Հարավային Կովկասում Թուրքիայի գործողությունները սպառնալիք են միջազգային անվտանգությանը. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 28-ին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Մնացականյանը բարձր ներկայացուցիչ Բորելին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված երրորդ պայմանավորվածության խախտման և դրա արդյունքում Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման վերաբերյալ: Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է, որ Բարձր ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում ուժեղ հրթիռակոծման են ենթարկվում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին, հատուկ թիրախավորվել է նաև Ստեփանակերտի բուժհաստատությունը: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությանը:
Անդրադառնալով Թուրքիայի՝ Հարավային Կովկասում ապակայունացնող գործողություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ նմանօրինակ գործողությունները սպառնալիք են հանդիսանում և տարածաշրջանային, և միջազգային անվտանգության համար:
ՀՀ արտգործնախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդության շրջանակներում։ Երկուստեք ընգծվել է կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և կայուն, վերահսկելի հրադադարի հաստատման անհրաժեշտությունը: