«Մինչև այժմ Հայաստանը միջազգայնորեն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկել». Նախիջևանագետը՝ Ղազանչեցոց եկեղեցու ու Նախիջևանի խաչքարերի մասին

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանական զինուժը հարվածներ էր հասցրել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն։

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական կողմի իրականացրած վանդալիզմին՝ նշեց, որ հանցագործության տեսակետից ձեռագիրը նույնն է, ինչ ժամանակին նախիջևանյան խաչքարերի հետ վարվեցին։

«Այդուհանդերձ, Նախիջևանի խաչքարերի հետ համեմատած՝ այստեղ որոշակի տարբերություն կա։ Դա այն է, որ, եթե Շուշիի  Սուրբ Ամենափրկիչը, որը կառուցել են 18-րդ դարում՝ Նախիջևանի Երնջակ գավառի Ղազանչի՝ Շահկերտ ավանից Շուշի տեղափոխված ղազանչեցիների կողմից, հրետակոծվել է պատերազմական գործողությունների ընթացքում և թիրախավորված կարգով, նախիջևանյան հուշարձաններն ամբողջովին գետնի երեսից Ադրբեջանի կողմից վերացվեցին ոչ թե պատերազմական իրավիճակներում, այլ միանգամայն խաղաղ պայմաններում՝ 1998-2006 թվականներին, պետականորեն։ Ցավն այն է, որ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակցությունների ժամանակ՝ Ադրբեջանի այդ վանդալիզմի վերաբերյալ, ոչ մի անգամ հարց չբարձրացրեց։ Եվ մինչև այժմ Հայաստանը միջազգայնորեն և միջազգային ոչ մի կազմակերպությունում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկել»,- մեզ հետ զրույցում ասաց Արգամ Այվազյանը։

Նախիջևանագետը վստահեցրեց, որ անցնող տարիների ընթացքում այդ ուղղությամբ բազմիցս հրապարակավ արտահայտվել է։

«Մեր պատմամշակութային նախիջևանյան ժառանգության շուրջ 27 հազարից ավելի մեծ ու փոքր հուշարձանների վանդալիզմի ենթարկված լինելու փաստի նկատմամբ այսպիսի անտարբերությունն աննախադեպ ու անպատվաբեր երևույթ է թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ հայության համար։ Այնպես որ, մեր համատարած անտարբերության պատճառով վանդալիզմի ենթարկված նախիջևանյան հայոց վանքերի ու եկեղեցիների, գերեզմանատների տեղերում վերջին 7-9 տարիներում արդեն կառուցվել են ադրբեջանական մզկիթներ և զանազան շինություններ։ Իսկ կանգուն թողած նախիջևանյան աշխարհիկ հուշարձաններն էլ՝ բերդերը, կամուրջներն ու ժողտները, աղբյուրները և այլ արժեքներն էլ ներկայացվում են՝ որպես ադրբեջանական»,- վստահեցրեց  մեր զրուցակիցը։

Մինչդեռ, հանուն արդարության պետք է ներկայացնել նաև համացանցում պահպանված մի քանի փաստ: Նախ՝ Նախիջևանում տարածքում գտնվող ճարտարապետամշակութային ժառանգությունը սկսել են  ավերել դեռ խորհրդային տարիներին։ Այն ժամանակ, երբ Ադրբեջանը  ղեկավարում էր Հեյդար Ալիևը։ Խորհրդային Միության փլուզումից հետո խաչքարերի հանդեպ վանդալիզմը շարունակվեց:

1998 թվականին Ջուղայի հայկական գերեզմանատնից 800 խաչքար էր վերացվել, սակայն միջամտեց ՅՈՒՆԵՍԿՕ-ն, և ավերումը կասեցվեց։

2002 թվական։ Գերեզմանատներում ավերումները նոր թափ ստացան։

2006 թվական։ Գերեզմանատնից նույնիսկ հետք չի մնացել. խաչքարերը ոչնչացվել են (կամ շինանյութի վերածվել), լանդշաֆտը հարթեցվել է։

2006 թվականի մայիս։ Ադրբեջանի իշխանություններն արգելում են Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովին նախկին հայկական գերեզմանատուն այցելել։

2010 թվական։ Գերեզմանատունն ավերելու մասին ականատեսների հաղորդագրությունները հաստատում է գիտության զարգացմանն աջակցող ամերիկյան ասոցիացիան։ Քանի որ այնտեղ նույնիսկ ամերիկացիներին թույլ չեն տվել մտնել, եզրակացություն է արվում արբանյակներից արված լուսանկարների հիման վրա։

Հիշեցնենք մեկ անգամ ևս. մինչև Ջուղայի հայկական գերեզմանոցների ավերումը, այն եղել է աշխարհի ամենամեծ խաչքարերի միջնադարյան գերեզմանատունը, որը պահպանվել է և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության մշակութային ժառանգության ցանկում։

Ջուղայի խաչքարերի ոչնչացման դեպքերի հետ կապված՝ Հայաստանը մեղադրանք էր  առաջադրել Ադրբեջանի կառավարությանը։

Ամերիկայի Հնագիտական համալսարանից Սարա Փիքմանը հուշարձանների ոչնչացումները կապել էր Ադրբեջանում տիրող հակահայկական տրամադրությունների հետ, որոնք մեծ տարածում են ստացել Արցախյան հակամարտությունում ադրբեջանցիների տանուլ տալուց հետո։

1998 թվականին Ադրբեջանը ժխտել էր խաչքարերի ոչնչացման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած մեղադրանքները, չնայած բազմաթիվ օբյեկտիվ ապացույցների առկայությանը։ Մասնավորապես, «Հայկական Ճարտարապետությունը Իրանում» կազմակերպության անդամ Արթուր Պետրոսյանն  առաջինն էր նկարել հուշարձանները ոչնչացնող բուլդոզերները։

Հայաստանի պահանջով գերեզմանոցի տարածքի միջազգային հետաքննություն էր անցկացվել, որը, ըստ Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջինյանի, օգնել էր ժամանակավորապես կանգնեցնել խաչքարերի և գերեզմանաքարերի ոչնչացումը։

2006 թվականի փետրվարի 16-ին Եվրախորհրդարանը  բանաձև էր ընդունել, որտեղ դատապարտել  էր Ջուղայում միջնադարյան գերեզմանոցի, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում գտնվող պատմական հուշարձանների ոչնչացումը և պահանջել էր թույլատրել ԵԽ պատգամավորներին այցելել այնտեղ։

Չնայած այս բոլոր ջանքերին, մինչև այսօր Ադրբեջանը ժխտում է  իր իրականացրած բարբարոսությունը՝ դրանք որակելով «կեղծ մեղադրանքներ»:

Մեզ հետ զրույցում նախիջևանագետ Արգամ Այվազյանը, սակայն, վստահ է, որ այդպիսի հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, հետևաբար՝ հարկ է, որպեսզի  Հայաստանը շարունակի պատշաճ ներկայացնել միջազգային հանրությանը կատարված հանցագործության վերաբերյալ փաստերը։

«Միջազգային հանրությունը, իրավական և գիտական շրջանակները չեն կարող անտեսել այդպիսի ճշմարտությունը»,- եզրափակեց նախիջևանագետը»։

Տեսանյութեր

Լրահոս