Ռուսաստանի համար հասկանալի չէ Ալիևի հուզական արձագանքը. TASS

Ռուսական արտաքին գերատեսչությունում tass.ru-ի աղբյուրը նշել է, որ Մոսկվան միշտ էլ առավելագույնս զուսպ ու կոռեկտ է մոտեցել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում միջնորդի իր դերին:

Ռուսաստանի համար անհասկանալի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էմոցիոնալ արձագանքը ՌԴ արտաքին գործերի (ԱԳՆ) նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին՝ Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների տեղակայման վերաբերյալ:

Այս մասին հինգշաբթի օրը tass.ru-ին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ում գտնվող իր աղբյուրը:

Նա ասել է, որ իրենց համար այնքան էլ հասկանալի չէ Ալիևի նմաօրինակ արձագանքը:

«Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ուրիշ նյութեր են ցույց տվել կամ ներկայացրել են իրենց մեկնաբանությունը»,- ասել է կայքի աղբյուրը:

Վերջինս հիշեցրել է «Կոմերսանտին» տված Լավրովի՝ նոյեմբերի 3-ի հարցազրույցի  ճշգրիտ մեջբերումը:

«Մեզ, իհարկե, անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ինետրանցիոնալիզացիան և Մերձավոր Արևելքից վարձկանների ներգրավումը: Մենք բազմիցս արտաքին խաղացողներին կոչ ենք արել իրենց հնարավորությունները գործադրել՝ կանխելու համար վարձկանների տեղափոխությունը կոնֆլիկտի գոտի, որոնց թիվն այնտեղ, եղած տվյալներով, մոտենում է 2000-ին: Այս թեման մասնավորապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից շոշափվել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հոկտեմբերի 27-ին, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի հետ ղեկավարների հետ կանոնավոր շփումների ժամանակ: Համառորեն շարունակում ենք մեր դիրքորոշումն առաջ քաշել զանազան խողովակներով»,-ասել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը:

ՏԱՍՍ-ի զրուցակիցը նշել է, որ, ինչպես նկատելի է, ոչ Ադրբեջանի, ոչ էլ որևէ այլ երկրի հասցեին հանդիմանություն Լավրովի խոսքում չկա:

«Խոսքը գնում է մեր ծայրահեղ անհանգստության մասին Ռուսաստանի հետ անմիջական հարևանությամբ գտնվող Անդրկովկասի գոտում վարձկան-գրոհայինների հայտնվելու փաստով: Այս առնչությամբ մեր ադրբեջանցի ընկերներին կխնդրեինք առավել ուշադիր լինել սկզբնաղբյուրների հետ ծանոթանալիս»,-նշել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:

Գործակալության զրուցակիցը նկատել է, որ թեև Մոսկվան միշտ է առավելագույն կոռեկտ մոտեցել միջնորդի իր դերին և հայտնել կոնֆլիկտի լուծման քաղաքական-դիվանագիտական կարգավաորմանը հավատարիմ մնալու իր համոզմունքի մասին, սակայն միևնույն ժամանակ պնդում է, որ Անդրկովկաս վարձկան-գրոհայինների մուտքը սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների կայունությանն ու անվտանգությանը, ներառյալ՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը:

Հիշեցնենք, որ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը վարձկանների թվի վերաբերյալ, Ալիևն ասել է, որ անկեղծորեն ափսոսում է, որ «այն երկրների բաձրաստիճան պաշտոնյաները, ովքեր պետք է չեզոքություն պահպանեն ու գործեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում, օգտագործում են իրենց հաստատումը չգտած ինֆորմացիա»:

Նա ընդգծել է նաև, որ Ադրբեջանը չունի վարձկաններ, և որ ոչ մի ապացույց չկա, որ Ադրբեջանի կողմից կռվում է որևէ արտասահմանցի զինյալ:

Հիշեցնենք, որ հայկական կողմը գերեվարել է 2 սիրիացի վարձկանների, որոնք արդեն ձերբակալվել և ցուցմունքներ են տվել:

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը:

Տեսանյութեր

Լրահոս