Իսրայելի վարչապետը դեռ չի արձագանքել Երուսաղեմի Հայոց պատրիարքի հորդորին

Շուրջ 1 ամիս առաջ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ էր ուղղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին՝ կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին՝ իսրայելական զենքի վաճառքը:

Երուսաղեմի Հայոց պատրիարքը նաև նշել էր, որ որպես բանիմաց խաղաղասեր քաղաքական գործիչ՝ ակնկալում է Բենիամին Նաթանյահուի փորձառությունը՝ օգնելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև խաղաղություն հաստատելու գործում:

168.am-ը կապ հաստատեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հետ՝ տեղեկանալու՝արդյոք նամակին որևէ արձագանք եղե՞լ է, նա հայտնեց. «Ցավոք, մինչև հիմա չի պատասխանել»:

Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետը նաև տեղեկացրեց, որ անցյալ շաբաթ պատրիարքարանը նամակով դիմել է նաև Իսրայելի երկու գլխավոր քահանայապետերին, որպեսզի իրենք էլ իրենց հերթին՝ նամակ հղեն վարչապետին՝ Ադրբեջանի զենքի վաճառքը դադարեցնելու համար.

«Իրենց խնդրանքը ներկայացնեն հրեական կրոնի տեսանկյունից. պատվիրաններից մեկն ասում է՝ մի սպանիր, բայց նաև սպանելուն աջակցելն է պատվիրանախախտություն և, առհասարակ, իրենց հրեական կրոնով արգելված է հարձակողական զենք, և այլն: Որ կրոնական տեսանկյունից փաստարկված ներկայացվեր, որ այլևս դադարեցվեր զենքի վաճառքը: Բայց դեռ չգիտենք՝ նամակ գրվե՞լ է, թե ինչ արձագանք կա»:

Կորյուն վարդապետ Բաղդասարյանը ցավով նշեց՝ իրենք տեղեկացել են, որ երեկ Ադրբեջանի հերթական ինքնաթիռն է իջել Իսրայելի Ուվդա ռազմական օդանավակայան. «Կասկած չկա, որ նոր զենքեր են տեղափոխվել Ադրբեջան»:

Տեսանյութեր

Լրահոս