«ՔՊ գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել». Իվետա  Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության տարածած հայտարարությանը:

«Նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունը, որը օրեր շարունակ պատսպարված էր տարատեսակ գրասենյակների նկուղներում, ապաստարաններում, ըստ տարբեր շրջանառվող լուրերի՝ նաև Սորոսի գրասենյակում, ԱՄՆ դեսպանատան նկուղներում և այլն, ուշ երեկոյան հանդես է գալիս մի հայտարարությամբ, որտեղ ընդունում է Արցախը հանձնելու պատասխանատվությունը, Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ պատասխանատվությունը: Մինչև երեկ մենք հույս էինք հայտնում, որ «Իմ քայլը» խմբակցությունը միգուցե տեղյակ չի եղել ստորագրված խայտառակ պայմանագրի հայտարարության վերաբերյալ, սակայն, նախօրեին տարածված հայտարարությամբ՝ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, ովքեր համաձակություն կունենան ստորագրելու այս հայտարարության տակ, հավասարապես կիսում են պատասխանատվությունը՝ ստորագրված դավաճանական հայտարարության և որոշման մասով: Ես այս պահին արդեն իսկ ունեմ տեղեկատվություն, և փաստերը ձեռքիս տակ առկա են, որ ֆեյսբուքյան քոմենթների մակարդակով «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ արդեն իսկ նշում են, որ իրենք տեղյակ չեն եղել, կամ տեղյակ են եղել հայտարարության առաջին հատվածին և պատասխանատվություն չեն կրում: Ես հիմա ակնկալում եմ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերներից, որպեսզի անվանական հայտարարեն, թե ով է ստորագրել երեկ տարածված հայտարարության տակ, որպեսզի մենք հասկանանք, թե ովքեր են ԱԺ այն պատգամավորները, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ միասին հավասարապես կիսում են Արցախը հանձնելու որոշման պատասխանատվությունը: Ազգը պետք է իմանա՝ անուն առ անուն բոլոր այն մարդկանց, ովքեր ստորագրել են այս խայտառակ որոշման տակ»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը:

Նա հորդորեց իր բոլոր իշխանական գործընկերներին՝ «դուրս չգալ ժողովրդի դեմ, թողնել հումանիտար միջանցք, հնարավորություն, որպեսզի կարողանան նրանց փրկել ժողովրդի ցասումից և զայրույթից»:

Պատգամավորը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության այն  պատգամավորները, որոնք հեղինակել էին հայտարարությունը, փորձում էին մանիպուլյացիաներ անել. «Ես խորապես ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությանը թվում է, թե իրենք նման պրիմիտիվ մանիպուլյացիաներով կարող են հանրության ուշադրությունը շեղել հիմնական օրակարգից: Մենք բազմիցս խոսել ենք, որ այո, Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնումը պատերազմական իրավիճակում չի ունեցել այլընտրանք, տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հանդիսացել է Ռուսաստանը, սակայն, երբ մենք նախօրեին հայտարարել ենք, երբ սեպտեմբերի 29-ին ՌԴ-ից եկել են ազդակներ՝ կոնկրետ գործընթաց սկսելու խաղաղապահների տեղակայման վերաբերյալ, և այդ մեսիջը պարոն Մելքումյանի միջոցով փոխանցվել է ԱԺ ղեկավարությանը, մեր երկրի իշխանությունների կողմից արժանացել է բացարձակ արհամարհանքի և ընդհանրապես քննարկման առարկա չի դարձել: Ինչո՞ւ, եթե կարելի էր հարցը քննարկել դեռևս սեպտեմբերի 29-ին, չունենալ հազարավոր զոհեր, տասնյակ հազարի մոտեցող վիրավորների, անհետ կորածների, գերեվարվածների ցուցանիշ, չկորցնել այն տարածքները, որոնք այսօր այլևս մերը չեն, ինչո՞ւ  իշխանությունները չգնացին այդ քննարկումներին:

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ պետական դավաճանություն: Ես ուզում եմ, որ այս հարցի պատասխանը տան իշխանության ներկայացուցիչները, այլ ոչ թե պրիմիտիվ մանիպուլյացիաների միջոցով փորձեն արհեստական օրակարգ ձևավորել: Որևէ քաղաքական ուժ երբևէ չի հրաժարվել իր որևէ պարտավորությունից: Դա իրենք են, որ վերևից մեկ կոճակով, սուպերի մեկ զանգով ստանում են հանձնարարական վարչապետ Նիկոլ Փաշինյանից և ձևավորում են իրենց օրակարգը»:

Նա հորդորեց ուժային, իրավապահ կառույցների ներկայացուցիչներին՝ Արցախը հանձնող, հայ ժողովրդին թուրքի առջև ծնկի բերած «գերագույն գլխավոր հրամանատարի» հանձնարարականները չկատարել. «Որովհետև պատմության մեջ դուք մնալու եք՝ որպես հող հանձնողի հանձնարարությունները կատարող: Ես գիտեմ, որ այդ համակարգերում կան բազմաթիվ արժանապատիվ մարդիկ, ովքեր սկզբունքային դիրքորոշում ունեն, ես հասկանում եմ, որ ունեք վախեր, մտահոգություններ, անհանգստություններ, բայց ձեր մեջ գտեք այնքան հայրենասիրություն, որ այդ մասին բարձրաձայն արտահայտեք»:

Նա հավելեց. «Մենք ունենք հստակ տեղեկություններ, որ 17 կուսակցությունների կողմից նախատեսված գործողությունների ընթացքում սադրանքներ հրահրելու, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է իջեցված իշխանությունների կողմից: ՔՊ գրասենյակից գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իշխանությունների սրտի սիրելի օլիգարխների անվտանգության աշխատակիցներին և «Իմ քայլը» խմբակցության մի քանի համակիրների, որպեսզի կոնկրետ սադրիչ գործողություններ իրականացնեն մեր կողմից ձեռնարկվելիք միջոցառումների ընթացքում: Ես հասկանում եմ, որ զինվորականի համազգեստի պղծումը, զինվորականի արժանապատվության վրայով անցնելը Նիկոլ Փաշինյանն ապացուցել էր դեռևս հեղափոխության օրերին, երբ ֆեյք Ռոբերտ Աբաջյանի պապիկներ էին շրջանառության մեջ դրվում, ես հասկանում եմ, որ իրենց համար չկա այլևս որևէ սրբություն, բայց մի պղծեք զինվորականի արժանապատվությունն ու հեղինակությունը: Դիմում եմ այն մարդկանց, ովքեր ստացել են այդ համազգեստն ու զենքը՝ մի արեք նման բան, զենքը շուռ չտաք ժողովրդի դեմ, որովհետև ժողովրդի ցասումը լինելու է անկառավարելի և ունենալու է շատ վտանգավոր հետևանքներ: Ես, իհարկե, հասկանում եմ, որ ժողովրդին իրար դեմ հանելու գործում Նիկոլ Փաշինյանը չունի հավասար մրցակից, նրանից չունեմ սպասելիք, ունեմ սպասելիք մեր հայրենակիցներից՝ ի դեմս մեզ՝ դուք չունեք թշնամիներ»:

Տեսանյութեր

Լրահոս