«Ասեցի՝ ես գնում եմ քեզ պաշտպանեմ. Գնում եմ, չէ՞: Մամաս ասեց՝ հա». Անժելա Դայան

Անժելա Դայանը մեկն է այն հայուհիներից, ով շտապել է կամավորագրվել կանանց առաջին՝ «Սոսե» վաշտին:

Մերօրյա Սոսեները Պաշտպանության Նախարարության վերահսկողության ներքո տասն օր մասնակցել են զորավարժությունների, որպեսզի առաջին իսկ կանչով մեկնեն ռազմաճակատ:

«Անընդհատ տարբերակներ էի փնտրում՝ ինչպես միանալ որևէ ջոկատի: Սակայն, ինչպես գիտեք՝ աղջիկներին չեն տանում:  Ի դեպ, դրան որոշ առումով կողմ եմ, քանի որ, երբ արդեն կամավորագրվեցի, մասնակցեցի զորավարժություններին, հասկացա՝ որքանով էլ որոշ չափով տիրապետում եմ որոշակի հմտությունների՝ ամեն դեպքում, շատ քիչ էր, որպեսզի մեկնենք առաջնագիծ: Դրա համար պետք է լավ պատրաստվել, գիտակցել՝ ուր ես գնում, պետք է կարողանալ զգացմունքայնությունը մոռանալ, հասկանալ, որ, եթե անգամ մեկ վայրկյան չկարողանաս քեզ կառավարել, հնարավոր է՝ դա քո կամ մարտական ընկերոջդ կյանքն արժենա»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է Անժելա Դայանը:

Ընտանիքում ինչպե՞ս վերաբերվեցին կամավորագրվելու  Ձեր որոշմանը. Այս  հարցին ի պատասխան՝ Անժելան ժպիտով հիշում է տատիկի արձագանքը, մայրիկի  հուզմունքը. «Ես ապրում եմ մայրիկիս ու տատիկիս հետ: Տատիկս հնչեցրեց սարսափելի նախադասություն՝ ինձ կթաղես, նոր կգնաս: Բնականաբար, չեմ թաղելու (ծիծաղում է.- Զ.Դ.), ամեն ինչ լավ է լինելու:

Իսկ մայրիկս փորձեց ուղղակի, կասկածելով ասել՝ կարող է՞ չգնաս: Ես ուղղակի բացատրեցի-ասեցի՝ ես գնում եմ քեզ պաշտպանեմ. Գնում եմ, չէ՞: Մամաս ասեց՝ հա»:

Մինչև կամավորագրվելն Անժելան թիկունքում է աջակցել զինվորներին.  Իր նախաձեռնությամբ հայ զինվորի համար գուլպաներ, գլխարկներ են գործել խմբով:

Կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնի նախկին ուսանողուհին պատերազմի առաջին օրերին նաև երգ է նվիրել զինվորներին՝ խնդրանքով, որ բոլոր զինվորները տուն գան ու հասցնեն հայրանալ:

Տեսանյութեր

Լրահոս