«Ստեղծված իրավիճակում այլ բան որոշելու հնարավորություն ուղղակի չկար»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը քիչ առաջ թաքստոցից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հակիրճ անդրադարձավ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն ստորագրելուն՝ խոստանալով մանրամասները ներկայացնել սահմանում իրավիճակի կայունանալուց հետո: Նա մասնավորապես ասաց.

«Ստեղծված իրավիճակում այլ բան որոշելու հնարավորություն ուղղակի չկար: Ես պլանավորում եմ առավել մանրամասներ ասել, թե ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը և այս վերջին 1 ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսել մանրամասն: Ես հիմա դա անել չեմ կարող՝ մի պարզ պատճառով, որովհետև հիմա այդ ռազմական գործողությունների դադարը պրոցեսի մեջ է, և եթե ես հիմա ասեմ, ինչ -որ բաներ, ուղղակի կարող եմ վտանգել մարդկանց: Իհարկե, եթե ասեմ, ինչ-որ բաներ, կարծում եմ՝ շատերին շատ բան պարզ կլինի, բայց հիմա ուղղակի չեմ կարող դա ասել՝ մարդկանց կյանքերը չվտանգելու համար: Այսօր նրանք, ովքեր ջարդուփշուրներ են անում, նրանք հիմա թիկունքից հարվածում են դիրքերում կանգնող մեր տղաներին: Ի դեպ, ուզում եմ ասել, որ այսքան ժամանակ խոսվել է, որ բանակի և քաղաքական ղեկավարության միջև առկա չգիտեմ…այդ հայտնի շրջանակներն են ասել՝ իբր փորձում են պաշտպանել բանակից:

Հա, այսօր մի քաղաքական գործիչ կա՝ ընդդիմադիր, որն իմ հրաժարականն է նաև պահանջել, երեկ չէ առաջին օրը Շոշի դիրքերը թողել է փախել, գեներալի ուսադիրներով, այսօր եկել, ասում է՝ մենք մեր բանակի կողքը կանգնած ենք․ բա ինչո՞ւ է փախել և ես համոզված եմ, որ այսօրվա կազմակերպիչների մեջ կան նաև այդպիսի մարդիկ:

Գիտեմ, որ կան շատ մարդիկ, ում մտադրությունները ազնիվ և արդար են, գիտեմ, որ նաև կան զոհված մեր եղբայրների հարազատները: Ես ասել եմ ու ասում եմ, որ ծնկի եմ իջնում նրանց առաջ, նրանց հարազատների առաջ, մայրերի առաջ, հայրերի առաջ, քույրերի առաջ, կանանց առաջ, երեխաների առաջ:

Բայց հիմա մի նախադասություն էի ուզում ասել, այդ նախադասությունն ուղղակի հասկացա, որ պարտավոր եմ չասել այսօր, բայց ես ուրիշ բան եմ ասում, այսօր ինձ ասացին, որ այս դեբոշներ սարքողների մեջ կան օլիգարխների հանցավոր խմբեր: Դա այն մարդիկ են, ովքեր 20 տարի գողացել են զինվորից, 20 տարի գողացել են բանակից, 20 տարի հարկ չեն վճարել, այսօր եկել են ազգի ու դավաճանության մասին են խոսում, բա այդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Երևանում, Արցախի նախագահի կոչերը չե՞ն լսել, Շուշին վտանգված լինելու մասին կոչերը չե՞ն լսել, օգնելու աղաղակները չե՞ն լսել, ի՞նչ գործ ունեն այդ մարդիկ Երևանում՝ կամուֆլյաժով, մեկը կարա՞ ինձ բացատրի: Հիմա նրանք դուրս են եկել, լավ պատեհ առիթ է իրենց համար՝ իրենց թալանածը պաշտպանելո՞ւ: Այսօր գիտե՞ք՝ ինչո՞ւ են այդպես ազատ մտնում այստեղ-այնտեղ ջարդուփշուր անում, որովհետև ինչքան ոստիկան կա, ինչքան ԱԱԾ կա, ինչքան ՊՊԾ կա, բոլորը դիրքերում են, բոլորը դիրքերում են, իմ որդին էլ է դիրքերում, իմ կինն էլ է դիրքերում, իմ կինը դիրքերում է և ես հպարտ եմ դրա համար, բայց ես հասկանում եմ նաև, որ պետք է բովանդակային և մանրամասն բացատրություններ տամ: Այդ բացատրությունները ես այսօր էլ եմ պատրաստ տամ, բայց ինչո՞ւ չեմ տալիս, որովհետև այդ բառերը… Հիմա գիտեք՝ դա էլ կա՝ ինֆորմացիոն դիսոնանսի հետ կապված խնդիր կա:

Ռազմական դրության պայմաններում և պատերազմի պայմաններում ամեն ձևակերպած նախադասությունն ազդեցություն է ունենում մարտական գործողությունների վրա․ կոնկրե՛տ ազդեցություն է ունենում  մարտական գործողությունների վրա և նաև այդ դիսոնանսի պատճառը դա է: Մենք դա հասկանում ենք և հասկացել ենք, բայց դուք էլ պետք է հասկանաք, որովհետև ֆեյսբուքյան գրառումները, ամեն մարդ նախադասությունը ոնց է ձևակերպում, շատ արագ հասնում է առաջին դիրք և շատ արագ թշնամուն է հասնում, շատ արագ և դա է պատճառը, որ ես այսօր ուղղակի չեմ կարող ասել այն ամենը, ինչ-որ պիտի ասեի:

Բայց ես ուզում եմ մի բան հասկանաք, այս որոշումը կայացվել է նախ ռազմական վիճակի վերլուծության արդյունքում և այն մարդկանց գնահատականի և նրանց լսելու արդյունքում, ովքեր ամենաշատն են տիրապետում ռազմական իրավիճակին: Մենք պետք է հասկանանք մի բան, որ ըստ էության մեր փառապանծ բանակն այսօր կռվել է՝ ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի երկրոդ բանակի և Ադրբեջանի դեմ և ինչո՞ւ չենք կարողացել մենք այնպես անել, որ այսօրվա թուղթն ուրիշ բովանդակություն ունենա, որովհետև 25 տարի սեղանների շուրջ խմել ենք մեր զինվորի ու բանակի կենացը և այդ օղին, գինին, սեղանին դրված հացը, որոշ մարդկանց մասին է խոսքը, գնված է եղել գողացված փողով և մենք իմացել ենք, երկար սեղանին նստած իմացել ենք, որ գողացված փողով է գնված այդ հացը, բայց ախորժակով կերել ենք, հավեսով խմել ենք, հոտնկայս խմել ենք զինվորի կենացը: Ո՞նց ենք կերակրել զինվորին, զինվորին, կներեք արտահատությայնս համար, պահել ենք թերմացքներով, զինվորին պահել ենք 80-ականների զենքերով և մեր հույսն այն է եղել, որ գիտեք ինչ՝ բանակցային գործընթացում դե կռուտիտ կլինենք․․․ Լավ, 5 տարի կռուտիտ եղար, 6 տարի կռուտիտ եղար, 10 տարի կռուտիտ եղար, 15 տարի կռուտիտ եղար, ինչքա՞ն կարելի է կռուտիտ լինել, դրա վերջը գալիս է, ի վերջո, և երբ որ դու այդ վերջի մասին չես մտածում, և մենք բոլորս այդ վերջի մասին չենք մտածել․․․ Նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին մտածել՝ չեն մտածել, մենք էլ կողքից չենք արձանագրել, որ մենք գլորվում ենք դեպի այս օրը:

Ես իմացել եմ դա, ես իմացել եմ դա, որովհետև առաջին օրից տեղեկացել եմ բանակցային բովանդակությանը, ընդ որում՝ բանակցային բովանդակությանը մի վիճակում, որտեղ կռուտիտների բոլոր ռեսուրսներն այլևս սպառված են:

Հա, իմիջիայլոց, այսօր այդ դեբոշ անողների մեջ այդ շրջանակների ներկայացուցիչներ էլ կան, որ սպառված են և ես ի՞նչ եմ արել՝ ոչ թե գնացել և այդ բանակցային ժառանգությունը վերցրել և ասել եմ՝ ես հիմա կանեմ այդ ժառանգության արդյունքները, այլ ես փորձել եմ պատրաստվել այս օրվան, ամեն ինչ արել եմ դրա համար, ինչ հնարավոր էր անել 2.5 տարում և մեր բանակը 1 ամսից ավելի՝ 44 օր պատվով կռվում է՝ կրելով անթիվ զրկանքներ: Ես էլի եմ ասում՝ ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների առաջ, ծնկի եմ գալիս նրանց մայրերի, հայրերի, քույրերի, եղբայրների, կանանց, երեխաների առաջ: Ես նաև նրանցից ներողություն եմ խնդրում, որ մենք չենք կարողացել իրենց գործը շարունակել այնպես, իմիջիայլոց, ոչ միայն այս պատերազմի նահատակների, այլ դրանից առաջվա նահատակների առաջ, և ներողություն եմ խնդրում նրանցից, որ չենք կարողացել իրենց գործը պատշաճ մակարդակով շարունակել, բայց մենք այս որոշումը կայացրել ենք՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը և ոչ միայն ասյօրվա, այլև նրա հնարավոր շարունակությունը:

Ես խնդրում եմ բոլոր քաղաքացիներին՝ տուրք չտալ ջարդարարների խմբերին, որովհետև այնտեղ ես իմացա ովքեր են՝ հայտնի կուսակցական շրջանակներ, մարդ կա այդ կուսակցական շրջանակներից, որ հարուցված քրեական գործի շրջանակներում պետությանը 80 միլիարդ դրամի պարտավորություն ունի, դա գիտե՞ք ինչքան է, մոտավորապես 175 միլիոն դոլարի կարգի է, այսինքն՝ դա ավելին է, քան Հայաստան համահայկական հիմնադրամի հավաքած փողը, որն այս տարիներին պետք է վճարվեր բյուջե, առվազն դրա 60 տոկոսը կամ կեսը, որովհետև մնացածը տույժ -տուգանք է, որ պետք է դառնար զենք, տեխնիկա, գիտություն, ԱԹՍ և այդպես շարունակ:

Այդ մարդիկ այսօր դեբոշ են անում՝ իրենց թալանելու իրավունքը վերգտնելու համար: 2.5 տարի լցվել են, սենց ատամները կրճտացնելով, որ ո՞նց եղավ, որ մենք մեր թալանելու հնարավորությունները կորցրեցինք: Այո, ես ընդունում եմ, որ մենք 2.5 տարվա ընթացքում չենք արել այն չափի կոռուպցիոն գումարների վերադարձ, որ պետք է անեինք, որովհետև մենք փորձել ենք և փորձում ենք ամեն ինչ անել օրինական մեթոդներով: 25 տարի Հայաստանի օրենքները գրվել են այնպես, որովհետև կոռուպցիոն համակարգ է գործել, որ առաջին հերթին պաշտպանեն կոռուպցիան և կոռուպցիոն համակարգը, սա է ճշմարտությունը և ես էլի կրկին ուզում եմ ասել, ես ցավում եմ, որ շատ մանրամասն հիմա չեմ կարող այս ամեն ինչի մասին խոսել, չեմ կարող մի պարզ պատճաոռվ, որ դեռ իրավիճակը ռազմաճակատում կայուն չէ և շատ կարևոր է, որ մենք հիմա այնպես չանենք, որ վնաս տանք:

Ես հասակնում եմ՝ էմոցիաներ, այո, էմոցիաները պետք է արտահայտվեն, դուրս գան, բայց այս խոսակցությունը մանրամասն անելու ժամանակ դեռ կունենանք և ոչ մի պատասխանատու, նա, ով պատասխանատու է, պատասխանատվությունից չի փախչի, այդ թվում՝ ես, եթե պատասխանատու եմ, պատասխանատվությունից չեմ փախչի, բնականաբար:

Ես Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում չտրվել սադրանքների, ես չգիտեմ՝ ինչքանով ադեկվատ կարողացա պատասխանել հարցերին, ես գիտեմ, որ կիսատ է ասածս, նախապես ասացի, որ կիսատ է լինելու, որովհետև մանրամասներ կան, որոնք ես այսօր չեմ կարող ասել, իրավիճակը կայունանալուց հետո՝ 1 շաբաթ հետո, հնարավորություն կունենամ բոլոր հնարավոր մանրամասներով ասել, բայց ուզում եմ դուք իմանաք և վստահ լինեք մի բանում, որ ես ինքս, մեր կառավարությունը, մեր իշխանության ներկայացուցիչներն ամեն ինչ, հնարավոր ամեն ինչ արել ենք, որ մենք այսպիսի արդյունքի չհանգենք, հնարավոր ամեն ինչ։

Ինչո՞ւ դա չի ստացվել, հենց դա է ամենակարևոր խնդիրը, և հենց դրա մասին է, որ պետք  է տեղի ունենա մանրամասն խոսակցություն, որ ամբողջ կոնտեքստը պարզվի և պարզաբանվի:

Շնորհակալ եմ, որ հետևում էիք, շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատում են, շնորհակալ եմ նրանց, ովքեր չեն հավատում, բայց ես ընդամենը մի ակնկալիք ունեմ, որ նրանք կլսեն և հետևություններ կանեն դրա արդյունքում:

Հա, այսօր մենք մարզպետների ջոկատներ ունենք, որ դիրքերում կանգնած են, ընդ որում՝ ջերմության մեջ մի մասը, գիտե՞ք՝ ինչո՞ւ են իրենք ջերմության մեջ կանգնած, կորոնավիրուսով հիվանդ, թոքաբորբով և այլն, որովհետև այսօր դեբոշ անող որոշ մարդիկ չեն գնում և չեն գնացել իրենց դիրքում փոխարինելու, որովհետև մարդ ինչքան կարող է կանգնել՝ 10 օր, 15 օր, բայց դրան կարգ և ձև կա, չէ՞, սրանում է ամբողջ խնդիրը:

Այսքանը այսօր, հնարավոր է  մի քիչ հետո էլի ուղիղ եթեր մտնեմ, եթե նոր բան կունենամ ասելու կամ՝ իրավիճակից բխող: Բոլոր կազմակերպիչներն այսօրվա հանցագործությունների ենթարկվելու են խստագույն պատասխանատվության, սրանում չկասկածեք…

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և ծառայում եմ բոլորիդ, չկասկածե՛ք, որ այս ընթացքում, որևէ վայրկյան, որևէ ակնթարթ, որևէ գործողություն արվել է ի հակադրություն ձեր նկատմամբ իմ ունեցած ծառայական պարտավարությունների և ես դա, իհարկե, կապացուցեմ, մնացածը դուք կորոշեք, կորոշեք՝ ապացուցեցի՞, թե՞ չապացուցեցի»:

 

Տեսանյութեր

Լրահոս