Արտաքին հատվածի թացն ու չորը

Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռն այս տարի առաջին հայացքից դրական փոփոխություն է կրել։ Արտահանման-ներմուծման հարաբերակցությունը բարելավել է։ Եթե անցած տարվա առաջին 8 ամիսների տվյալներով՝ ներմուծումը 1,92 անգամ էր գերազանցում արտահանմանը, ապա այս տարի՝ 1,79 անգամ։

Արտաքուստ սա դրական միտում է։ Բայց դրա տակ կան թաքնված բազմաթիվ նրբություններ։

Արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավումը տեղի է ունեցել հիմնականում ներմուծման նվազման հաշվին։ Թեև նվազել է նաև արտահանումը, այնուհանդերձ, այս դեպքում տարբերությունն ավելի փոքր է։ Ներմուծման կրճատումը կրկնակի ավելի մեծ է։ Անցած տարվա 8 ամիսներին արտահանումը Հայաստանից պակասել է՝ 6, ներմուծումը՝ 12,4 տոկոսով։

Ընդհանուր առմամբ արտահանվել է 1 մլրդ 568 մլն դոլարի, ներմուծվել է 2 մլրդ 817 մլն դոլարի ապրանք։ Նախորդ տարվա համեմատ՝ արտահանումը կրճատվել է շուրջ 100 միլիոնով։

Ներմուծման նվազումը շատ ավելի մեծ է։ Այն հասնում է գրեթե 400 մլն դոլարի։

Լավ է, երբ տեղի է ունենում արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավում։ Բայց ցանկալի է, որ դա լինի ոչ այնքան ներմուծման կրճատման, որքան արտահանման ավելացման հաշվին։ Այս պարագայում նվազել է թե՛ մեկը, և թե՛ մյուսը։ Կարևոր չէ, որ մեկն ավելի շատ է նվազել, քան մյուսը։ Ներմուծման նվազումը, այն էլ՝ երկնիշ, ենթադրում է, որ տեղի է ունեցել պահանջարկի կրճատում։ Խոսքը՝ ինչպես հասարակության, այնպես էլ՝ տնտեսության կողմից ներկայացվող պահանջարկի մասին է։

Նման երևույթներ տնտեսական ճգնաժամերի ժամանակ գրեթե միշտ էլ դիտարկվում են։ Ըստ էության, արտառոց չէ նաև այն, ինչ տեղի է ունեցել այս անգամ։ Այդպես է եղել նաև նախորդ տնտեսական ճգնաժամերի ժամանակ։

Շատ ավելի կարևոր է, որ արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավում արձանագրվի տնտեսության արտահանելի հատվածի զարգացումների հաշվին։ Թերևս, դա է՝ ինչպես տնտեսության զարգացման, այնպես էլ՝ արտաքին առևտրի բարելավման հիմքը։ Ներմուծման կրճատումը, եթե տեղի չի ունենում ներքին շուկայում տեղական արտադրության ընդլայնման ճանապարհով, ոչինչ չի տալիս։ Դա ընդամենը ժամանակավոր երևույթ է, որն աստիճանաբար վերականգնվում է՝ սպառողական պահանջարկի ակտիվացմանը զուգահեռ։

Արտաքին առևտրի ոլորտում մեր երկրից արտահանումն ավելացել է հիմնականում այն շուկաներում, որոնք կապված են հանքահումքային ապրանքների մատակարարումների հետ։ Ինչպես հայտնի է, տնտեսության այդ ճյուղը, ի տարբերություն բազմաթիվ այլ ոլորտների, գտնվում է արտադրության ծավալների ակտիվ աճի մեջ։ Այն հասնում է գրեթե 25 տոկոսի։ Մի բան, ինչն էլ նպաստել է այդ խմբի ապրանքների արտահանման ավելացմանը։

Այս տարի մեր առևտրային հարաբերություններն այնքան էլ լավ չեն դասավորվել հիմնական գործընկեր երկրների հետ։ Խոսքը, մասնավորապես, ԵԱՏՄ-ի մասին է։

Արտահանումն անդամ երկրներ նվազել է 14,6 տոկոսով։ Իհարկե, դա պայմանավորվել է հիմնականում Ռուսաստանի հետ առկա հարաբերություններով։

Ռուսական շուկայում այս տարվա 8 ամիսներին 71 մլն դոլարով ավելի քիչ ապրանք է մատակարարվել, քան անցած տարի։ Այնպես չէ, որ Ռուսաստանը խոչընդոտներ է ստեղծել հայկական ապրանքների արտահանման համար։ Պարզապես զգացնել են տվել այն գործոնները, որոնք էական ազդեցություն են թողում ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման վրա։

Որպես այդպիսին, առաջինը, թերևս, ռուբլու փոխարժեքն է։ Այս տարի ռուբլին բավականաչափ արժեզրկվել է՝ թուլացնելով ռուսական շուկայում հայկական ապրանքների մրցունակությունը։ Ռուբլու արժեզրկումից տնտեսվարողները երբեմն նաև բավական լուրջ կորուստներ են կրում։

Մյուս կարևոր գործոնը դարձել է ռուսական շուկայում սպառողական պահանջարկի կրճատումը՝ կապված երկրի տնտեսական ոչ բարվոք իրավիճակի և հասարակության եկամուտների կրճատման հետ։

Զարմանալի չէ, որ հակառակ ուղղությամբ ակտիվությունը պահպանվել է։ Այս տարի Ռուսաստանից ավելի շատ ներմուծումներ են իրականացվել Հայաստան։ Անցած տարի այն կազմել էր 887 մլն դոլար, այս տարի կազմել է շուրջ 991 միլիոն։

Այսինքն՝ 104 միլիոնով ավելի։ Դրան նպաստել է հատկապես ռուսական արժույթի թուլացումը։ Ռուբլու արժեզրկումն էժանացնում է այդ երկրից ներմուծումները՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով դրանց ակտիվացման համար։

Ներմուծումը Հայաստան ավելացել է նաև ԵԱՏՄ մյուս երկրներից։ Կտրուկ աճ ունենք հատկապես Ղազախստանի պարագայում. 8 ամսվա տվյալներով՝ աճն անցնում է 71 տոկոսից։ Բելառուսի դեպքում ներմուծումն ավելացել է գրեթե 30 տոկոսով։

Ի տարբերություն Ռուսաստանի՝ այս 2 երկրների հետ էլ Հայաստանն ունեցել է արտահանման աճ։ Բելառուսի դեպքում այն հասնում է ընդհուպ 31 տոկոսի։ Ղազախստան հայկական ապրանքների մատկարարումներն ավելացել են 14 տոկոսով։

Ղրղըզստանի հետ առևտրային հարաբերությունները մեծ չեն։ Գերակշռում է հիմնականում արտահանումը։ Թեև այս տարի արտահանման վիճակագրությունը լավ չէ։ Արձանագրվել է մատակարարումների ավելի քան 42 կրճատում։

Հայաստանի առևտրային հարաբերությունները դանդաղել են Եվրամիության երկրների հետ։ Դա վերաբերել է՝ ինչպես արտահանմանը, այնպես էլ՝ ներմուծմանը։ Արտահանումն 8 ամսում պակասել է ավելի քան 25 տոկոսով։ Ներմուծման կրճատումը ևս փոքր չէ. այն հասնում է գրեթե 19 տոկոսի։

Արտահանման առումով դրական դինամիկա կա այնպիսի երկրների հետ, ինչպիսին են՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Շվայցարիան, Չինաստանը, ինչպես նաև Միացյալ Նահանգներն ու Իրանը։

ԱՄԷ Հայաստանից մատկարարումներն այս տարի ավելացել են 88 տոկոսով։ Չնայած Չինաստանը հանդիսացավ համավարակի առաջին օջախը, այնուհանդերձ, այդ երկիր է արտահանվել շուրջ 150 մլն դոլարի ապրանք, ինչը 26 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ 350 մլն դոլարը գերազանցել են մատակարարումները Շվեյցարիա։ Աճը հասնում է 25 տոկոսի։

Միացյալ Նահանգներ արտահանումն ավելացել է 19 տոկոսով։ Փոխարենը՝ կտրուկ կրճատվել է այդ երկրից ներմուծումը։ Անկումը գրեթե 69 տոկոս է։ Անցած տարվա 132 մլն դոլարի դիմաց՝ այս տարի բերվել է ընդամենը 41-42 միլիոնի ապրանք։

Այն կտրուկ փոփոխությունը, որը տեսնում ենք ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերություններում, մասնավորապես՝ ներմուծման ոլորտում, կապված է առաջին հերթին՝ տրանսպորտային միջոցների ներկրումների հետ։ Նախորդ տարվա բումից հետո դրանց ներմուծումը գրեթե դադարել է կամ հասել նվազագույնի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս