Դրսից փոխանցվող գումարների շարժն ակտիվացել է

Տարեսկզբից Հայաստան փոխանցվող գումարները սկսեցին կրճատվել։ Խոսքը մասնավոր անձանց կողմից կատարվող փոխանցումների մասին է։ Համավարակից հետո այդ միտումն ավելի ակտիվացավ։ Առանձին ամիսներին տրանսֆերտային փոխանցումների անկումը հասավ ընդհուպ մինչև 40 տոկոսի։

Մասնավորապես, ապրիլին տրանսֆերտները կրճատվեցին՝ 37, իսկ մայիսին՝ ավելի քան 39 տոկոսով։ Արդեն հունիսին արձանագրվեց մուտքերի ավելացում։ Բայց դա տևեց ընդամենը 1 ամիս։ Հուլիսին մասնավոր փոխանցումները դարձյալ կրճատվեցին։

Օգոստոսը կրկին դրական էր տրանսֆերտային հոսքերի համար։ Դրանք գերազանցեցին նախորդ տարվա մակարդակը։ Այդ ամսին դրսից Հայաստան է ուղարկվել ավելի քան 194 մլն դոլար, ինչը շուրջ 14 միլիոնով ավելի է նախորդ տարվանից։

Սեպտեմբերի տվյալները դեռ հայտնի չեն, ու առայժմ դժվար է ասել, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել մասնավոր տրանսֆերտների շուկայում։ Ինչ վերաբերում է հոկտեմբերին, ապա ենթադրվում է, որ այդ ամսին հոսքերը միանշանակ ավելի շատ կլինեն՝ կապված հատկապես ղարաբաղյան հակամարտության հերթական սրացման հետ։

Դեռ ժամանակ կլինի դրան անդրադառնալու։ Իսկ մինչ այդ նշենք, որ, նկատվող ակտիվացմամբ հանդերձ, տրանսֆերտային ընդհանուր հոսքերը տարվա կտրվածքով առայժմ զիջում են 2019թ. մակարդակը։ Դրա վրա ազդել է հատկապես Ռուսաստանից փոխանցվող գումարների շարժը, որը կտրուկ դանդաղել է։

Տարեսկզբի 7 ամիսներին ռուսական շուկայից բանկային համակարգի միջոցով Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների նվազումը հասնում է գրեթե 28 տոկոսի։ Եթե անցած տարվա նույն ժամանակահատվածում եղել էր շուրջ 670 մլն դոլարի մուտք, ապա այս տարի դրանք կազմել են հազիվ 484 միլիոն։ Պակաս է ստացվել շուրջ 186 մլն դոլար։

Հասկանալի է, որ դա պայմանավորվել է 2-3 հիմնական գործոններով։

Նախ համավարակի և սահմանների փակ լինելու պատճառով այս տարի Հայաստանից տասնյակ-հազարավոր քաղաքացիներ չկարողացան մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի։ Դրանից բացի, ռուսական շուկայից ուղարկվող տրանսֆերտային հոսքերի վրա էական ազդեցություն է թողել նաև ռուբլու արժեզրկումը։ Համաշխարհային շուկայում հանքահումքային ապրանքների, մասնավորապես՝ նավթի գների անկումը հանգեցրեց ռուբլու դիրքերի թուլացման։ Տարեսկզբից ռուսական արժույթը գտնվում է ազատ անկման մեջ։ Նույնիսկ այն բանից հետո, երբ նավթի գները որոշ չափով վերականգնվեցին, դա չբերեց ռուբլու դիրքերի ամրապնդման։ Այն շարունակում է անհամեմատ ավելի ցածր դիրքում գտնվել, քան տարեսկզբին էր։

Այս ընթացքում ռուբլին արժեզրկվել է գրեթե 18-19 տոկոսով՝ հասցնելով արժեզրկել նաև այդ երկրից Հայաստան ուղարկված գումարները։

Ռուսական տրանսֆերտային հոսքերի վրա ազդել է նաև այդ երկրի տնտեսական իրավիճակը։ Բացի այն, որ այս տարի շատերը զրկվեցին արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից, այդ երկրում գտնվող մեր բազմաթիվ հայրենակիցներ կորցրեցին իրենց եկամուտները։ Քիչ չեն նրանք, ովքեր գտնվելով ՌԴ-ում՝ չկարողացան աշխատանք գտնել։ Ինչպես սովորաբար լինում է, նավթի գների անկումն արտահայտվում է առաջին հերթին շինարարության ոլորտի վրա, որտեղ էլ հիմնականում զբաղված են մեր հայրենակիցները։

Այս և այլ գործոններն իրենց ուղղակի ազդեցությունն են թողել Ռուսաստանից ստացվող տրանֆերտային հոսքերի վրա։ Դրանք շարունակել են կրճատվել անգամ այն ամիսներին, երբ արձանագրվել է ընդհանուր մուտքերի աճ։

Մասնավորապես օգոստոսին ռուսական շուկայից մուտքերը նվազել են ավելի քան 25 տոկոսով։ Անցած տարվա օգոստոսին ստացվել էր՝ 113 միլիոն, այս տարվա օգոստոսին՝ 84 մլն դոլար։ Պակաս է ստացվել գրեթե 29 մլն դոլար։

Այս միտումը, ըստ ամենայնի, առաջիկայում դեռ կպահպանվի։ Դժվար է կարծել, որ առնվազն մինչև տարեվերջ իրավիճակը կարող է շտկվել։ Այդպես մտածելու համար առայժմ հիմքեր չկան. Չեն վերականգնվել արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունները, Ռուսաստանի տնտեսության զարգացումները մխիթարական չեն, և ռուբլու դիրքերը շարունակում են թուլանալ։

Ռուսական շուկայից ստացվող տրանսֆերտային հոսքերի կրճատումն ուղեկցվել է արտահոսքի ավելացմամբ։ Այսինքն՝ այս տարի քաղաքացիները Հայաստանից ավելի շատ գումարներ են ուղարկել Ռուսաստան, քան անցած տարի, երբ հոսքերը դրսից շատ ավելի մեծ էին։

Պաշտոնական տվյալներով՝ 7 ամսում արտահոսքն անցնում է 281 մլն դոլարից։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 258 միլիոն էր։ 7 ամսում 23 միլիոնով ավելի շատ գումար ենք փոխանցել ՌԴ, քան 2019թ.։

Թե ո՞րն է եղել արտահոսքի ակտիվացման պատճառը, դժվար է միանշանակ ասել։ Բայց չի բացառվում, որ դրան նպաստել են ռուսական շուկայից կատարվող ներմուծումները, որոնք իրականացնում են ֆիզիկական անձինք։ Ռուսական ռուբլու թուլացումը խթանող գործոն է դրա համար։

Այս փոփոխություններով հանդերձ, իհարկե, Ռուսաստանը մնում է Հայաստանին տրանսֆերտային հոսքեր մատակարարող թիվ մեկ երկիրը։ Ստացված մուտքերի ավելի քան 44 տոկոսը բաժին է ընկնում ռուսական շուկային։ Նախորդ մի քանի տարիներին այն բավական մեծ փոփոխություն է կրել, բայց շարունակում է մնալ առաջատարի դիրքերում։

Վերջին ամիսներին նկատելի է ամերիկյան տրանսֆերտային շուկայի ակտիվացումը։ Այս տարվա օգոստոսին այդ երկրից ստացվել է ավելի քան 55 մլն դոլար։ Սա ռեկորդային ցուցանիշ է, ինչը կրկնակի գերազանցում է 2019թ. մակարդակը։ Մինչև այժմ ԱՄՆ-ից մեկ ամսվա կտրվածքով նման մուտք երբևէ չէր արձանագրվել։

Թեև ակտիվ էին նաև հունիս-հուլիսը։ Հունիսին տրանսֆերտային փոխանցումներն այդ երկրից կազմել էին 34,4 միլիոն, իսկ հուլիսին՝ 43,5 մլն դոլար։

Ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգներից ստացվել է 240 մլն դոլար՝ նախորդ տարվա 177 միլիոնի դիմաց։ Մուտքերն այդ երկրից ավելացել են շուրջ 63 միլիոնով կամ 26 տոկոսով։

Նվազել է նաև արտահոսքը, որը նախորդ տարի հասել էր ռեկորդային բարձր մակարդակի։ 7 ամսում 130 միլիոնով պակաս փոխանցում է կատարվել Հայաստանից Միացյալ Նահանգներ։ Այս կտրուկ փոփոխությունը կապված է տրանսպորտային միջոցների ներկրումների հետ։ Անցած տարի իրականացված մեծածավալ ներմուծումների հետևանքով արձանագրվեց Հայաստանից Միացյալ Նահանգներ ուղարկվող գումարների մեծ հոսք։ Այս տարի, երբ ավտոմեքենաների ներկրումը հիմնականում դադարել է, դա բերել է նաև փոխանցումների կրճատման։

Պաշտոնական տվյալներով՝ տարեսկզբի 7 ամիսներին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են ուղարկել 1 մլրդ 88 մլն դոլար՝ անցած տարվա 1 մլրդ 236 մլն-ի դիմաց։ Տրանսֆերտային հոսքերը կրճատվել են 148 միլիոնով կամ գրեթե 12 տոկոսով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս