Ամեն ինչ պետք է անել տնտեսությանը ևս մեկ փորձության առաջ չկանգնեցնելու համար
Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ ու անմիջական մասնակցությամբ լայնածավալ ագրեսիա սկսեց Ղարաբաղում և Հայաստանի սահմաններին, համավարակի դեմ պայքարը մի տեսակ հետին պլան մղվեց։ Շատերը սկսեցին մատների արանքով նայել համավարակի կանխարգելման տարրական կանոնների պահպանմանը՝ կարծես այն այլևս դադարել էր սպառնալիք լինել հասարակության համար։
Երբ վտանգի տակ է երկրի անվտանգությունը, սա գուցե ինչ-որ տեղ ընկալելի է։ Բայց դրա հետևանքով այսօր կանգնած ենք ոչ պակաս կարևոր փորձության առաջ։
Առողջապահական համակարգը հայտնվել է գերծանրաբեռնված վիճակում, եթե նույնիսկ կարելի է այդպես բնորոշել այն, ինչ ունենք։ Խնդիրն այնքան է բարդացել, որ առողջապահության նախարարը հայտարարում է, թե հակադիմակային կամ հակաքովիդային հայտարարություն անողը պետական դավաճան է, և դրան պետք է գնահատական տալ։
Գուցե այս հայտարարության մեջ չափազանցություն կա։ Բայց դա մեկ անգամ ևս վկայում է, թե ինչպիսի բարդ իրավիճակի առաջ է հայտնվել առողջապահական համակարգը։
Մի կողմից՝ պատերազմը, մյուս կողմից՝ համավարակը լուրջ մարտահրավեր են դարձել երկրի անվտանգության համար։ Սակայն, եթե առաջինը թելադրված է մեզ պարտադրված պատերազմով, ապա երկրորդն ամբողջությամբ կախված է յուրաքանչյուրիս վարքագծից։ Այն պակաս վտանգներ չի ներկայացնում մեր երկրի անվտանգության համար, որքան պարտադրված պատերազմը։
Վարակվածների թիվը վերջին օրերին հասել է ռեկորդային չափերի։ Օրվա կտրվածքով ունենքում ենք 2-2,5 հազար նոր և հայտնաբերված վարակակիր։ Դեռ չհաշված, թե ինչքան չհայտնաբերվածներ կան։ Նույնպիսին է պատկերը նաև մահացության քանակով։
Սա լուրջ ահազանգ է՝ ինչպես հասարակության, այնպես էլ՝ պետության համար։ Գոնե պատկերացնո՞ւմ ենք, թե ինչ կլինի, եթե վաղը դրա հետևանքով պարտադրված լինենք վերադառնալ սահմանափակումների կիրառմանը։ Այս պատերազմական իրավիճակում դա մեծ «շռայություն» կլինի մեր երկրի ու տնտեսության համար։
Առանց այն էլ տնտեսական իրավիճակը համավարակի առաջին հարվածից հետո դեռևս խելքի չի եկել։ Վերջին մեկ ամսում դրան ավելացավ նաև սանձազերծված պատերազմը։ Հիմա էլ գլուխ է բարձրացրել համավարակը։ Սրա դեմ չառնելը հղի է ծանրագույն հետևանքներով։
Որքան էլ այս օրերին համայն հայությունը միավորել է իր բոլոր, այդ թվում՝ ֆինանսական ու տնտեսական ջանքերը, դիմագրավելու ադրբեջանաթուրքական ագրեսիային, միևնույն է, պատերազմի ամենածանր բեռն ընկած է մեր երկրի տնտեսության վրա։ Տնտեսությունը պետք է անխափան աշխատի, որպեսզի կարողանա սնուցել ռազմաճակատին։ Բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում թիկունքում, բոլորովին չի բխում այդ ռազմավարական նպատակադրումից։
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել, եթե ստիպված լինենք կրկին գնալ լոքդաունի ճանապարհով։ Նախկին սահմանափակումների հետևանքը եղավ այն, որ տնտեսական գործընթացներն էապես դանդաղեցին, հայտնվեցինք անկումային իրավիճակում։ Նույնիսկ սահմանափակումների վերացումից հետո տնտեսությունը չկարողացավ ամբողջությամբ վերականգնվել ու շարունակում է անկումային մնալ։
Ունենք տնտեսական ակտիվության 7 տոկոսին մոտ անկում։ Ու դա հավանաբար դեռ վերջը չէ։
Տնտեսական գործընթացների դանդաղումը՝ մի կողմից, սանձազերծված պատերազմը՝ մյուս կողմից՝ ստիպեցին մի քանի անգամ նվազեցնել այն ակնկալիքները, որոնք այս տարի կարող են լինել տնտեսությունից։ Պատերազմի մեկնարկին կառավարությունը կանխատեսում էր, որ անկումը կհասնի 6,8 տոկոսի։ Բայց այն ժամանակ հավանաբար քչերը կարող էին պատկերացնել, որ սանձազերծված պատերազմն այսքան երկար կձգվի։ Ու դրան կավելանա նաև համավարակի հերթական հարվածը՝ իր բոլոր բացասական հետևանքներով։
Համավարակի առաջին ալիքի ու սանձազերծված պատերազմի հետևանքով Հայաստանի տնտեսությունն այսօր ծանր փորձության առաջ է։ Ուստի ամեն ինչ պետք է անել տնտեսությանը ևս մեկ փորձության չենթարկելու համար։
Դրա համար հարկավոր է գոնե՝ ամեն մարդ կրի իր բաժին պատասխանատվությունն և իր անպատասխանատու վարքագծով նոր վտանգներ չստեղծի երկրի անվտանգության համար։ Այս պատերազմական վիճակում՝ տնտեսությունը չի կարող չաշխատել։ Երկրի կենսագործունեությունն ապահովելու համար տնտեսությունը պետք է աշխատի, որպեսզի գումարներ մտնեն պետական բյուջե։ Այսօր առավել քան այդ գումարներն անհրաժեշտություն են, ու դրանք գեներացվում են տնտեսությունից։
Եթե տնտեսությունը չկարողանա աշխատել, եկամուտներ չի ստանա նաև պետական բյուջեն։ Իսկ թե դա ինչ է նշանակում, հավանաբար բոլորն են պատկերացնում։
Պետական բյուջեն այս տարի եկամուտների ապահովման խնդիրներ ունի։ Տնտեսական իրավիճակը դրա օգտին չէ։ 2 անգամ հասցրել ենք կրճատել բյուջեի եկամուտները։ Այնպես չպետք է անել, որ ստիպված լինեք ևս մեկ անգամ դիմել նման ծայրահեղ քայլի։
Իսկ դրան չգնալու համար տնտեսությունը պետք է աշխատի և հնարավորինս ակտիվ աշխատի։ Մեր անպատասխանատու վարքագծի պատճառով՝ չպետք է բախվենք տնտեսությունը փակելու վտանգի հետ։
Ցավոք, այսօր գնում ենք մեզ համար խիստ անցանկալի ճանապարհով, ինչն անթույլատրելի է։ Օր առաջ պետք է դուրս գալ այս թմբիրից՝ պատերազմական իրավիճակում երկրի թիկունքն ամուր պահելու համար։
Այլ ճանապարհ պարզապես չկա։ Չի կարելի վտանգել առողջապահական համակարգը, որն այսօր պարտադրված է սպասարկել թշնամու կրակի դեմ կանգնած մեր հայրենիքի պաշտպաններին։
Համավարակը չարիք է ամբողջ մարդկության համար։ Բայց մեզանից յուրաքանչյուրիս վարքագծից է կախված, թե դա որքանով կմտնի մեր տուն և անարգել կտարածվի։
Այսօր արդեն ուշ է մտածել վարակը տուն չթողնելու մասին։ Այն արդեն մեր կողքին է։ Այսօր պետք է մտածել այն կանխելու և հետագա տարածումը թույլ չտալու մասին։ Իսկ դրա համար հարկավոր է գոնե պահպանել տարրական կանոնները, ինչը բխում է ոչ միայն յուրաքանչյուր քաղաքացու շահերից, այլև ուղղակիորեն առնչվում է պետության ու երկրի անվտանգությանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ