«ԱԺ-ի դահլիճի դռնակն ամենավերջին բանն էր, որ ձեզ պետք է հետաքրքրեր, որովհետև դուք իշխանության եկաք Ռադիոտունն ու ԵՊՀ-ն ջարդելով». Իվետա Տոնոյան

«Այստեղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները զբաղված են ամեն ինչով, բացի այդ խայտառակ փաստաթղթի քննարկման հնարավորություն ընձեռելը»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, ապա դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանին:

«Տիկին Արփի Դավոյան, Դուք ասում եք, որ ընդդիմությունը պետք է ամաչի Ազգային ժողովի դահլիճի կոտրած բռնակների համար, իսկապե՞ս, իսկ դուք ամաչո՞ւմ եք Արցախը հանձնելու համար, իսկ դուք ամաչո՞ւմ եք հարյուր-հազարավոր արցախցի ընտանիքներին անտուն ու անհայրենիք թողնելու համար, իսկ դուք ամաչո՞ւմ եք մեր հազարավոր ընտանիքների տան ճրագը մարելու համար: Դուք ո՞նց եք պատկերացնում, որ վարչապետը շարունակելու է Ալիևի հետ բանակցություններն ու քննարկումները, երբ Ալիևն ամենավերջին ձևով ստորացրեց վարչապետին և  ծիծաղի առարկա դարձրեց Հայաստանի Հանրապետության թիվ մեկ պաշտոնյային: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհի պրակտիկայում չկա նման բան, որ պարտված ու կապիտուլյացիայի ենթարկված պաշտոնյան շարունակի պաշտոնավարել»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե իբր իրենք չեն դատապարտել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ իրականացված բռնությունը, ինչի հետևանքով վերջինը տեղափոխվել էր հիվանդանոց.

«Ստահոդ տեղեկություններ եք տարածում, թե մենք չենք դատապարտել Արարատ Միրզոյանի դեմ իրականացվածը: Ստում եք, կամ տեղյակ չք, կամ ստում եք միտումնավոր, հարցրեք Արարատ Միրզոյանին, թե քանի անգամ է նրա հետ կապ հաստատվել: Բայց դուք անգամ դա չարեցիք, երբ ամիսներ առաջ՝ խորհրդարանի այս դահլիճում նստած, ձեր գործընկերների նկատմամբ էր բռնություն իրականացվում, բայց մենք այդ տեսակը չենք, մենք դատապարտել ենք, հետաքրքրվել ենք»:

Պատգամավորն անդրադարձավ նաև իշխանությունների այն հայտարարություններին, թե քաղաքացիները կոտրել են դռները և մուտք գործել ԱԺ-ի և Կառավարության շենքեր՝ հիշեցնելով 2018 թվականին տեղի ունեցածը:

«Խորհրդարանի դահլիճի դռնակի որպիսությունը ամենավերջին բանն էր, որ ձեզ պետք է հետաքրքրեր, որովհետև դուք իշխանության եկաք Ռադիոտունն ու ԵՊՀ-ն ջարդելով, բռնակներ ու դռներ վերացնելով, այնպես որ, այդ առումով բարոյական դասեր մեզ չփորձեք տալ»,- եզրափակեց Իվետա Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս