Արհեստական գնագոյացման հետևանքները
Հայաստանում պաշտոնական գնաճը ցածր է։ Ինն ամիսների տվյալներով՝ այն կազմել է 1,4 տոկոս։ Չնայած դրան, վերջին շրջանում պարենային և ոչ պարենային որոշ ապրանքների շուկաներում, որտեղ առկա է պահանջարկի որոշակի աճ, նկատվում է գների բարձրացում։ Օգտվելով առիթից՝ առանձին տնտեսվարողներ փորձում են հավելյալ շահույթներ ստանալ։
Նման վարքագիծը, առավել ևս՝ պատերազմական այս իրավիճակում, ոչ միայն անթույլատրելի է, այլև խստորեն դատապարտելի է և պետք է պատժվի։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որքան էլ որոշ դեպքերում կաշկանդված է իր գործառույթների մեջ՝ միջամտելու նման դրսևորումներին, չպետք է անարձագանք թողնի գների անհարկի և չպատճառաբանված բարձրացումները։
Վերջին շրջանում պարենային ապրանքների շուկայում նկատվել է որոշ հացամթերքների թանկացում։ Մասնավորապես արձանագրվել է մակարոնեղենի, բրնձի, հնդկաձավարի, ոսպի և մի շարք այլ ապրանքատեսակների գնաճ։ Գները բարձրացել են ընդհուպ մինչև 10 տոկոսով։
Թե դա ինչո՞վ է պայմանավորվել, ուսումնասիրման կարիք ունի։ Մինչ այդ ենթադրվում է, որ այդ շուկաներում, հասկանալի պատճառներով, տեղի է ունեցել սպառողական պահանջարկի որոշակի աճ, ինչից էլ հավանաբար օգտվել են ոլորտի մասնակիցները։ Սակայն պահանջարկի աճը հիմնավոր պատճառ չէ գները բարձրացնելու համար։ Հատկապես որ, առաջարկի հետ կապված խնդիր կարծես չկա։ Չնայած պատերազմական իրավիճակին, սպառողական շուկայում մատակարարումները բնականոն շարունակվում են։
Այլ հարց է, եթե գների բարձրացումը միջազգային շուկաներում տեղի ունեցող դրսևորումների հետևանք է։ Թեև այնպես չէ, որ ներքին շուկայի զարգացումները մշտապես կապված են միջազգային շուկաների հետ։ Նման երևույթներ նախկինում շատ ենք հանդիպել։ Դրանք ըստ էության պահպանվում են նաև հիմա, որքան էլ վերջին շրջանում հսկողությունը շուկայի նկատմամբ բավական մեծացել է։
Խնդիրը, իհարկե, միայն հսկողությունը չէ։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա սպառողական բազմաթիվ շուկաներ գտնվում են բարձր կենտրոնացվածության վիճակում։
Առանձին դեպքերում էլ պարզապես գործ ունենք շուկայի մասնակիցների արհեստական տարանջատումների հետ։ Իրականում դրանք ղեկավարվում են նույն կետից։ Մի բան, ինչը չի նպաստում մրցակցային գների ձևավորմանը։ Զարմանալի չէ, որ շուկայի տարբեր մասնակիցների մոտ գները կարող են բարձրանալ և իջնել միաժամանակ։ Այդպիսի դրսևորումները մրցակցային շուկայի կանոններից դուրս է և պայմանավորված է հիմնականում հակամրցակցային համաձայնություններով։
Հացամթերքներից բացի, վերջին շրջանում գնաճային բավական ակտիվ միտումներ են նկատվել շաքարավազի շուկայում։ Ինչպես հայտնի է, այն միշտ էլ եղել է ամենաբարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներից մեկը։ Թեև անցած 1-2 տարվա ընթացքում այստեղ որոշակի վերաբաշխում է տեղի ունեցել, այնուհանդերձ, հիմնական խաղացողները կամ խաղացողը մնացել է նույնը։
Շաքարավազի շուկայում տարիներ շարունակ տեր ու տնօրեն է եղել հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը։ Կար մի ժամանակ, երբ նա զբաղեցնում էր շուկայի գրեթե 98-99 տոկոսը։ Հիմա նրան պատկանող 2 ընկերությունների մասնաբաժինը որոշ չափով պակասել է, բայց դրանք շարունակել են մնալ բացարձակ առաջատարը։
Այս շուկայում իշխանափոխությունից հետո արձանագրվեց գների նվազում։ Ընդ որում, բավական կտրուկ։ Դա ժամանակին փորձ արվեց պայմանավորել «հեղափոխության» բերած նոր արժեքներով։ Սակայն Տնտեսական մրցակցության հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իրականում գործել են արհեստական գնագոյացման երևույթներ, ընդ որում՝ ոչ գնաճի, այլ գնանկման տեսքով։ Իրականացվել է դեմպինգային քաղաքականություն։ Հայտնի պատճառներով, շաքարավազը վաճառվել է ավելի ցածր գնով, քան պետք է վաճառվեր։
Ուսումնասիրելով Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության գործունեությունը՝ Հանձնաժողովն արձանագրել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը չարաշահել է ապրանքային շուկայում ունեցած գերիշխող դիրքը: Դա դրսևորվել է գների չհիմնավորված իջեցման, խտրական պայմանների կիրառման տեսքով, որոնք հանգեցրել են տնտեսական մրցակցության սահմանափակման կամ արգելման։
«Մասնավորապես, «Ալեքս Հոլդինգ» ընկերության գործողություններն ուղղված են եղել ապրանքային շուկայում իր մասնաբաժինը պահպանելուն, այդ թվում՝ շուկայում առավել էժան շաքարավազի առկայության պարագայում ընկերությունն իր կողմից արտադրված և ներմուծված շաքարավազի գինն իջեցրել է այնպես, որ հնարավոր լինի իրացնել շաքարավազը մրցունակ գնով՝ որոշ դեպքերում կրելով վնասներ»,- արձանագրել էր ՏՄՊՊՀ-ն։
Նման վարքագծի հետևանքով այն տնտեսվարող սուբյկետների համար, որոնք ներմուծել են «Ալեքս Հոլդինգ» ընկերության կողմից իրացվող շաքարավազի գնից համեմատաբար ցածր գնով շաքարավազ, այլևս նպատակահարմար չի եղել զբաղվել այդ գործունեությամբ:
Այսպիսի վարքագծի համար այս տարվա օգոստոսին Հանձնաժողովը՝ հարուցված վարույթի արդյունքներով, «Ալեքս Հոլդինգ» ընկերությանը տուգանեց գրեթե 25 մլն դրամով։ Դրանից անմիջապես հետո շուկայում նկատվեցին գնաճային դրսևորումներ։ Վիճակագրական ծառայության դիտարկումներով՝ բավական տևական ժամանակ գտնվելով ցածր մակարդակում՝ սեպտեմբերին արձանագրվեց շաքարավազի գնի 9,6 տոկոսանոց բարձրացում։ Այն շարունակվել է նաև հոկտեմբերին։ Նախկին 260-270 դրամից շաքարավազի գինը հասել է 380 դրամի, և դա տեղի է ունեցել համաշխարհային շուկայի էժանացման ֆոնին։
Կա՞ այստեղ արհեստական գնագոյացում, թե՞ ոչ, հավանաբար պետք է պարզի Հանձնաժողովը։ Չի բացառվում, որ այդ ճանապարհով փորձ է արվում հետ բերել նախկին կորուստները, որոնց հետևանքով աղճատվել է շուկայի պատկերը։
Չնայած վերջին 2 տարիներին շատ է խոսվել սպառողական շուկայում հավասար մրցակցային միջավայրի ստեղծման մասին, այնուհանդերձ առկա դրսևորումները ցույց են տալիս, որ այստեղ անելիքներ շատ կան։ Դրա վկայություններից մեկն էլ ծաղկի կամ զինվորական հագուստի իրացման ոլորտում դրսևորված արհեստական գնաճային երևույթներն էին։ Օգտվելով պահանջարկի ավելացումից՝ հայտնվեցին մարդիկ, որոնք փորձեցին ու փորձում են անձնական շահ հետապնդել։
Այս ամենը, թերևս, շուկայի ցածր մրցակցության, բարձր կենտրոնացվածության, թույլ կարգավորվածության ու ոչ պատշաճ վերահսկողության հետևանք է, ինչից էլ օգտվում են հայտնի ու անհայտ խաղացողները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ