
Լևոն Արոնյանն ու Մանուել Պետրոսյանը միաժամանակյա խաղի սեանս են անցկացնում` «Մատ տեռորին» խորագրով

Գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը Հայաստանից և Արցախից ընտրված 20 երեխաների հետ միաժամանակյա խաղի սեանս են անցկացնում` «Մատ տեռորին» խորագրով: Շառլ Ազնավուրի հրապարակում կազմակերպված բարեգործական միջոցառման ընթացքում հավաքված ողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները» խորագրով դրամահավաքին:
«Մենք պետք է ահաբեկչության դեմ պայքարենք: Մենք այսօր ամենաառաջինն ենք այդ պայքարում, որովհետև մեր դեմ կռվում են անմարդկային ու դաժան, դժոխային ուժեր, որոնք փորձում են մեզ հաղթել: Մենք ամեն ինչով պետք է դրա դեմ պայքարենք: Այս պատերազմը նաև մշակութային պատերազմ է, և ամեն Անդրանիկի կողքին պետք է ունենանք Կոմիտաս, ամեն Նժդեհի կողքին պետք է ունենանք Տիգրան Պետրոսյան, Արամ Խաչատրյան, Մինաս Ավետիսյան: Բոլորս պետք է մեր բնագավառում և ամեն տեղ լինենք լավագույնը: Համոզված եմ, որ չարին մենք կհաղթենք»,- ասաց Արոնյանը:
Շախմատային պարտիաներին զուգահեռ, բարեգործական նպատակներով իրականացվում է նաև Արոնյանի մայրիկի՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորագրումն ու վաճառքը:
Միջոցառումը մեկնարկեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ցանցի կողմից սանձազերծված պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ:
Նորայր Շողիկյան