
Մխիթարյանն իր առաջին հեթ-տրիկը «Ռոմա»-ի կազմում նվիրել է հայ ազգին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հեթ-տրիկը «Ռոմա»-ի կազմում նվիրել է հայ ազգին:
«Իմ ազգի համար, իմ «Ռոմա»-ի համար»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:
Ավելի վաղ հայ կիսապաշտպանը ճանաչվել է «Ջենոա»-«Ռոմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Ջենոա»-ի դեմ: Հայ կիսապաշտպանն իրեն ընձեռնված առիթն օգտագործեց առաջին կեսի ավելացված րոպեին` գլխով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Երկրորդ կեսի մեկնարկում «Ջենոա»ն վերականգնեց հաշվի հավասարությունը: Սակայն նույն Մխիթարյանը 66-րդ րոպեին կրկին գրավեց «Ջենոա»-ի դարպասը` դառնալով դուբլի հեղինակ: Չբավարարվելով ձեռքբերածով Մխիթարյանը դարձավ հեթ-տրիկ հեղինակ` աչքի ընկնելով 85-րդ րոպեին: «Ջենոա»-«Ռոմա»` 1:3: