններին, հիմա այս վախճանը չունենայինք։ Բայց սա կանխատեսելի էր, նպատակը հենց սա էր՝ քրեական շինծու գործը հարուցելու առաջին օրվանից։ Փաստը մնում է փաստ, որ Մանվել Գրիգորյանի, նրա ընտանիքի հանիրավի հետապնդումների, ընկերների ոչ ճիշտ ընկալման և այլն, կարողանում էր տանել, բայց հայրենիքի կորուստը, որում ինքը մեծ ավանդ է ունեցել, վերջին քարը դա էր։ Մարդը կորոնավիրուս տարավ, բայց դրանից հետո լիարժեքորեն կազդուրվեց, ընդ որում, վարակվել էր ռազմի դաշտում՝ Շուշիում, այ վիճակում, միևնույն է, մարդն օգտակար էր լինում հայրենիքին»,- նշեց Արսեն Մկրտչյանը։
Նա նաև նշեց, որ չի կարող ասել, թե ինչ է վերջին անգամ իրեն ասել Մանվել Գրիգորյանը, շեշտելով, որ ընտանիքի անդամների հետ կհամաձայնեցնի և որոշ ժամանակ հետո գրառում կանի։
«Մանվել Գրիգորյանն ինձ բաներ է պատգամել՝ կալանավայրում գտնվելու ժամանակ, դա ընտանիքի անդամներին առանձին կհայտնեմ։ Մանվել Գրիգորյանն անչափ սիրում էր իր ընտանիքին, հայրենիքը, այն խժդժությունները, որոնք լսել եք, նրա հոգում չի եղել, նա իր հետ տարել է միայն սեր ընտանիքի, հայրենիքի, բանակի նկատմամբ»,- նշեց նա։
Հարցին՝ Մանվել Գրիգորյանը կհուղարկավորվի՞ սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքին, քանի որ նման ցանկություն էր հայտնել, փաստաբանը պատասխանեց, որ, եթե նման բան լինի, ապա դա կլինի Վազգեն Սարգսյանի սրտով։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մահացել է նոյեմբերի 19-ին։