Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի իրավապայմանագրային հիմքի մասին

168.am-ը Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուսաստանի Դաշնությանն ուղղված նամակի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Հովհաննիսյանից.

– Տիկին Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ-ին ուղարկված նամակի վերաբերյալ ԱԳՆ մամլո հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նամակի հիմքում կարծես թե դրված է միայն 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը: Ինչպիսի՞ն է այս առումով Ձեր գնահատականը։

– Նախ՝ իրավացի եք, այդ մասին եզրակացություն կարող ենք անել միայն մամլո հաղորդագրության տեքստից, որտեղ որպես իրավապայմանագրային հիմք հիշատակում է բացառապես վերոնշյալ պայմանագիրը։ Եթե հիմքում դրվել են այլ համաձայնագրեր ևս, ապա լավ կլիներ այդ մասին տեղեկատվություն ևս լիներ։

Իսկ այդպիսի պայմանագրեր կան։ Դրանց թվին է դասվում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 թվականին կնքված Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագիրը, որը հետագայում` 2010 և 2016 թվականներին ենթարկվեց մի քանի արմատական փոփոխությունների, որով ընդլայնվեցին ռուսաստանյան ռազմակայանի խնդիրները, նախատեսելով, որ ռուսաստանյան ռազմակայանը, բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ողջ սահմանով, ինչպես նաև այն, որ ռուսական կողմն աջակցում է ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով Հայաստանի Հանրապետությանն ապահովելու գործին։

Երկրորդ՝ 2016թ․ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման ստեղծում՝ տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար: Ընդ որում այդ համաձայնագիրը նախատեսում է, որ ագրեսիայի անմիջական սպառնալիքի դեպքում կազմավորվում է Միացյալ խմբավորման ռազմական կառավարման մարմինը:

Այլ կերպ ասած նամակում առկա ու իմ հիշատակած ավելի թարմ համաձայնագրերը տարբեր ծավալների, այսինքն՝ ավելի նեղ ու առավել լայն աջակցություն են նախատեսում ու եթե իսկապես հիշատակածս պայմանագրերը դիմումի հիմքում ընկած չեն, նշանակում է՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը նախընտրել է առավել սահմանափակ աջակցության համար դիմել, թե ինչու՝ չգիտեմ, իսկ ՌԴ ԱԳՆ արձագանքն էլ այդ պայմանագրին համահունչ էր։

Տեսանյութեր

Լրահոս