Թուրքական ապրանքները պարունակում են բավականին վնասակար նյութեր. Հայ-բելգիական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է դեկտեմբերի 31-ից վեց ամսով արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ նախագիծը չի վերաբերում բոլոր տեսակի թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծմանը: Այն վերաբերում է միայն պատրաստի կամ վերջնական սպառման ապրանքներին:
«Առաջին փուլում մենք ազդակ ենք տալիս հայրենական արտադրողներին, որոնք որպես հումք՝ դիտարկում են թուրքական շուկան, որպեսզի փնտրեն հումքի այլ շուկաներ: Թուրքական ագրեսիան, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ ողջ աշխարհում գնալով ահագնացող միտումներ է ձեռք բերում, ինչը մարդկային կյանքեր է արժենում: Կարծում եմ՝ մեր տնտեսությունը պետք է առաջամարտիկներից լինի, որպեսզի չնպաստի այն գումարների գեներացմանը, որն արժենում է մարդկային կյանքեր: Հատկապես՝ հայ զինվորի կյանք:
Կառավարությունը հնարավորություն է ընձեռելու բիզնես հատվածին համեմատաբար և՛ էժան, և՛ անցնցում լուծումներ գտնել նման իրավիճակում՝ իրականացնելով խորհրդատվություններ, բացի այդ, ներմուծողներին տրամադրվելու են սուբսիդավորվող վարկեր, քանի որ հասկանալի է՝ շուրջ 4000 ներմուծողներ որոշակի դժավրություններ են ունենալու»,- «Մեդիա կենտրոնում» մամլո ասուլիսի ժամանակ ասաց Արտակ Մանուկյանը:
Հայ-բելգիական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Ֆելիքս Փայտյանի կարծիքով՝ կտրուկ արգելքը կարող է որոշ գործարարների, տնտեսվարողների վնասել, ուստի առաջակել են առաջնայնությունը տալ սննդի և հիգիենայի պարագաների ավելի արագ արգելքին:
«Կարևոր է նաև ճանապարհին գտնվող ապրանքի որակի վերահսկումը, որովհետև չի բացառվում այդ պարագաների միջոցով նաև վնաս հասցնելը: Շինանյութի ոլորտում մի քանի գործընկերների հետ շփվելուց հետո հասկացանք, որ թուրքական ապրանքները պարունակում են բավականին վնասակար նյութեր, որոնք ոչ միանգամից, այլ տարիների ընթացքում ազդում են: Ամենացավալի ուղղություններից մեկը տեքստիլն է:
Տեքստիլի գերակշիռ մասը ներմուծվում է Թուրքիայից, անգամ հայկական արտադրության հագուստի հումքը ներմուծվում է Թուրքիայից, մեծ մասը կարված է թուրքական կտորից: Թուրքիան հումքը ներմուծում է Չինաստանից, դա ներկում է, ինչ-որ գործողություններ կատարում և հետո վաճառում է: Ես առաջարկում եմ՝ Էկոնոմիկայի նախարարությունից աշխատանքային խմբերով աշխատել հայ տնտեսվարողների հետ և ուղղություն տալ վերապրոֆիլավորվելու և այլ երկրների հետ աշխատելու համար»,- նշեց Ֆելիքս Փայտյանը:
Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Դիանա Սարումովայի դիտարկմամբ՝ եվրոպական շուկայից լավ ալտերնատիվ կարող է լինել ԵԱՏՄ շուկան, քանի որ ապրանքն էժան է, ճանապարհային ծախսերը՝ քիչ:
«Չեմ ասում՝ չաշխատենք եվրոպական երկրների հետ, բայց զուգահեռ՝ պետք է նայենք Ռուսաստան, Չինաստան, Բելառուս»,- առաջարկեց Դիանա Սարումովան:
Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Արուսյակ Հայրապետյանն էլ հավելեց, որ սատարում են այս նախաձեռնությանը, որը պետք է ավելի շուտ արվեր:
«Մենք առաջարկում ենք նվազեցնել եվրոպական երկրներից եկող ապրանքների մաքսատուրքերը, բայց, ինչպես հասկանում եմ՝ կան ԵԱՏՄ: Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը կարծում է, որ այս իրավիճակում անհրաժեշտ է որակական փոփոխություն բերել մեր շուկային, հետագայում խթանել արտադրությունը Հայաստանում՝ բերելով եվրոպական երկրների արտադրությունների փորձը, նաև ներդրումներ բերել եվրոպական երկրներից, բացել գործարաններ, խթանել որակյալ ապրանքի արտադրությունը Հայաստանում»,- նկատեց Արուսյակ Հայրապետյանը: