Ռոման Բաբայանի հարցադրումներին Փաշինյանը պատասխանե՞լ է
Պարզվում է, Նիկոլ Փաշինյանը «տվել է» ռուսական «НТВ» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ռոման Բաբայանին հուզող հարցերի պատասխանները, պարզապես Բաբայանն «ուշադիր չի եղել»:
Տվյալ պարագայում ստացվում է՝ նաև մենք, քանի որ հարցում ենք ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ փորձելով ստանալ ռուս մեկնաբանի՝ Փաշինյանին ուղղված հարցերի պատասխանները:
«Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրապարակային ելույթներում, հայտարարություններում և հարցազրույցներում անդրադարձել է նշված հարցադրումներին»,- մեր հարցմանն ի պատասխան՝ գրավոր արձագանքել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ռուսական «НТВ» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ռոման Բաբայանն իր հաղորդման շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղել էր հետևյալ հարցերը.
1. Իսկ ճի՞շտ է արդյոք, որ Ռուսաստանի Դաշնությունը, գործնականորեն սկսած պատերազմի առաջին օրվանից, Ձեզ առաջարկել է կարգավորման տարատեսակ և շատ լավ մոդելներ: Ոչ այնպիսին, որն այս պահին է, այլ շատ լավերը, և Դուք ամեն անգամ ուշադիր լսում էիք այդ առաջարկները և հրաժարվում:
2. Պարոն Փաշինյան, ճի՞շտ է արդյոք այն, որ այս հակամարտության գործնականորեն հենց առաջին վայրկյաններից, այս պատերազմի հենց առաջին օրվանից Ձեզ օգնություն է առաջարկվել: Ու այդ օգնությունը Ձեզ տրվել է, ընդ որում, տրվել է հսկայական ծավալներով: Ճի՞շտ է արդյոք, որ հայկական ռազմական և ոչ միայն ռազմական օդանավակայաններում 10-յակներով վայրէջք էին կատարում ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները:
3. Պատասխանեք խնդրեմ, ճի՞շտ է, որ Դուք ստանում էիք այն ռազմական համակարգերը, որոնք Դուք, անձամբ Դուք խնդրում էիք: Ու Դուք դրանք ստանում էիք:
Պատասխանեք այդ հարցերին, և այդ ժամանակ մենք կհասկանանք, ունա՞կ եք Դուք պատասխան տալ այն ամենի համար, ինչ արել եք: Ի վիճակի՞ եք արդյոք պետություն ղեկավարել, և այն մարդիկ, ովքեր այսօր դեռ Ձեզ աջակցում են, միգուցե շաաա՜տ նոր բաներ իմանան:
168.am-ն այս հարցադրումները ներառելով հարցման մեջ, փորձել էր ճշտել.
1. Արդյո՞ք առաջարկվել են տարատեսակ և շատ մոդելներ, եթե այո, ապա՝ ինչ մոդելների մասին է: Երկրորդ՝ ինչո՞ւ են մերժվել, եթե դրանք շատ ավելի լավն են եղել, քան այն, ինչին գնացինք:
2. Ի՞նչ օգնություն է առաջարկվել և տրվել Ռուսաստանի կողմից, երբ հայկական ռազմական և ոչ միայն ռազմական օդանավակայաններում 10-յակներով վայրէջք են կատարել ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները:
3. Ի՞նչ սպառազինություն և ռազմական համակարգ է ՀՀ վարչապետն անձամբ խնդրել ՌԴ-ից և ստացել:
Անպատասխան մնացած առաջին հարցի համատեքստում հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր. «Որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ հասկացել ենք, որ անիմաստ է նման խնդիր ձևակերպելը: Այդ որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել, որ պայքարն այլևս իմաստ չունի, դրանից առաջ չի եղել նման իրավիճակ, և մեր բանակը, Զու ԳՇ-ն, ՊԲ-ն կռվել են մինչև վերջին վայրկյանը: Ինձ ասել են, որ պետք է հրատապ կանգնեցնել, դրանից առաջ էլ պոտենցիալի հետ կապված խնդիրներ են եղել, որոնք մենք փորձել ենք ինչ-որ ձևով լուծել:
Որն է այդ կետը, որտեղ մենք դա արձանագրել ենք: Այդ կետը Շուշիի անկումն է: Ուզում եմ, որ հանրությունն իմանա. Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի: Ես ասել եմ, որ չենք կարող Շուշին հանձնել, որովհետև Շուշին ունի առանձնահատուկ նշանակություն»:
Մինչդեռ երեկ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես է դեռ մեկ ամիս առաջ Ալիևին համոզել դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստանի համար աննշան տարածքների կորուստներով, Ադրբեջանից Շուշի փախստականների մուտք թույլատրելու պայմանով խաղաղապահների առկայության դեպքում, սակայն Փաշինյանը հրաժարվել է։
Պուտինը նաև հայտարարել է՝ Շուշի քաղաքի փոխանցման հարց երբեք դրված չի եղել, և այն ծագել է այս կոնֆլիկտի ընթացքում։
«Իսկապես, հոկտեմբերի 19-20-ին եղավ հեռախոսազրույցների շարք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ։ Այն ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը իրենց վերահսկողության տակ էին վերցրել Ղարաբաղի հարավային հատվածից աննշան հատված։ Ընդհանուր առմամբ ինձ հաջողվեց համոզել Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները, պարտադիր պայման էր նրա կողմից փախստականների վերադարձը Շուշի։ Բայց անսպասելիորեն ինձ համար հայաստանյան գործընկերների դիրքորոշումը ձևակերպվեց այնպես, որ դա իրենց համար անընդունելի է։ Փաշինյանն ուղիղ ասաց, որ դրանում Հայաստանի ու Ղարաբաղի շահերի համար սպառնալիք է տեսնում»,- մասնրամասնել է ՌԴ նախագահը։
Իսկ թե որքանով են վարչապետի հայտարարությունների, ելույթների, հարցազրույցների մեջ տրվում երկրորդ և երրորդ հարցերի պատասխանները, թե, օրինակ, ռազմատեխնիկական, սպառազինության ինչ օգնություն ենք խնդրել և ստացել, թողնենք առանց մեկնաբանության…
Հ.Գ. Հավելենք, որ Ռոման Բաբայանը ռազմական լրագրող է և շատ լավ տիրապետում է՝ ինչ պետք է հարցնել: