Հիվանդանցում կորոնավիրուսով ծանր վիճակում կա 733 պացիենտ, ծայրահեղ ծանր վիճակում՝ 179, 61-ը թոքային օդափոխման սարքին են միացված.  Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ

Կորոնավիրուսի վարակման տեմպերը նվազման միտում ցույց չեն տալիս: Այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2398 նոր դեպք: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներին սպասարկող հիվանդանոցների թիվն աճել է:

«Այս պահին մոտ 26 բժշկական կենտրոն սպասարկում է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների: Սա աննախադեպ է, քանի որ անցած ամիսներին հիվանդանոցների թիվը հասել էր 23-ի: Այսինքն՝ հիվանդների  թիվը շատ ավելին է»,- ասաց Նիկողոսյանը:

Մեր դիտարկմանը, որ ավելացել է նաև առողջացած պացիենտների թիվը, օրինակ՝ երեկվա 749-ի փոխարեն այսօր ունենք 1059 առողջացած, Ալինա Նիկողոսյանն արձագանքեց.

«Առողջացածները կարող են լինել ասիմպտոմ դեպքեր, որոնք տանը տնային բուժում են ստանում և համակարգով իրենք արդեն դուրս են գալիս: Երեկվա տվյալներով (այսօրվանը դեռ չունենք)՝ հիվանդանոցում ծանր վիճակում ունենք 733 պացիենտ, ծայրահեղ ծանր վիճակում՝ 179, 61-ը թոքային օդափոխման սարքին են միացված: Բավականին մեծ թվով մարդիկ բուժում են ստանում ստացիոնար: Ամսի 28-ի դրությամբ 2472 պացիենտ ստացիոնար բուժում են ստանում, այսինքն՝ այդքան մահճակալ զբաղված է: Հիմնականում զբաղված են վերակենդանացման մահճակալները, քանի որ հոսպիտալացվում են այն մարդիկ, որոնք գտնվում են ծանր, ծայրահեղ ծանր վիճակում»,- ասաց Նիկողոսյանը:

Մեր հարցին, թե ստեղծված իրավիճակում, երբ շտապ օգնության մեքենաների զբաղվածությունն ավելացել է, ի՞նչ պետք է անի ջերմություն ունեցող մարդը, Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը պատասխանեց, որ պետք է դիմեն իրենց տեղամասային բժշկին:

«Տեղամասային բժիշկն ունի Առողջապահության նախարարության մշակած բոլոր պրոտոկոլներները: Բժիշկը կարող է հեռախոսով ցուցումներ տալ, կամ այց կատարել, կանչով մոտենալ»,- ասաց Նիկողոսյանը:

Ըստ ամփոփված վերջին տվյալների՝ հոսպիտալացման է սպասում 424 պացիենտ, ազատ է 311 մահճակալ:

Տեսանյութեր

Լրահոս