«Էդ որ ասում են՝ իշխանության են ձգտում. էս ավերած վիճակի վրա ո՞վ կձգտի իշխանության». Արմեն Ռուստամյան
«Դեռ տաք ենք, չենք էլ զգում՝ սրա հետևանքներն ինչպիսին են լինելու: Մեր պետական և ազգային ողնաշարին է մեծ հարված հասցվել: Մեր խնդիրն այն է, որ այն վիճակը, որ մենք, փաստորեն, Նիկոլից հետո ստանում ենք, կատարված փաստը, որն այսօր արձանագրվում է, գոնե կարողանանք շտկել այնպես, որ մեր ազգային շահերը հնարավոր լինի ստեղծված իրավիճակում լավագույնս պաշտպանել: Բայց դա հնարավոր չէ կատարել մի մարդու միջոցով, որն այդ շահերը ոտնահարել է, ոտքի տակ է տվել. պետք է գան մարդիկ, որոնք այս մեղքի մեջ չեն»,- Մատենադարանի մոտ մեկնարկած «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաք-երթի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը:
Հարցին` եթե արդեն կա ստորագրված փաստաթուղթ, սկսվել է խաղաղապահների տեղակայման գործընթաց, ապա այս պայմաններում ի՞նչ կարող է փոխել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց.
«Ամբողջ խնդիրը հետևյալն է, որ մենք իսկապես ունենք մի համաձայնություն, որը կատարված փաստի առաջ է բոլորիս կանգնեցրել, բայց ունենք հնարավորություն այսօր այդ դաշտում աշխատել այնպես, որ կարողանանք մեր հնարավոր առավելագույնն անել, որ մեր շահերը պաշտպանված լինեն, և դա իսկապես ապագայի անելիքների մեջ է:
Բայց դա Նիկոլը չէ, որ կարող է անել, որովհետև Նիկոլն ինքն արդեն այդ շահերը ոտնահարել է, և ուրեմն, անհրաժեշտ պայմանը, որպեսզի մենք կարողանանք լավագույնս օգտագործել մեր հնարավորությունները՝ մեր շահերը պաշտպանելու իմաստով, առաջնահերթ խնդիրը՝ այս վիճակում, դերակատար բերել ազգի, պետություն այնպիսի մի ներկայացուցիչ, որը կարողանա առավելագույնս իր ունակությունները, իր հնարավորությունները օգտագործելով՝ այս վիճակից լավագույն ելքերը գտնել»:
Արձագանքելով լրագրողների հարցին, թե ո՞վ է այդ ներկայացուցիչը, և կա՞ արդյոք անուն, ՀՅԴ անդամը նշեց. «Այսինքն, հայ ժողովրդի արգանդը չի չորացել, էլի, երբ ասում են՝ ով, մեզ փորձում ենք վիրավորել: Ի՞նչ է նշանակում՝ ով: Այդ անունները կգտնվեն անպայման:
Նախ՝ սա այս 17 կուսակցությունների խնդիրը չէ. խնդիրն այն է, որ այնքան կարևոր է այս պատմական հարցի լուծումը, որ բոլորն էլ իրենց ամբիցիաները պետք է մի կողմ դնեն և համաձայնեն կոնկրետ մի անձի շուրջ, որը կարող է համախմբել այս ազգը: Ուրիշ ճանապարհ մենք չունենք, իսկ որ կարող ենք գտնել էդպիսի անձի, ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում:
Գիտեք ինչ, նախ այդ անձը կամիկաձեի նման գալու է այս ծանր բեռի տակ մտնի, էդ էդքան հեշտ բան չի: Էդ որ ասում են՝ իշխանության են ձգտում, իշխանության են ձգտում, էս ավերած վիճակի վրա, ո՞վ կձգտի իշխանության. դուք պատկերացնո՞ւմ եք այդ մարդու պատասխանատվությունը:
Լիակատար կապիտուլյացիայի պայմաններում գա մեկը, որը այս ամբողջ բեռը վերցնի իր վրա. սա ամեն մարդու բան չի, և այնպես չի, որ այստեղ իշխանության գալու հարց է: Ասում է՝ ինչպես կառավարեմ այս ավերակների վրա»: