«Հիմա ավելի արդիական է՝ «իսկ հնարավո՞ր էր շատ արագ կանգնեցնել պատերազմը» հարցի քննարկումը… Պատասխանը՝ «Այո՛, հնարավոր էր…»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսկ հնարավո՞ր էր շատ արագ կանգնեցնել «անխուսափելի» պատերազմը․․․

Հ1-ով սկսել են քննարկել՝ «Հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից» հարցը…

Բաքուն 1994 թ-ի մայիսի 13-ից, զինադադարի հաստատումից մեկ օր անց, սկսել է պատրաստվել հաջորդ պատերազմին… Հատկապես նավթային «Դարի պայմանագրի» կնքումից հետո Հեյդար և Իլհամ Ալիևներն ու նրանց թիկունքում կանգնած ուժերը մշտապես«ստարտի» են եղել և նայել են հարմար պահի, թե երբ կարելի է պատերազմ սանձազերծել Արցախի դեմ…
Մինչև 2016 թ-ի ապրիլը տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ինչպես նաև Երևանի կողմից հիմնականում տարվող ճիշտ արտաքին քաղաքականության պատճառով ադրբեջանցիները խուսափում էին Արցախի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններից… 2016 թ-ի ապրիլին Բաքուն սանձազերծեց պատերազմ, որը շատ արագ կանգնեցվեց Մոսկվայի կողմից…

Հիմա, պատերազմի 39-րդ օրը, ժամանակավրեպ է քննարկել, թե կարելի՞ էր արդյոք խուսափել պատերազմից… Հիմա ավելի արդիական է՝ «Իսկ հնարավո՞ր էր շատ արագ կանգնեցնել պատերազմը» հարցի քննարկումը…

Պատասխանը՝ «Այո՛, հնարավոր էր… Ինչպես դա եղավ 2016 թ-ին պաշտոնական Մոսկվայի անմիջական միջամտության շնորհիվ»… Իսկ ինչո՞ւ հիմա այդ սխեման չի գործում… Պատասխանը կրկին շատ պարզ է… Հայաստանում վերջին 2,5 տարում գեներացվող հակառուսականությունը, բավական բարդ հայ-ռուսական հարաբերությունները և, ենթադրաբար, Մոսկվայի կողմից Նիկոլին առաջարկված պատերազմը կանգնեցնելու «գինը», որը վերջինս, ենթադրաբար չի պատրաստվում «վճարել»…

Եկեք լինենք անկեղծ. Մոսկվայում Նիկոլին չեն վստահում, չեն հավատում, չեն թաքցնում նրա նկատմամբ իրենց վերաբերմունքը (դիտե’ք ռուսաստանյան հայտնի հեռուստաընկերությունների Արցախին վերաբերող թոք-շոուները և քննարկումները) և, ենթադրաբար, չեն էլ պատրաստվում նրա համար կամ փոխարեն անել Հայաստանի նկատմամբ իրենց պարտականություններից «վեր» ինչ-որ բան, որից կօգտվեն Նիկոլն ու հիմնականում հակառուսական կողմնորոշում ունեցող իր թիմը… Չնայած այդ ամենին, առանց չակերտները բացելու, պետք է արձանագրենք, որ Մոսկվան բավական օգնում է Հայաստանին…

Ամեն դեպքում, այս իրավիճակում չհայտնվելու համար պետք էր շատ լավ իմանալ մեր և տարածաշրջանի պատմությունը՝ հասկանալու համար, թե երբ է Թուրքիան լկտիանում և բացահայտ ագրեսիայի դիմում Հայաստանի և Արցախի նկատմամբ, լավ հասկանալ աշխարհաքաղաքականությունից և սերտած լինել դիվանագիտության պատմությունը…

Սեփական կետից բանակցությունները սկսելու և շատ այլ հարցերի վերաբերյալ՝ պատերազմից հետո…

Հ.Գ. Պետք չէ համոզել հասարակությանը, որ պատերազմը անխուսափելի էր… Նախ, դա այդպես չէ… Իսկ, եթե նույնիսկ այն անխուսափելի էր, ապա մենք ապացույց և փորձ ունենք, որ այն մեր ռազմավարական գործընկերոջ հետ համապատասխան հարաբերությունների պարագայում կարող էինք շատ արագ կանգնեցնել…»։

Տեսանյութեր

Լրահոս