Որքա՞ն թուրքական ապրանք կա Հայաստանում, և ինչպե՞ս վարվել դրանց հետ  

Հայտարարելով տարվա վերջից թուրքական ապրանքների ներմուծումը սահմանափակելու կամ էմբարգո կիրառելու մասին՝ կառավարությունը դեռևս չի հստակեցրել, թե ինչ պետք է լինի արդեն ներմուծված թուրքական ապրանքների հետ։

«Այն ապրանքը, որն արդեն ներմուծված է՝ ներմուծված է, այստեղ արդեն իրացման գործընթացների հետ գործ ունենք, որը հիմա չեմ կարող ասել՝ ինչ բնույթ կստանա, բայց դա իրավական գործընթաց չէ, այլ բոյկոտ է: Այստեղ կդժվարանամ հիմա հստակ պատասխան տալ, թե ինչ կլինի ապագայում: Ընդհանրապես, որոշումը դեկտեմբերի 31-ից է ուժի մեջ մտնելու, այս պահին ներկրված ապրանքներն այլևս ներկրված են, բայց սպառման և օտարման գործընթացների հետ կապված թե ինչ է տեղի ունենում, ճիշտն ասած, դա մի քիչ արդեն էմոցիոնալ հարթության խնդիր է: Չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա այդ դեպքերում»,- անդրադառնալով արդեն ներմուծված թուրքական ապրանքների իրացման հետ կապված խնդիրներին՝ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ղարաբաղում սանձազերծված պատերազմից հետո թուրքական ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարողները բախվել են իրացման դժվարությունների հետ։ Գուցե ոչ ամբողջությամբ, բայց սպառողների մի մասը բոյկոտում է թուրքական ապրանքները։ Արդյունքու՝մ տուժում են նրանք, ովքեր ներմուծել են այդ ապրանքները և չեն կարողանում վաճառել։

Սա իսկապես խնդիր է, որին չպետք է մատների արանքով նայել։ Ի վերջո, վաղն այդ նույն տնտեսվարողներն են, որոնք պիտի փնտրեն հնարավորություններ՝ այլ երկրներից փոխարինող ապրանքներ ներմուծելու համար։ Նրանց ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ լինելու, որոնք պետք է գոյանան արդեն ներմուծված ապրանքների իրացումից։ Այս ոլորտում զբաղվողների մեծ մասը վարկերի տակ են ու, եթե չկարողանան իրացնել արդեն ձեռք բերված ապրանքները՝ կհայտնվեն ավելի ծանր ֆինանսական վիճակում։

Խնդիրն իսկապես էմոցիոնալ դաշտում է։ Մարդիկ բոյկոտում են թուրքական ապրանքը։ Վարչական կամ օրենսդրական միջամտություններով անհնարին է այն լուծել։ Բայց դա չի նշանակում, թե ոլորտում գործող տնտեսվարողներին պետք է միայնակ թողնել իրենց խնդիրների հետ։ Դա ոչ մեկի, այդ թվում՝ պետության շահերից չի բխում։

Որքան էլ խնդիրն էմոցիոնալ դաշտում է, այն պետք է որևէ կերպ լուծվի։ Այսպես թե այնպես, այդ ապրանքներն արդեն ներմուծվել են, և դրանց բոյկոտը ոչինչ չի տալու, նույնիսկ վնասելու է։ Այս պահին կարևորը հետագա ներմուծումներն են, որոնցից պետք է հնարավորինս շուտ հրաժարվել։

Թեև կառավարության որոշմամբ՝ մինչև տարեվերջ սահմանափակումները չեն կիրառվելու, այնուհանդերձ, դա չի նշանակում, որ պետք է օգտվել այդ հնարավորությունից և այս ընթացքում մեծ քանակությամբ թուրքական ապրանքներ ներմուծել՝ հետագայում իրացնելու ակնկալիքով։ Նման ակնկալիքներ ունեցողները պետք է հրաժարվեն իրենց մտադրություններից։ Այլապես կարող են շատ ավելի լուրջ ֆինանսական խնդիրների բախվել։ Թուրքական ապրանքների նոր ներմուծումներից պետք է հնարավորինս շուտ ձերբազատվել և այս ժամանակն օգտագործել՝ այլ շուկաներ փնտրելու համար։

Լավ է, որ այս տարի դրանց հոսքը նվազել է։ Խոսքը մինչև ղարաբաղյան հակամարտության գոտում Թուրքիայի մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը տեղի ունեցած զարգացումների մասին է։

Առայժմ հայտնի են տարվա առաջին 8 ամիսների տվյալները, որոնց համաձայն՝ թուրքական ապրանքների ներկրումը կրճատվել է գրեթե 14 տոկոսով։ Դրանով հանդերձ, իհարկե, գործ ունենք ոչ փոքր գումարի ներմուծումների հետ։

8 ամսում Թուրքիայից բերվել է 139 մլն դոլարի ապրանք։ 23 միլիոնով պակաս, քան անցած տարի։

Այս ցուցանիշների վրա ռազմական վերջին իրադարձություններն ազդեցություն չեն ունեցել։ Թուրքական ապրանքների ներմուծման նվազումը պայմանավորված է եղել բացառապես ներքին սպառման կրճատմամբ։ Համավարակի ու տնտեսական զարգացումների հետևանքով՝ իջել է պահանջարկը։

Հիմա արդեն, այս գործոնից բացի, թուրքական ապրանքների ներմուծման վրա սկսել է ազդել նաև հայտարարված բոյկոտը։ Դա նշանակում է, որ մինչև տարեվերջ այդ երկրից ներկրումների կրճատումն ավելի մեծ ծավալների կհասնի։

Անցած տարի թուրքական ներմուծումը կազմել էր 268 մլն դոլար։ Ենթադրվում է, որ այս տարի կարող է հասնել առավելագույնը 180-190 միլիոնի։

Թուրքիայից տարիներ շարունակ Հայաստան են ներմուծվել տարբեր տեսակի ապրանքներ։ Դրանց մի մասը, անշուշտ, սպառվել է։ Իսկ թե որքա՞նը դեռևս չի սպառվել և գտնվում է տնտեսվարողների մոտ, հայտնի չէ։

Նման հաշվարկներ, բնականաբար, չեն կատարվում, ու դժվար է ասել, թե այսօր Հայաստանում որքա՞ն թուրքական ապրանք կա։ Սա կարևոր է նրանով, որպեսզի հնարավոր լինի գոնե մոտավոր պատկերացում կազմել, թե ինչպիսին կարող են լինել հնարավոր կորուստները, եթե սպառողներն այդպես էլ շարունակեն հրաժարվել թուրքական ապրանքների օգտագործումից։

Խնդիրը, իհարկե, բոլորին չի վերաբերում։ Որքանով կարելի է պատկերացնել, իրացման դժվարությունների են բախվել հատկապես որոշ ապրանքատեսակներ։ Խոսքը, մասնավորապես, հագուստեղենի, կոշկեղենի, կտորեղենի, տնտեսական տարբեր ապրանքների և հատկապես՝ լվացող-մաքրող միջոցների մասին է։

Թուրքական ներմուծումների մեջ կան այնպիսի ապրանքներ, որոնք ներմուծվում են կարճաժամկետ իրացման համար։ Այդպիսին են գյուղմթերքները։

Հրապարակված վերջին տվյալներով՝ այս տարվա առաջին կեսին ամենամեծ մասնաբաժինը թուրքական ներմուծման մեջ կազմել են ցիտրուսային պտուղները։ Բերվել է գրեթե 5 մլն դոլարի այդպիսի ապրանք։

Չնայած տարիներ շարունակ խոսվել է ջերմոցային տնտեսության վրա թուրքական լոլիկի ներմուծման բացասական հետևանքների մասին, այնուհանդերձ, այս տարի ևս մեր շուկան անմասն չի մնացել դրա ազդեցությունից։ Տարվա առաջին կեսին ներկրվել է 1,2 մլն դոլարի թուրքական լոլիկ։

Թուրքական գյուղմթերքների ներմուծումը չի սահմանափակվել միան լոլիկով ու ցիտրուսային մրգերով։ Այդ երկրից բերվել են նաև բանջարեղենի տարբեր տեսակներ։

Համեմատաբար խոշոր ներմուծումներից է եղել նավթամթերքը։ Բայց խոսքն ընդամենը 3,8 մլն դոլարի մասին է, որն էական նշանակություն չունի մեր շուկայի կառուցվածքում։

Առաջին կիսամյակում Թուրքիայից բերվել է 5 մլն դոլարից ավելի գործվածքեղեն և տրիկոտաժ։ Եվս շուրջ 3 մլն դոլարի՝ հագուստ ու կոշիկ։ Նույնքան կամ դրանից մի փոքր ավել են կազմել լվացող-մաքրող միջոցները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս