Բաժիններ՝

Առաջարկվում է պահպանել գերության մեջ գտնվողների պաշտոնային դրույքաչափը

Ազգային ժողովի այսօր հրավիրած արտահերթ նիստում քննարկվեց ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կողմից ներկայացված  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նշեց, որ այստեղ առկա է օրենսդրական բաց:

«Համաձայն գործող օրենսդրության այսինքն վերոնշյալ օրենքի 40-րդ և 41-րդ հոդվածներով նախատեսվում է հետևյալը՝ գերության մեջ հայտնվելու դեպքում զինվորական ծառայողը ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից և թողնվում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման մեջ: Նույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանվում են այն բոլոր հիմքերը, որոնց դեպքում զինվորական ծառայողը պահպանում է պաշտոնային դրույքաչափը՝ մնալով կադրային ստորաբաժանման մեջ: Այստեղ առկա է օրենսդրական բաց, որտեղ բացակայում են այն հիմքերը, ըստ որի` զինվորական ծառայողը գերության մեջ հայտնվելու դեպքում հնարավորություն կստանա պահպանել պաշտոնային դրույքաչափը»,- ասաց Մխիթարյանը:

Նախագծի հիմնական նպատակը ներկայացնելու համար պատգամավորը կոնկրետ օրինակ հիշատակեց.

«Պայմանագրային զինծառայողները, պահեստազորի մեր զինվորականները մարտական գործողություների, զինվորական ծառայության ընթացքում, գերեվարության մեջ հայտնվելու դեպքում, երբ այդ գերեվարության մեջ հայտնվելը հետևանք կամ պատճառ չէ ոչ իրավաչափ գործողությունների, այսինքն՝ ապացուցվում են, որ մարտական գործողությունների ընթացքում հայտնվել է գերության մեջ, և ոչ թե ինքնակամ լքել է իր դիրքը կամ զորամասը, ապա այսուհետ իրենց գերեվարության ողջ ընթացքում նրանց ընտանիքները շարունակեն ստանալ այն գումարները, որոնք ստանում էին այդ ողջ ընթացքում: Օրենսդրական բացի հետևանքով առաջանում է լրջագույն խնդիր նրանց ընտանիքների կենսագոյության հետ կապված և, ըստ մեզ, գործող օրենսդրությունը չի համապատասխանում զինվորական ծառայողի իրավական և սոցիալական երաշխիքների պահպանմանը միտված պետական քաղաքականությանը: Օրենսդրական սույն նախաձեռնության հիմնական նպատակն  է՝ պահպանել պաշտոնային դրքույքաչափը, որոնք գտնվում են գերության մեջ»:

Մխիթար Հայրապետյանը հավելեց, որ օրենքը տարածվելու է նաև այն զինծառայողների վրա, որոնք արդեն գտնվում են գերության մեջ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ քանակի մասին է խոսքը և ի՞նչ կառուցվածքի:

«Քանի՞սն են մոբիլիզացիոն ռեսուրսի տակ գտնվող զինծառայող, քանի՞սն են կամավոր և քանի՞սն են զորակոչային տարիքի զինվորներ: Եթե տվյալներ ունեք, խնդրում եմ ներկայացրեք, քանի որ առանց դրա՝ պատկերացում կազմել հետագա գործողությունները, թե ինչպես նրանք, և ինչ մեխանիզմով պետք է ապացուցեն՝ գերի ընկել են պատահաբա՞ր, թե՞ հանձնվել են՝ շատ բարդ մեխանիզմ է»:

Մխիթարյանն արձագանքելով պատգամավորին, ասաց, որ կան հստակ մեխանիզմներ, և, որ Պաշտպանության նախարարությունը դրանց տիրապետում է.

«Ինչ վերաբերում է այս պահին գերեվարության մեջ գտնվող մեր զինծառայողների թվին, ապա այս իմաստով ես հարցում արել եմ նախարարությանը, խոսել եմ նաև փոխնախարար Գաբրիել Բալայանի հետ, թեպետ պատասխանը եղել է, որ թվերը դեռ ճշգրտվում են, նայց կարծում եմ, որ փոխնախարարն առավել  հանգամանալից կներկայացնի այն հատվածը, որոնք պետական գաղտնիք չեն ներկայացնում…»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն էլ Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդ վճարումները շարունակո՞ւմ են տեղի ունենալ նաև այն ընթացքում, քանի դեռ չի բացահայտվել՝ այդ գործողությունն իրավաչա՞փ է, թե՞ ոչ, թե՞ դադարեցվում են՝ մինչև պարզվի՝ արդյո՞ք իրավաչափ են եղել, թե՞ ոչ:

«Քանի դեռ չկան քրեական գործեր առ այն, որ կասկածի տակ է դրվում նրանց գործողությունների իրավաչափ լինելը, նրանք շարունակելու են ստանալ այդ գումարները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս