Խստացվում են զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելու, հրամանը չկատարելու, դասալքության համար սահմանված պատժաչափերը
Ազգային ժողովում այսօր հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման դրվեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ներկայացված նախագծով առաջարկվում է լրամշակել Քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1, 327.5, 327.6, 328-րդ, 356-րդ, 361-րդ և 362-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար պատժաչափերը: Որոշակի հստակություններ են մտցվում իրավակարգավորումներում: Նշված օրենսդրական նախաձեռնությունը կատարվում է Ռազմական դրության, Պատերազմի ժամանակ, կամ մարտի պարագաներում որոշակի գործողություններ կատարելու համար առավել խիստ պատժաչափեր են նախատեսվում»,- հարցը զեկուցելով՝ ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի գործող 327-րդ հոդվածով սահմանվում է 4-8 տարի ազատազրկում: Նախագծով առաջարկվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը պատժել 6-12 տարի ազատազրկմամբ:
Գործող ՔՕ 327.1-ով ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով: Նախագծով առաջարկվում է այդ պատժաչափը սահմանել 6-12 տարի:
Նախագծով առաջարկվում է ՔՕ 327.2 հոդվածով սահմանված՝ ռազմական դրության ու պատերազմի ժամանակ այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելու համար այժմ գործող 6-12 տարի ազատազրկման պատժաչափը փոխարինել 8-15 տարի պատժաչափով:
ՔՕ 327.5 հոդվածով սահմանվող ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելու համար նախատեսված պատժաչափերը՝ նվազագույն աշխատավարձի 50-200-ապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 1 տարի ժամկետով, ինչպես նաև ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում նույն արարքի կատարման համար սահմանված 1-3 տարի ժամկետով, նախատեսվում է ավելացնել ու ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելու համար սահմանել նվազագույն աշխատավարձի 200-600-ապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով պատիժ, իսկ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում նույն արարքի կատարման համար սսահմանել 2-6 տարի ժամկետով պատիժ:
ՔՕ 327.6 հոդվածով՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագներում զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու համար 5-8 տարի ազատազրկման փոխարեն՝ նախատեսվում է սահմանել 5-10 տարի ազատազրկում:
ՔՕ 328-րդ հոդվածով սահմանվում է պատերազմի ժամանակ պարհակներ կատարելու կամ հարկեր վճարելուց խուսափելու պատժաչափը: Այժմ գործող առավելագույնը 4 տարի ազատազրկումը նախատեսվում է փոխարինել 1-5 տարի ազատազրկմամբ:
ՔՕ 356-րդ հոդվածով սահմանված ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանը չկատարելու համար այժմ գործող 5-15 տարի ազատազրկման փոխարեն՝ կգործի 8-15 տարի ազատազրկում:
ՔՕ 361-րդ հոդվածով սահմանված ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, որն այժմ պատժվում է 3-8 տարի ազատազրկմամբ, նախագծի ընդունումից հետո կպատժվի 6-12 տարով:
ՔՕ 362-րդ հոդվածով սահմանված ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում դասալքության համար նախատեսված պատժաչափը՝ 6-12 տարի ազատազրկումը, կդառնա 8-15 տարի: