Բաժիններ՝

Աստվածաշնչից մեզ հայտնի ճշմարտություն է՝ պատերազմը չարիք է, պատերազմ հրահրողները՝ չարի գործակիցներ

Աստվածաշնչից մեզ հայտնի ճշմարտություն է՝ պատերազմը չարիք է, պատերազմ հրահրողները՝ չարի գործակիցներ: Այս տեսակետը կարող է թյուրըմբռնումների պատճառ դառնալ և մեկնաբանվել, իբրև թե բոլոր պատերազմ մղողներն են ծառայում չարին:

Այն հիմնավորվում է որոշ խաղաղարարների կողմից այնպես, կարծես թե իսկապես հայրենիքի սուրբ պաշտպանությունը մեղք է, քանի որ կատարվում է պատերազմի միջոցով: Մի պահ մտածենք, սակայն, ինչո՞վ կպսակվի հայտարարված պատերազմին ձևական խաղաղության կոչերով պատասխանելը: Բարդ չէ հասկանալը և վերլուծական մեծ միտք չի պահանջվում հասկանալու համար պատերազմական իրավիճակում խաղաղության կոչերի մեկնաբանությունը թշնամու կողմից: Մեզ լավագույն դեպքում կանվանեն վախկոտներ և կսկսեն ոչնչացնել մեզ, ցեղասպանել՝ հարթելով ճանապարհ դեպի իրենց նպատակները:

Պատերազմ սկսելն, այո՛, չարիք է, սակայն պետք չէ հանձնվել, խեղճանալ պատերազմում, երբ այն արդեն հայտարարել են քո դեմ, պատրաստվում են սպանել, ոչնչացնել քեզ, քո տեսակը: Քանի որ ով չի արգելում չարին գործել, ինքն է դառնում չարի գործակիցը: Եվ անհրաժեշտությունից դրդված մղվող պատերազմն այլ բան չէ, քան սրբազան մի գործ և առաքելություն:

Մեր սահմաններն հսկող և անառիկ պահող քաջերն այսօր կատարում են այս սրբազան առաքելությունը: Նրանք չեն վախենում ոչնչից, ապավինում են Քրիստոսին՝ Փրկչին իրենց համար օրինակ ունենալով: Նրանցից յուրաքանչյուրն այսօր պատրաստ է զոհասեղանին դնել իր համար ամենակարևորը՝ կյանքը՝ Հայրենիքի պաշտպանության համար: Զինվորները, թողնելով բոլոր կիսատ թողած գործերը, մեկնել են ի գործ, որ Հայրենիքի պաշտպանությունն է, և վճռում են մեր ապագան: Հերթը նաև մերն է: Յուրաքանչյուրս մեր գործը ծառայեցնենք ի շահ Հայրենիքի․ չէ՞ որ մենք էլ պիտի անմասն չմնանք, կատարենք մեր սրբազան պարտքը:

Հիմա Հայրենիքի սիրո մասին նախկինում ասված խոսքեր ու տրված խոստումներն իրականացնելու ճիշտ ժամանակն է. ի գո՛րծ:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս