Կա՞ ռիսկ բանկերի համար
Միջազգային «Մուդիս» վարկանիշային գործակալությունը զգուշացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացումը կարող է խնդիրներ ստեղծել բանկերի համար՝ ներդրումների արտահոսքի պատճառով:
«Հակամարտության սրացումը սպառնում է բացասական ազդեցություն ունենալ երկու երկրների տնտեսության և բանկային համակարգերի վրա: Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս եկող երկարատև ռազմական բախումն ավելի կործանարար հետևանքներ կունենա երկու երկրների բանկային ոլորտների համար: Այն կորոնավիրուսի համավարակից հետո էլ ավելի կնվազեցնի՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի նկատմամբ գործարար ակտիվությունը և սպառողների վստահությունը, ինչն էլ կխոչընդոտի տնտեսությունների վերականգնման հեռանկարներին»,- ասվում է գործակալության հրապարակած զեկույցում:
«Մուդիսի» փորձագետների կարծիքով՝ հակամարտության սրացումը կարող է հանգեցնել ներդրումների արտահոսքի, բանկերի համար լիկվիդացիոն ռիսկերի ավելացման, ինչպես նաև՝ փոխարժեքների փոփոխականության:
Որ ֆինանսական համակարգն առաջիններից մեկն է արձագանքում ցանկացած լարվածության, առավել ևս, երբ խոսքը ռազմական գործողությունների մասին է, այդպես էլ կա։ Բայց այդ արձագանքը Հայաստանի պարագայում գոնե առայժմ նկատելի չի։ Դեռևս ռազմական դրություն հայտարարելուց անմիջապես հետո Հայաստանի բանկերի միությունը հայտարարեց, որ բոլոր բանկերը ռազմական դրության ժամանակահատվածում շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը և ունեն անհրաժեշտ հնարավորություններ՝ սպասարկելու իրենց հաճախորդներին։
«Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով»,- հայտարարեց ՀԲՄ-ն։
Մինչև այժմ Հայաստանի բանկային համակարգը սահուն հաղթահարում է ռազմական դրության հնարավոր բացասական հետևանքները։ Լարվածություն, որպես այդպիսին, չկա։ Չնայած չի բացառվում նաև, որ առանձին ներդրողներ կամ քաղաքացիներ գուցե ևս որոշ քայլեր են ձեռնարկել իրենց միջոցների ապահովության նպատակով։
Այդ առումով ներկա պահին կոնկրետ տվյալներ չկան։ Դրա մասին հնարավոր կլինի առավել առարկայական խոսել հոկտեմբերի ցուցանիշների հրապարակումից հետո։
Բայց այն, որ Հայաստանի բանկային համակարգը բնականոն հունով աշխատում է և ամբողջությամբ կատարում իր պարտավորությունները հաճախորդների նկատմամբ, փաստ է։ Այս ընթացքում հայտնի չէ որևէ դեպք, երբ խնդիրներ են առաջացել պարտավորությունների սպասարկման հետ կապված։
Սա շատ կարևոր է հաճախորդների շրջանում բացասական սպասումներ չառաջացնելու համար։ Շատ հաճախ բանկային համակարգում ծագող խնդիրները կապված են լինում նման սպասումների հետ։ Իսկ դա մեզ ոչնչով պետք չէ և չի բխում՝ ինչպես բանկերի, այնպես էլ՝ հաճախորդների շահերից։
Հայաստանի բանկային համակարգի լիկվիդայնությունը բավական բարձր է, ինչը լավ հիմք է խնդիրներից խուսափելու համար։ Պատահական չէ, որ անգամ ռազմական դրության պայմաններում բանկերը հայտարարեցին իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու և վարկային արձակուրդներ տրամադրելու այս օրերին ռազմաճակատում գտնվող այն վարկառուներին, ովքեր խնդիր կունենան ժամանակին իրենց պարտավորությունները կատարելու հետ կապված։
«Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը քննարկել և որոշել է. Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում չեն համարվի և չեն արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար չեն կիրառվի»,- հայտարարեց Հայաստանի բանկերի միությունը։
Սա ևս մեկ անգամ վկայում է, որ բանկային համակարգն իրեն բավական վստահ է զգում։ Հատկապես որ, ոչ վաղ անցյալում Կենտրոնական բանկի նախագահը վստահեցրեց, թե պատրաստ են անհրաժեշտ իրացվելիություն տրամադրել բանկերին։ Ճիշտ է, դա ունի իր գինը, բայց հիմա կարևորը համակարգի կայունությունն է, ինչն այս պահին կասկածներ չի հարուցում։ Թեև ռազմական դրությունը ենթադրում է նաև որոշակի սահմանափակումներ, այնուհանդերձ ֆինանսական համակարգի կայունության երաշխավորները նաև նման անհրաժեշտություն չեն տեսնում։
Արցախում ադրբեջանաթուրքական ագրեսիայի սանձազերծումից գրեթե 2 շաբաթ անց շարունակում է պահպանվել կայունությունը նաև արժութային շուկայում։ Այս ընթացքում դրամը թեև 2-3 նիշով արժեզրկվել է ամերիկյան դոլարի նկատմամբ, այնուհանդերձ դա մեծ տատանում դժվար է համարել։ Նման երևույթներ շուկայում անընդհատ դիտարկվում են՝ անգամ խաղաղ պայմաններում։ Ուր մնաց, երբ ընթանում են պատերազմական գործողություններ, որոնք, ղարաբաղյան ճակատից բացի, երբեմն-երբեմն տեղափոխվում են Հայաստանի սահմաններ։
Դա, անշուշտ, շուկայի մասնակիցների շրջանում որոշակի սպասումներ ձևավորել է, ինչը նկատվում է նաև փոխարժեքի առք ու վաճառքի տարբերության մեծացման տեսքով։ Բայց Կենտրոնական բանկն ունի բավարար տարադրամային միջոցներ՝ անհրաժեշտության դեպքում այդ սպասումները չեզոքացնելու և շուկան հանդարտեցնելու համար։
Այս պահին Հայաստանի ֆինանսական համակարգը միանշանակ կայուն է և առանց խոչընդոտների լիարժեք կատարում է իր բոլոր պարտավորությունները հաճախորդների նկատմամբ։ Սակայն ասել, որ այդ կայունությանը սպառնացող վտանգներ չկան, տեղին չէ։
Նման վտանգներ միշտ էլ լինում են։ Առավել ևս, կան նաև հիմա, ու դրանք, ինչպես արձանագրել են «Մուդիսի» փորձագետները, թելադրված են լինելու ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետագա սրացումներով ու ռազմական գործողությունների ընդլայնմամբ։
Հուսանք, որ դրան չենք հասնի, և այս անգամ ևս ֆինանսական համակարգը կկարողանա խուսափել անցանկալի երևույթներից։ Վերջին տարիներին հայաստանյան բանկերը բազմիցս բախվել են ճգնաժամային իրավիճակների՝ կապված համաշխարհային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող դրսևորումների հետ, բայց հաջողությամբ և առանց մեծ կորուստների կարողացել են դուրս։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ