«Ո՛չ իշխանություն ստանձնելը, ո՛չ իշխանության մնալը նպատակ չեն և չպետք է լինեն». Մակունց

«Ես բոլորիս հանդարտության, զգոնության և սթափության կոչ եմ անում: Մեր բոլորի՝ իշխանությունից մինչև ընդդիմություն, շարքային քաղաքացուց մինչև հանրային ծառայող և այսպես շարունակ, բոլորիս գերխընդիրը այսօր պետք է լինի կայունացումը՝ հաշվի առնելով առաջին հերթին այն հանգամանքը, որ այն հայտարարությունը, որը ստորագրվել է 3 պետությունների ղեկավարների կողմից, հայտարարություն է պատերազմի դադարի մասին: Սա շատ կարևոր է արձանագրել՝ ընկալելու, ըմբռնելու, որ ցանկացած պահի… մենք այս պահին շատ փխրուն վիճակում ենք: Եվ հետևաբար, համատեղ ուժերով պետք է փորձենք ճիշտ լուծումներ փնտրել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ո՛չ իշխանություն ստանձնելը, ո՛չ իշխանության մնալը նպատակ չեն և չպետք է լինեն: Իմ գործընկեր Համազասպ Դանիելյանը ճիշտ բան ասաց՝ մանդատ ունենալը, մանդատ պահելը շատ ծանր է, որովհետև մենք հասարակության, ժողովրդի մի մասնիկն ենք և բոլորս ծանր ապրումներ ունենք մեր գրանցած անհաջողությունից: Հետևաբար, մենք պետք է ձևակերպենք և մատնանշենք նպատակները՝ որոնք են նպատակները, ինչ խնդիր ենք դնում մեր առջև, իհարկե, չբացառելով նաև քաղաքական փոփոխություններ, և ինչպիսի՞ քաղաքական փոփոխություններ, որո՞նք են դրանք, ի՞նչն ենք ուզում փոխել»,-ասաց նա:

Մակունցը նշեց, որ որպես իշխանություն ունեն իրենց մեղքը և պատասխանատվության բաժինը՝ 2-2.5 տարվա համար.

«Եվ թերևս, որպես ազգ, ժողովուրդ, ունենք տանսյակ տարիների թերացումների և ձախողումների պատասխանատվությունը: Նման կրքեր բորբոքելով այս փուլում, երբ մեր պաշտոնյաները վարում են շատ կարևոր բանակցություններ, շատ կարևոր պրոցեսներ են տեղի ունենում Արցախի հետ կապված, նման կրքեր բորբոքելով որևէ կերպ չենք դրսևորում մեր հայրենասիրությունը և պետականամետության դիրքորոշումը: Եվ այն փոփոխությունները կամ այն ուղիները, որոնք մենք համատեղ կգտնենք, պետք է լինեն, առաջին հերթին, երկիրը ցնցումներից զերծ պահելու համար և երկրում նոր զարգացման հեռանկարն ապահովելու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է կառուցողական մթնոլորտ, որը չի կարող լինել նման հռետորաբանության և նման բառամթերքի օգտագործման պարագայում»:

Տեսանյութեր

Լրահոս