«Սա ցեղասպանությունից հետո Հայաստանի թիկունքին հասցված ամենադաժան հարվածն էր». Նաիրա Զոհրաբյան

«Այսօր այս դահլիճում կարող է և պետք է քննարկվի միայն 1 հարց՝ ռազմական դրության չեղարկում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական, այլ հարց  այս դահլիճում մենք որևէ բարոյական իրավունք չունենք քննարկելու»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նախքան այս խոսքը հնչեցնելը՝ նա դիմեց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանին:

«Հարգարժան պարոն Դանիելյան, ինչպե՞ս է ձեր աղջիկ Շուշին, հուսամ լավ է: Հարգարժան պարոն Դանիելյան, մենք ձեր աղջկա ձեռքը բռնած մի օր անպայման գնալու ենք Շուշի, ա՛յն Շուշին, որը հանձնեց ձեր  գերագույն գլխավոր հրամանատարը, ա՛յն Շուշին, որի վերաբերյալ ձեր գլխավոր գերագույն հրամանատարը հայտարարեց՝ պատերազմը կանգնեցնելու ցանկացած սցենարների դեպքում՝ Շուշին պիտի հանձնվեր առանց մարտերի: Կարծում եմ՝ ձեզանից շատերը տեսել են այն կադրերը՝ Քարինտակ գյուղից բարձրացող մեր զինվորների դիերով…»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորն ասաց, որ րոպե առաջ պետք է բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, քանի դեռ նա չի հասցրել նոր ավերածություններ անել.

«Ես երկար տարիներ աշխատել եմ «Հայկական ժամանակ»-ում, արել եմ հարցազրույցներ մարդասպանների հետ, նրանցից մեկն ինձ հետ հարցազրույցում ասաց՝ «ես աղերսում  էի, որ ինչ-որ պահի, ինչ-որ մեկն իմ ձեռքը բռնի»: Հիմա մենք պատմական առաքելություն ունենք այդ խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո՝ բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, քանի դեռ նա չի հասցրել նոր ավերածություններ անել: Բռնել նրա ձեռքը, հեռացնել նրան իշխանությունից և մենք այս դահլիճում քննարկենք, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ փորձենք փրկել պայմանագրի տակ տեղադրված այն ականները, որոնք վերաբերում են այլևս Հայաստանի անվտանգությանը, որոնք վերաբերում են Մեղրիին, որոնք վերաբերում են Հայաստանի տարածքներին, և փորձենք փրկել այն, ինչ հնարավոր է փրկել Արցախից, ինչի ռումբերը տեղադրված են այս ականների տակ»:

Պատգամավորն ընդգծեց, որ սա ցեղասպանությունից հետո Հայաստանի թիկունքին հասցված ամենադաժան հարվածն էր:

«Չի՛ կարող, պատմության մեջ չի՛ եղել, և Նիկոլ Փաշինյանը չի՛ լինելու այն բացառությունը, որ կապիտուլյացիայի, Հայաստանը թուրքի առաջ ծնկի բերած ղեկավարը մնա: Մի՛ փորձեք խեղաթյուրել մեր խոսքերը, ո՛չ ես, ո՛չ Գևորգ Գորգիսյանը արյան կոչ չենք արել: Նոյեմբերի 10-ին ասաց՝ եկեք վրեժ լուծենք, երեկ չէ առաջին օրն ասաց՝ սպասում եմ ձեզ… Մեր երկրում չի՛ լինելու քաղաքացիական պատերազմ, հայը հայի արյուն չի՛ թափելու: Ես ունեմ պատմական առաքելություն, ես ունեմ իմ մեղքը, երբ որ ես գիտեի՝ ինչպիսի մարդու հետ գործ ունենք: Այո, միգուցե վախեցա, վախեցա, որ դուք կբերեք իմ երեխայի տան դռան առաջ կդնեք այն նույն դագաղները, ինչ որ արեցիք այլ կանանց առաջ: Հիմա մենք այլընտրանք չունենք, այս ամբիոնում քննարկվելու է 1 հարց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարց, այլ հարց այս ամբիոնում չի՛ քննարկվելու»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս