«Սա ցույց է տալիս ոչ միայն այն, որ Լավրովը ճիշտ է, այլև Ադրբեջանի պահվածքը Ռուսաստանի նկատմամբ. չի բացառվում, որ Թուրքիան կանգնած լինի դրա հետևում». Դավիթ Բաբայան

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 3-ին «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ  Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը մոտենում է 2000-ի։

«Մեզ, իհարկե, անհանգստացնում է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին՝ օգտագործել իրենց հնարավորությունները վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվը, առկա տեղեկությունների համաձայն, հակամարտության գոտում արդեն մոտենում է 2000-ի»,- ասել էր Սերգեյ Լավրովը։

Այս հայտարարությունից հետո Ադրբեջանի նախագահը մեկնաբանել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը՝ ասելով, որ անկեղծորեն ափսոսում է, որ «այն երկրների բաձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոքություն պահպանեն ու գործեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում, օգտագործում են իրենց հաստատումը չգտած ինֆորմացիան»:

Նա ընդգծել էր նաև, որ Ադրբեջանը չունի վարձկաններ, և, որ ոչ մի ապացույց չկա, որ Ադրբեջանի կողմից կռվում է որևէ արտասահմանցի զինյալ:

Ալիևի այս բնորոշումից հետո Ռուսաստանի արտաքին գերատեսչությունում նոյեմբերի 6-ին  tass.ru-ի աղբյուրը նշել էր, որ Մոսկվան միշտ էլ առավելագույնս զուսպ ու կոռեկտ է մոտեցել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում միջնորդի իր դերին:

«Ռուսաստանի համար անհասկանալի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էմոցիոնալ արձագանքը ՌԴ արտաքին գործերի (ԱԳՆ) նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին՝ Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների տեղակայման վերաբերյալ»,- նշել էր աղբյուրը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում նկատում է լարվածություն, քանի որ ՌԴ արտգործնախարարը հայտարարել է այն, ինչը փաստ է։

«Մենք տեսնում ենք, թե այս հայտարարությունն Ադրբեջանում  ինչպիսի հիստերիկ  հարձակման է արժանացել Ալիևի կողմից, սա ցույց է տալիս ոչ միայն այն, որ Լավրովը ճիշտ է ասում և փաստեր ներկայացնում, այլև Ադրբեջանի պահվածքը Ռուսաստանի նկատմամբ։ Սա վառ կերպով արտահայտվում է, և չի բացառվում, որ Թուրքիան կանգնած լինի նման հայտարարությունների հետևում։ Ակնհայտ է, որ պատերազմը ոչ միայն Արցախի ու հայության դեմ է, այլև մի շարք երկրների, այդ թվում՝ քաղաքակիրթ աշխարհի։ Ահաբեկիչները դեռևս որևէ մեկին լավ բան չեն բերել, ո՞վ է Եվրոպայում ահաբեկչություն հրահրում՝ Էրդողանը, ո՞վ է ահաբեկիչներին բերում այստեղ՝ Ալիևն ու Էրդողանը։ Ինչպես կարող է այս հարցում Ռուսաստանը չեզոք մնալ և հանդես գալ պարզապես դիտորդի դերում։ Եթե այստեղ թուրք-ադրբեջանական ահաբեկչական խմբավորումները հասնեն իրենց նպատակներին, միշտ ենք ասել, որ հաջորդ ճակատամարտը տեղի է ունենալու Կուլիկովյան դաշտում»,- շեշտեց նա։

Հարցին՝ կարծիքներ են հնչում, որ հարևան Իրանն ու Ռուսաստանը պետք է բացահայտ հակաահաբեկչական պայքար սկսեն Արցախում, քանի որ ահաբեկչությունը սպառնում է տարածաշրջանին, առաջին հերթին՝ Ռուսաստանին և Իրանին, արդյո՞ք ՌԴ-ն և Իրանը պետք է գնան նման քայլի, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ այդ ամենը ժամանակը ցույց կտա։

«Չի բացառվում, որ ինչ-որ միջամտություն լինի։ Իրանը հստակ հայտարարել է, որ եթե ինչ-որ ահաբեկիչ նույնիսկ իր սահմաններին մոտենա, ապա ուժգին հարված է լինելու։ Ռուսաստանը նույնպես մտահոգված է, դրա համար են Սիրիայում հարվածում, որպեսզի չգան Կովկաս։ Պարզ է, չէ՞, որ ահաբեկիչները եկել են ոչ միայն Արցախ, այլև Ռուսաստան ներթափանցելու նպատակ ունեն։ Սրա մասին է ասում Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, Արտգործնախարարությունը, նախագահը, Ֆրանսիայի, Սիրիայի նախագահները, գերի ընկած ահաբեկիչներ կան, որոնք պատմում են, էլ ի՞նչ ապացույց է անհրաժեշտ։ Էրդողանը Սիրիայում տներ է կառուցում, դրանք կոչվում են «Էրդողանի տներ», երբ համապատասխան պայմանագիր է ստորագրում, այնտեղ նշված է, որ պետք է գնալ ու Արցախում կռվել։ Թուրքերը Սիրիայի և Թուրքիայի սահմանամերձ բավականին մեծ տարածքի քրդերին հանել են և նրանց փոխարեն բերել են արաբներին և նրանց համար տներ են կառուցում։ Հիմա, եթե այդ վարձկանները չգան Արցախ կռվելու, Էրդողանը նրանց ձեռքից տները կվերցնի, այսպիսի սխեմա  է գործում»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս