Նիսի քաղաքագլուխը իսլամական ֆաշիզմ է որակել քաղաքային եկեղեցու վրա հարձակումը

Արյունալի հարձակումը Նիսի եկեղեցում կատարել է արմատականացած մուսուլմանը: Այդ մասին հայտարարել է Նիսի քաղաքագլուխ Քրիստիան Էստրոզին:

«Նա «Ալլահ աքբար» էր գոռում նույնիսկ այն ժամանակ, երբ նրան բուժօգնություն էին ցուցաբերում ձերբակալելուց հետո»,- Էստրոզին պատմել է լրագրողներին: Տեղի ունեցածը նա բնութագրել է որպես իսլամական ֆաշիզմի դրսեւորում:

«Հարկավոր է, որ մենք ամեն գնով արմատախիլ անենք իսլամական ֆաշիզմը երկրի ամբողջ տարածքում»,-հայտարարել է քաղաքապետը: Նա հայտնել է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել է քաղաքում ժամանակավորապես փակել բոլոր քրիստոնեական եկեղեցիները եւ պաշտամունքի մյուս վայրերը: Նաեւ լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն այդ օբյեկտների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Սկզբում Էստրոզին հայտնելէր, որ հարձակման հետեւանքով զոհվել է երկու մարդ, իսկ մեկն օրհասական վիճակում է:

Սակայն հետո նա հաղորդել է երեք զոհվածի մասին: Բացի այդ, հոսպիտալացվել է հարձակվողն ինքը: Նրա վիճակը գնահատվում է որպես ծանր: «Այդ բարբարոսի ինքնությունը մենք դեռ կպարզենք»,- արձանագրել է Նիսի քաղաքագլուխը: Ավելի վաղ ֆրանսիական հեռուստատեսությունը հաղորդել էր երեք զոհվածի մասին: Դրա հետ մեկտեղ առանձին ԶԼՄ-ներ տեղեկացրել են, որ զոհվածներից մեկը 70-ամյա թոշակառու է, որը գլխատվել էր հարձակվողի կողմից: Դեպքի վայրը շրջապատվել է ոստիկանության կողմից: Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ արտահերթ խորհրդակցություն է անցկացնում այդ ողբերգության կապակցությամբ: BFMTV հեռուստաալիքը հաղորդել Է, որ հետաքննությանը միացել Է դատախազության ստորաբաժանումը, որն զբաղվում է ահաբեկչության հետ կապված գործերով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս