«Ունենք հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ, և դա այն ձևաչափն է, որտեղ այդ հարցերը պետք է բարձրացվեն». Անի Սամսոնյանը՝ վարչապետին դիմելու մասին

Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ արդեն երկրորդ կոչն են ուղղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առ այն, որ անհրաժեշտ է անցկացնել փակ քննարկում՝ Անվտանգության խորհրդի ձևաչափով։

«Մեր նախորդ կոչից հետո նման հանդիպում չկայացավ, հիմա մենք կրկին դիմել ենք, որովհետև ունենք հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ, և դա այն ձևաչափն է, որտեղ այդ հարցերը պետք է բարձրացվեն։ Հետևաբար՝ այն, որ նիստը չի կայացել, դրանից մեր առաջարկը ո՛չ նահանջում է, ո՛չ էլ չեղարկվում։ Այսինքն՝ մենք տեսնում ենք դրա անհրաժեշտությունը, ուստի ցանկալի կլինի, որպեսզի այդ նիստը կայանա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անի Սամսոնյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի խոսնակի այն հայտարարությանը, որ նման ձրաչափով հանդիպում արդեն կայացել է, որին մասնակցել է նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը պատասխանեց, որ, եթե տեսնեն՝ այդ հանդիպումը երբ է տեղի ունեցել, կհասկանան, որ հանդիպումից անցել են շաբաթներ, իսկ ռազմաճակատում զարգացումները րոպե առ րոպե փոխվում են։

«Խորհրդարանն այն մարմինն է, որն իրավունք ունի ստանալու այնպիսի տեղեկատվություն, որը պարունակում է  ռազմավարական և մարտավարական բաղադրիչ, և դրանք այն հարցերն են, որոնք հրապարակային քննարկման չեն։ Մենք որպես պատգամավորներ՝ իրավունք ունենք ծանոթանալու գաղտնիք պարունակող տեղեկատվության, հետևաբար՝ նաև ծանոթանալու, թե ինչպիսի աշխատանքներ են այս պահին տարվում դիվանագիտական ճակատում և ինչպիսի իրադրություն է այս պահին ռազմաճակատում։ Եթե մեզանից պահանջում են միասնականություն, ինչը մենք բոլոր ձևերով ցուցաբերում ենք, մենք էլ փորձում ենք այդ միասնականության համար ձեռք բերել այնպիսի տեղեկատվություն, որպեսզի ավելի ռեալ գնահատենք իրավիճակը»,- հավելեց Անի Սամսոնյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն այսօր կրկին դիմել  են վարչապետին՝ հրատապ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու խնդրով։

Տեսանյութեր

Լրահոս