Հետևանքը տեսնում ենք բյուջեի եկամուտների վրա

Ադրբեջանաթուրքական հրոսակախմբի կողմից հայ ժողովրդին պարտադրված պատերազմը պահանջում է համախմբել տնտեսության ամբողջ ներուժը։ Պատերազմը մեծ նյութական ու ֆինանսական ռեսուրսներ է պահանջում։ Ու դա պետք է ապահովի մեր տնտեսությունը։

Տնտեսական իրավիճակն այս տարի Հայաստանում այնքան էլ բարվոք չէ։ Համավարակը լուրջ մարտահրավեր էր մեր համար։ Բայց ամեն ինչ չսահմանափակվեց դրանով։ Այսօր արդեն կանգնած ենք շատ ավելի մեծ մարտահրավերների առաջ, որոնք ուժերի գերլարված աշխատանք են պահանջում։

Տնտեսական դժվարությունները բերել են պետական բյուջեի ֆինանսական կորուստների։ Նվազել են բյուջեի եկամուտները՝ պայմանավորված հատկապես խոշոր հարկատուների մոտ ի հայտ եկած խնդիրներով։

9 ամիսների տվյալներով՝ առաջին հազար հարկատուները պետական բյուջե են փոխանցել 721 մլրդ դրամ։ Նրանց վճարները կրճատվել են 5,6 տոկոսով կամ 43 մլրդ դրամով։ Թեև խոշորների առաջին եռյակը մնացել է անփոփոխ, այնուհանդերձ, նրանցից երկուսի վճարները բավական կրճատվել են։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որն անցած տարվա նույն ժամանակահատվածում գլխավորում էր խոշոր հարկատուների ցանկը և պետական բյուջե էր վճարել շուրջ 40,6 մլրդ դրամ, այս տարի վճարել է 31,3 միլիարդ։ Տարբերությունը 9,3 միլիարդ է, ինչը փոքր գումար չէ պետական բյուջեի համար։

Ընկերության վճարած հարկերի կրճատումը կապված է հատկապես հանքահումքային ապրանքների միջազգային շուկաներում տարեսկզբին արձանագրված մետաղների գների նվազման հետ։ Համավարակի և համաշխարհային տնտեսության անկման հետևանքով՝ մետաղների գները մի պահ բավական կտրուկ անկում ունեցան։ Հետագայում, իհարկե, դրանք վերականգնվեցին, բայց ազդեցություններն այսօր տեսնում ենք այս ընկերության վճարած հարկերի վրա։

Ի տարբերություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», հարկային պարտավորություններն ավելացրել է «Թեղուտը»։ Անցած տարվա համեմատ՝ այն 5 անգամ ավելի շատ հարկ է վճարել։ Թեև «Թեղուտի» պարագայում գործ ունենք շատ ավելի համեստ հարկային պարտավորությունների հետ, քան «Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի» դեպքում է։

«Թեղուտն» 9 ամսում վճարել է 2,9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 532 միլիոնի դիմաց։ Այս կտրուկ փոփոխությունը հավանաբար արտադրության ծավալների և արտահանման մեծացման արդյունք է։ Ինչպես հայտնի է, հանքարդյունաբերությունը մեր տնտեսության այն եզակի ճյուղերից մեկն է, որն այս տարի բարձր աճ է գրանցել՝ 9 ամսում՝ շուրջ 25 տոկոս։

Այդ աճի դրսևորումներից մեկն էլ ոսկու արդյունահանմամբ և արտահանմամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության վճարած հարկերն են։ Ընկերության կատարած հարկային պարտավորություններն այս տարի ավելացել են գրեթե 4 մլրդ դրամով՝ անցնելով 16,2 միլիարդից։

Խոշորների առաջին եռյակում վերջին տարիներին իր անփոփոխ դերը պահպանում է «Գրանդ Տոբակոն»։ Այս տարվա 9 ամիսների տվյալներով՝ այն կրկին առաջինն է՝ կատարած պարտավորություններով։ Ընկերությունը վճարել է 36,2 մլրդ դրամ, ինչը պակաս է նախորդ տարվանից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ծխախոտի արտադրության ոլորտում գործող Հայաստանի ամենախոշոր ընկերությունը պետական բյուջե էր փոխանցել գրեթե 40,3 մլրդ դրամ։

Հարկերի նվազում ունենք նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող մյուս խոշոր ընկերության դեպքում։ Խոսքն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակի» մասին է։ Այս դեպքում վճարված գումարները պակասել են ավելի քան 600 մլն դրամով։

Ծխախոտի արտադրության ոլորտում գործող ընկերությունների հարկային պարտավորությունների կրճատումը տեղի է ունեցել ակցիզային հարկի բարձրացման պայմաններում։ Դա ենթադրում էր հարկային վճարների ավելացում։ Բայց տեղի է ունեցել հակառակը, ինչը կարող էր պայմանավորվել արտադրության ծավալների կրճատմամբ։ Ինչպես արդյունաբերության այլ ճյուղերում, այնպես էլ՝ ծխախոտի արտադրության ոլորտում ունենք անկում։ Եվ դա բերել է բյուջե վճարվող գումարների նվազման։

Որքան էլ գուցե ժամանակը չէ այսօր դրա մասին խոսելու, բայց ի տարբերություն տեղական արտադրողների, ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության մոտ տեղի է ունեցել վճարների ավելացում։ Անցած տարվա 9,7 միլիարդի դիմաց՝ այն վճարել է 10,5 մլրդ դրամ։

Եթե այս փոփոխությունը տեղի է ունեցել ներքին արտադրության հաշվին, ապա դա լավ չէ, նույնիսկ մտահոգիչ է։ Ու դրան պետք է լուրջ ուշադրություն դարձնել, հատկապես՝ ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրուքաչափերի սպասվող նոր բարձրացումների ժամանակ։

Խոշոր հարկատուների եռայակում իր անփոփոխ տեղն ունի նաև «Գազպրոմ Արմենիան»։ Այս տարվա 9 ամսվա տվյալներով՝ այն երկրորդն է՝ վճարած 34,8 մլրդ դրամով։ «Գազպրոմի» դեպքում ունենք հարկերի աճ շուրջ 1,2 մլրդ դրամի չափով։

Հարկային պարտավորություններն ավելացրել են նաև հեղուկ վառելանյութի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող 2 խոշոր ընկերությունները՝ «ՍիՓիԷս Օիլը» և «Ֆլեշը»։ Առաջինը կատարել է՝ գրեթե 14,4 մլրդ դրամի, երկրորդը՝ շուրջ 12 մլրդ դրամի պարտավորություն։

Ընկերությունների վճարած հարկերն ավելացել են այն պարագայում, երբ այս տարի վառելանյութի գները՝ կապված միջազգային շուկաներում արձանագրված փոփոխությունների հետ, անհամեմատ ավելի ցածր են։ Թերևս, դա էլ ըստ էության նպաստել է սպառման ավելացման, ինչը հանգեցրել է այդ ընկերությունների կողմից պետական բյուջե վճարած հարկերի աճին։

Ոչ մեծ, բայց հարկային պարտավորությունների նվազում կա տարբեր ապրանքների ներմուծման, արտադրության և իրացման ոլորտում գործող հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սիթի» և «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունների մոտ։ Մեկը վճարել է 5,6 միլիարդ, մյուսը՝ 4,4 մլրդ դրամ։ Մի դեպքում՝ վճարները կրճատվել են 14 միլիոնով, մյուսի դեպքում՝ 104 միլիոնով։

Վճարած հարկերի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել մեկ այլ հայտնի գործարար կամ սեփականատեր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբի» դեպքում։ Ընկերության հարկերն 9 ամսում կազմել են 1 մլրդ 570 մլն դրամ։ Մինչդեռ նախորդ տարի այս ընկերությունը վճարել էր 3 մլրդ 708 մլն դրամ։

«Օնիրա Քլաբի» հարկային պարտավորությունների կրճատումը կապված է վերջինիս գործունեության կասեցման հետ։ Ինչպես հայտնի է, տարբեր պատճառաբանություններով, դեռևս տարվա առաջին կեսին դադարեցվեց այս ընկերության գործունեությունը։ Հետևանքը տեսնում ենք բյուջեի եկամուտների վրա։

Բյուջեի եկամուտների վրա մեծապես զգացնել է տալիս նաև տրանսպորտային միջոցների ներմուծման կրճատման ազդեցությունը։ Դա ակնհայտ է «Ավտոներկրող-10» ընկերության վճարած հարկերի օրինակով. անցած տարի այն կատարել է՝ գրեթե 7,3 մլրդ դրամի, այս տարի՝ ընդամենը 186 մլն դրամի պարտավորություն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս