
Երուսաղեմի Հայոց պատրիարքը նամակ է հղել Իսրայելի վարչապետին՝ իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին դադարեցնելու համար

«Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է ուղղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին՝ դադարեցնելու համար Ադրբեջանին՝ իսրայելական զենքի վաճառքը»:
Տեղեկությունը ֆեյսբուքյան գրառմամբ փոխանցում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ հավելելով, որ նամակի օրինակն ուղարկվել է նաև Իսրայելի Պաշտպանության նախարար Բեննի Գանցին, Քնեսետի խոսնակ Յարիվ Լևինին և Արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազիին:
«Այս պահին շատ ցավալի է Ձեզ գրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը Իսրայելի աջակցության մասնակցության մասին»,- այսպես է սկսել իր նամակը Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ապա նամակում հիշեցրել, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Հայաստանի մասն է եղել:
Անդրադառնալով ադրբեջանական ագրեսիային՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքը նշել է, որ որպես բանիմաց խաղաղասեր քաղաքական գործիչ՝ ակնկալում են Բենիամին Նաթանյահուի փորձառությունը՝ օգնելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև խաղաղություն հաստատելու գործում: