Ի՞նչ գործ ունեն նվիրատվությունները բյուջեում. ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում Հիմնադրամը

Պատերազմի օրերին, երբ աշխարհասփյուռ հայությունը հանգանակություն էր անում Արցախին օգնելու համար, պարզվում է՝ գումարների մի մասը հայտնվել է պետական բյուջեում։ Սա արտառոց է նրանով, որ մինչև հիմա երբևէ նման բան չէր եղել։ Կարևոր չէ, թե դա ինչ նպատակով է արվել։ Խնդիրն այն է, որ մտնելով բյուջե՝ այդ գումաները դառնում են բյուջետային եկամուտ։

Ստացվում է այնպես, որ այստեղ էլ է կառավարությունը որոշել սեփական շահն առաջ տանել։ Համայն հայությունը գումարներ է հավաքում Արցախին օգնելու համար, բայց տպավորություն է, որ դրանք տրամադրում է կառավարությունը։

Զարմանալի չէ, որ այս փաստը՝ ինչպես կառավարությունը, այնպես էլ՝ Հիմնադրամը աշխատել են հնարավորինս թաքուն պահել։ Բայց, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, այն ջրի երես դուրս եկավ, ու հիմա կառավարությունը ստիպված է խոստովանել, որ Հիմնադրամի գումարների մի մասը, ինչ-որ անհասկանալի ճանապարհով, հայտնվել է բյուջեում։

Հիմնադրամում որոշել են նվիրաբերված գումարները վերանվիրաբերել կառավարությանը։ Երկար լռությունից հետո այս մասին Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Հիմնադրամի միջոցների մի մասը դեռևս ծախսված չէ։ Մի մասը նվիրաբերվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Ասեմ՝ ի՞նչ նպատակով և ո՞րն է մեր համագործակցության տրամաբանությունը Հիմնադրամի հետ։ Այս իրավիճակում, մասնավորապես, սկզբնական ընթացքում մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ անցած 40-45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվությունը որոշելը կարևորագույն հարցն էր: Եվ ըստ այդմ, առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի ծախսերը մենք որոշեցինք քննարկել միասին և իրականացնել՝ համագործակցելով, որպեսզի ծախսերը լինեն արդյունավետ»,- հայտարարեց Մհեր Գրիգորյանը:

Դեռ հարց է, թե փոխվարչապետի ասած մեկ կենտրոնի միջոցով կատարված ծախսերը որքանով են արդյունավետ, առավել ևս՝ նպատակային եղել։ Հիմնադրամը, ինչպես հավաստիացնում է Մ.Գրիգորյանը, պատրաստվում է առաջիկայում հաշվետվություն տրամադրել այդ մասին։ Բայց մինչ այդ արդեն կարծես պարզ է, թե ինչի համար են օգտագործվել այդ գումարները։

Ըստ էության, դրանց հաշվին են վճարվել Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների կենսաթոշակները։ Չնայած դա ծախս է, որը նախատեսված է բյուջեում, և բյուջեն ինքը պետք է հոգար այդ ծախսերը։ Հիմնադրամի հաշվին կարող էին ընդամենը լրացուցիչ միջոցներ հատկացնել՝ մարդկանց սոցիալական վիճակը թեթևացնելու համար։

Հավանաբար պետական բյուջեին Հիմնադրամի կատարած նվիրատվությունների հաշվին է կառավարությունը պատրաստվում նաև միանվագ ֆինանսական օժանդակություն տրամադրել Արցախի քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ օրերս կառավարությունն ընդունեց որոշում՝ միանվագ դրամական աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Աջակցության չափը յուրաքանչյուր քաղաքացու համար կկազմի նվազագույն աշխատավարձի չափով՝ 68-հազարական դրամ։

Նույն որոշմամբ՝ նախատեսվում են նաև այլ բնույթի աջակցություններ։ Ու ենթադրվում է, որ այդ ամենը արվելու է բյուջեին Հիմնադրամի նվիրաբերած գումարների հաշվին։ Բայց կառավարությունն այդ մասին, բնականաբար, չի խոսում։ Կարևորը՝ միջոցները դուրս են գալիս բյուջեից, ու դրանց հասցեատերը դառնում է կառավարությունը։

Նույնը վերաբերում է նաև առողջապահական բնույթի միջոցառումներին, որոնց մեջ հավանաբար մտնում են նաև կորոնավիրուսով վարակվածների և վիրավորների բուժսպասարկման հետ կապված ծախսերը։

Հետաքրքիր է, եթե չլինեին հանգանակություններն ու նվիրատվությունները, այդ ծախսերը ինչի՞ հաշվին պիտի կատարվեին։ Թե՞ պիտի ասեինք՝ փող չկա, ու վերջ։ Ի վերջո, սա պետություն է, որը պարտավոր էր սեփական միջոցների հաշվին լուծել Արցախից տեղահանվածների առաջին անհրաժեշտության այն խնդիրները, որոնք ծագել էին պատերազմի հետևանքով, և ոչ թե հույսը դներ հանգանակությունների վրա։ Հանգանակությունները ծախսելու շատ ավելի այլ տեղեր կային։

Թե Հիմնադրամից պետական բյուջեին ինչքան գումար է նվիրաբերվել մինչև հիմա, առայժմ գաղտնի է պահվում։ Հայտնի է սակայն, որ դրամահավաքի ընթացքում հավաքվել է գրեթե 170 մլն դոլար։

Սա լուրջ գումար է, որը կարող էր շատ ավելի արդյունավետ օգտագործվել՝ համակարգային խնդիրներ լուծելու, և ոչ թե՝ սոցիալական կամ առողջապահական ծրագրերը ֆինանսավորելու համար։ Հատկապես որ, դրանք մեծամասամբ բյուջետային ծախսեր են և պետք է կատարվեին բյուջեի միջոցների հաշվին։ Բայց քանի որ բյուջեում փող չկա, կառավարությունն ըստ էության որոշել է Հիմնադրամի միջոցներով միանգամից 2 նապաստակ խփել. մի կողմից՝ թուլացնել պատերազմի հետևանքով առաջացած բյուջեի բեռը, մյուս կողմից՝ լուծել բյուջետային եկամուտների հետ կապված խնդիրը։

Հայտնի է, որ այս տարի բյուջեն բավական մեծ ճեղքվածք ունի, ինչը ստիպեց 2 անգամ վերանայել ակնկալվող եկամուտները։ Որքան էլ տարօրինակ էր, վերջին վերանայումից հաշված օրեր հետո հայտարարվեց, որ բյուջեի եկամուտները կարող են գերակատարվել, այն էլ՝ 40 մլրդ դրամի չափով։

«Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։

Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, ինչն այնքան անհրաժեշտ է՝ մանավանդ հիմա»,- այս մասին հոկտեմբերի վերջին իր ֆեյսբուքյան էջում գրեց Նիկոլ Փաշինյանը։

Նման լավատեսության պատճառը գուցե՞ հենց Հիմնադրամի փողերն էին, որոնք նվիրատվության միջոցով հայտնվել էին բյուջեում և  կառավարության տրամադրության տակ։ Չնայած, երբ համայն հայությունը զբաղված էր դրամահավաքով, ոչ մեկը նրան չէր ասել, որ այդ գումարները տնօրինելու է ոչ թե Հիմնադրամը, այլ կառավարությունը։ Երբ պետք է պարգևավճարներ տալ՝ բյուջեում փող կա, բայց երբ մարդկանց պետք է օգնություն տրամադրվի, բյուջեում փող չկա։ Զարմանալի չէ, որ արդեն հնչում են խոսակցություններ առանձին բարերարների շրջանում ի հայտ եկած դժգոհության ու վրդովմունքի վերաբերյալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս