Ինչ կմնա բյուջեից

Ազգային ժողովի հանձնաժողովներում սկսվել են հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Դրանք տեղի են ունենում այնպիսի պայմաններում, երբ հայտնի չէ, թե ինչ է սպասվում վաղը։ Անորոշություններն ու ռիսկերը չափազանց բարձր են։ Զարմանալի չէ, որ քննարկվող փաստաթուղթը ներկայացվելուց կարճ ժամանակ հետո արդեն հասցրել է հնանալ։

Այն, ինչ առաջարկել է կառավարությունը 1 ամիս առաջ, ենթակա է բավական լուրջ փոփոխությունների, այդ թվում՝ նաև հիմնական ցուցանիշների առումով։

Ընդամենը 1 ամիս առաջ կառավարությունն ակնկալում էր, որ Հայաստանի հաջորդ տարվա ՀՆԱ-ն կկազմի 6 տրիլիոն 720 մլրդ դրամ։ Այսօր արդեն համարվում է, որ դա իրատեսական չէ։ ՀՆԱ-ն ավելի փոքր կլինի, քան ներկայացված է 2021թ. պետական բյուջեի նախագծով։ Այն կկազմի ոչ թե 6 տրիլիոն 720 միլիարդ, ինչպես կանխատեսվում էր 1 ամիս առաջ, այլ 6 տրիլիոն 598 մլրդ դրամ։ Այսինքն՝ 122 միլիարդով ավելի քիչ։

Նվազումը կապված է այս տարվա սպասելիքների հետ։ Տնտեսական անկման խորացման հետևանքով այս տարվա ՀՆԱ-ն կլինի 6 տրիլիոն 175 մլրդ դրամ։ Ընդամենը 1 ամիս առաջ ակնկալիքը 65 միլիարդով ավելի բարձր էր։

Եթե իրականանա այն, ինչ կանխատեսում է կառավարությունը, ապա կստացվի, որ 2020թ. ՀՆԱ-ն գրեթե 900 միլիարդով պակաս կլինի  պետական բյուջեով հաստատված ցուցանիշից։

Համեմատության համար ասենք, որ 2018թ. Հայաստանի ՀՆԱ-ն 6 տրիլիոն 17 մլրդ դրամ էր։

Սպասվում է, որ 2 տարվա ընթացքում այն կավելանա ընդամենը 158 մլրդ դրամով կամ 2,6 տոկոսով։

Երկու տարում ՀՆԱ 2,6 տոկոս աճը չափազանց համեստ ցուցանիշ է։ Այն ոչ մի կերպ չի տեղավորվում եղած ակնկալիքների շրջանակներում, որոնք ձևավորվել էին իշխանափոխությունից հետո։ Կառավարության ծրագրով ամրագրված է, որ առաջիկա 5 տարիներին միջին տարեկան աճը կկազմի 5 տոկոս։ Երկու տարվա արդյունքներով սպասվում է, որ այն կլինի հազիվ 2,6 տոկոս։

Հաջորդ տարվա տնտեսական աճի ակնկալիքները ևս ցածր են 5 տոկոսից։

2021թ. պետական բյուջեի նախագծում դրվել է աճի 4,8 տոկոս ցուցանիշ։ Սակայն Ազգային ժողովում սկսված քննարկումների առաջին օրը Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ դա արդեն վերանայման կարիք ունի։ Սպասվում է ոչ 4,8, այլ 4,6 տոկոս տնտեսական աճ։

Թեև միջազգային ֆինանսական կազմակերպությունները, մասնավորապես՝ Արժույթի Միջազգային Հիմնադրամը, նույնիսկ դրան համաձայն չէ։ ԱՄՀ-ն աճի ավելի ցածր կանխատեսում ունի 2021թ. համար։ Վերջինս համարում է, որ տնտեսության վերականգնումն ավելի դանդաղ և ավելի ուշ կլինի։

Հիմա, իհարկե, ժամանակը չէ ասելու, թե ում կանխատեսումն է ավելի մոտ իրականությանը։ Մարտահրավերներն ու անորոշությունները, որոնք այսօր կանգնած են մեր երկրի ու տնտեսության առաջ, թույլ չեն տալիս հեռուն գնացող դատողություններ անել։ Մի բան պարզ է, որ հաջորդ տարի մեզ բարդ ու լարված տարի է սպասվում։ Այդ թվում՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ պետական բյուջեի առումով։

Հաշվի առնելով առկա իրողությունները՝ 2021թ. բյուջեի եկամտային ակնկալիքները ևս ցածր կլինեն։ Բյուջեի նախագծում դրվել է 1 տրիլիոն 569 մլրդ դրամի ցուցանիշ։ Բայց այն, ըստ ամենայնի, կվերանայվի՝ կապված ՀՆԱ վերանայման հետ։

Սպասվում է համախառն ներքին արդյունքի ավելի ցածր մակարդակ, ու դա ազդելու է տնտեսության մեջ գոյացող հարկային եկամուտների վրա։ Առավել ևս, որ այս ոլորտում նախորդ 2 տարվա կտրվածքով բարելավումներ ընդհանրապես չեն սպասվում. կանխատեսվում է, որ հարկերը կկազմեն ՀՆԱ 22,3 տոկոսը։ Այնքան, ինչքան եղել է 2019թ.։

Բյուջեի եկամուտների հիմնական աղբյուրը հարկերն են ու պետական տուրքերը։ Ակնկալվում է, որ դրանք կկազմեն 1 տրիլիոն 500 մլրդ դրամ։ Եթե հաջողվի այն ամբողջությամբ կատարել, ապա կստացվի, որ 2019թ. համեմատ 2021թ. բյուջեի հարկային եկամուտներն ու պետտուրքերն ավելի կլինեն ընդամենը 36 մլրդ դրամով։ 2 տարում աճը կկազմի 2,4 տոկոս։

Հարկային եկամուտների կառավարության այս տարվա կանխատեսումը, որը դրված է հաջորդ տարվա բյուջեի նախագծում, 1 տրիլիոն 320 միլիարդ է։ Չնայած ենթադրվում է, որ այդ ցուցանիշը գերազանցելու հավանականություն կա։ Խոսքը 1 ամիս առաջ ճշգրտված պլանի համեմատ շուրջ 40 մլրդ դրամով ավելի հավաքելու մասին է։ Նախորդ տարվա փաստացի կատարողականը 1 տրիլիոն 464 մլրդ դրամ էր։

Դա նշանակում է, որ նույնիսկ լավագույն սցենարի դեպքում ունենալու ենք նախորդ տարվանից առնվազն 100 մլրդ դրամով պակաս հարկային մուտքեր։

Բյուջեում առաջացած եկամտային խնդիրների լրացման աղբյուրները, բնականաբար, ներքին ու արտաքին միջոցներ են՝ դեֆիցիտի համալրման տեսքով։ Այս և հաջորդ, գուցե նաև հետագա 1-2 տարիներին, ունենալու ենք բյուջեի բավական մեծ դեֆիցիտ։ Այն համալրելու ու նախատեսված ծախսերը կատարելու համար ստիպված ենք ավելացնել պետական պարտքը։

Արդեն այս տարի սպասվում է, որ կառավարության պարտքը կհասնի ՀՆԱ 65 տոկոսին։ Հաջորդ տարվա համար կանխատեսվում է, որ այս տարբերությունը մի փոքր կնվազի՝ կազմելով ՀՆԱ 63,2 տոկոսը։ Բայց դա չի նշանակում, որ տեղի կունենա պարտքի նվազում։ Պարտքն անվանական արժեքով կշարունակի ավելանալ։ Իսկ հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի՝ պայմանավորված սպասվող համախառն ներքին արդյունքի որոշակի աճով։

Հաջորդ տարվա համար կառավարությունը մտադիր է կատարել 1 տրիլիոն 843 մլրդ դրամի ծախս։ Հիմնական մասն ընթացիկ ծախսերն են։ Ընթացիկ ծախսերում չի նախատեսվում՝ ինչպես աշխատավարձերի, այնպես էլ՝ կենսաթոշակների ու նպաստների ավելացում։ Փոխարենը՝ կշարունակվի պարգևավճարների վճարումը։

Բյուջեի պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ տողում կառավարությունը 2021թ. համար պլանավորել է 18 մլրդ 825 մլն դրամ։

Այնպես չէ, որ սա նոր բան է բյուջեի համար։ Այն կար նաև նախկինում։

Մասնավորապես այս տարի պարգևատրումների հոդվածով նախատեսված էր 15 մլրդ 465 միլիոն, իսկ 2019թ.՝ 13 մլրդ 473 մլն դրամ։ Չհաշված հարկային և մաքսային համակարգի պարգևավճարները, որոնք անցած տարի կազմել էին 4 մլրդ 166 միլիոն, այս տարի կկազմեն 2 մլրդ 548 մլն դրամ։

Հաջորդ տարվա բյուջեի նախագծում կառավարությունը որոշել է հարկային-մաքսային մարմինների պարգևավճարների ֆոնդը միավորել ընդհանուրի հետ։ Թեև դրանից, բնականաբար, բան չի փոխվում։ Պարգևատրումները եղել են, և դատելով բյուջեի ներկայացված նախագծից՝ շարունակելու են մնալ նաև 2021թ., չնայած տնտեսության ու երկրի առաջ կանգնած մարտահրավերներին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս