Կրկին փոխում ենք

Կառավարությունը պատրաստվում է կրկին վերանայել այս տարվա պետական բյուջեն։ Այդ նպատակով հոկտեմբերի 6-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Այդպես է պահանջում ռազմական դրություն հայտարարելու մասին օրենքը։

Ըստ այդ օրենքի, ռազմական դրություն հայտարարվելուց հետո՝ ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, կառավարությունն Ազգային ժողովին է ներկայացնում օրենքի նախագիծ՝ պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։ Կցվում է տեղեկանք նաև կառավարության ծրագրում կատարվող փոփոխությունների վերաբերյալ։

Ծրագրի փոփոխությունների անհրաժեշտություն կառավարությունն այս պահին չի տեսնում։ Ուստի, այդ առումով որևէ առաջարկություն չի ներկայացրել։

Փոխարենը՝ նախատեսում է վերանայել պետական բյուջեն։ Ճիշտ է, այդպես է պահանջում ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքը, բայց առանց դրա էլ կառավարությունը պիտի գնար այդպիսի վերանայումների։

Նախկին վերանայումներն արդեն հասցրել էին վաղուց հնանալ։ Տնտեսության մեջ ու պետական բյուջեի կատարման գործընթացում արձանագրվել էին էական շեղումներ, որոնք պիտի արտացոլվեին պետական բյուջեում։ Դրանք կապված չէին հայտարարված ռազմական դրության կամ Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի նկատմամբ սանձազերծած հերթական ագրեսիայի հետ։ Դրանք կապված էին համավարակից հետո տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների հետ։ Դա արձանագրել է նաև կառավարությունը՝ առաջարկելով վերանայել պետական բյուջեն։

«2020թ. ապրիլ ամսին, հաշվի առնելով նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) արագ տարածումը և դրա սպասվող տնտեսական և հարկաբյուջետային հետևանքները, «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում» իրականացվել են համապատասխան փոփոխություններ: Տարվա ընթացքում աշխարհի և ՀՀ փաստացի զարգացումները, ինչպես նաև միջազգային կառույցների կողմից համաշխարհային և ՀՀ գործընկեր երկրների տնտեսական անկման կանխատեսումների դեպի ներքև ճշգրտումները ցույց են տալիս, որ առարկայացել են 2021-2023թթ. ՄԺԾԾ-ում նախանշված տնտեսական աճի դեպի ներքև ռիսկերը: Դա նշանակում է, որ 2020թ. տնտեսական անկումը, հետևաբար նաև հարկաբյուջետային ցուցանիշների վատթարացումը՝ մասնավորապես հարկային եկամուտների անկումը, պետական բյուջեի պակասուրդի մեծացումը և կառավարության պարտքի աճը, կլինեն ավելի մեծ, քան այն ցուցանիշները, որոնք ընկած են ապրիլ ամսին իրականացված օրենսդրական փոփոխությունների հիմքում»,- ասվում է պետական բյուջեում առաջարկվող փոփոխությունների հիմնավորման մեջ:

Համավարակից բացի, տնտեսության վրա ազդեցությունները մեծացել են նաև ռազմական դրության ու պատերազմական գործողությունների հետևանքով։ «Ռազմական գործողությունների ակտիվացումը և ռազմական դրությունը նույնպես կունենան բացասական ազդեցություններ տնտեսական ակտիվության վրա»,- կարծում է կառավարությունը։

Մասնավորապես, սպասվում է զբաղվածության նվազում և մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում։ Ավելացել են նաև անորոշություններն ու ռիսկերը։

Այդ պայմաններում կառավարությունը որոշել է վերանայել այս տարվա տնտեսական աճի իր նախորդ կանխատեսումը։ Եթե նախկինում ակնկալվում էր, որ անկումը կլինի 2 տոկոսի սահմաններում, ապա հիմա սպառումներն իջել են անհամեմատ ավելի ներքև։

Բյուջետային նոր փոփոխություններով՝ կառավարությունը կանխատեսել է, որ 2020թ. արդյունքներով՝ տնտեսության մեջ կարձանագրվի 6,8 տոկոս անկում։ Սա մի փոքր ավելին է, քան Կենտրոնական բանկի վերջին գնահատականն էր։

Հիշեցնենք, որ ԿԲ-ն այս տարի տնտեսության նվազման պոտենցիալը գնահատել է 6,2 տոկոս։

Առաջարկվող վերանայումից հետո սպասվում է, որ այս տարի Հայաստանի ՀՆԱ-ն կլինի ոչ թե 6 տրիլիոն 485 միլիարդ, այլ 6 տրիլիոն 170 մլրդ դրամ։

ՀՆԱ անկման հետևանքով կավելանան նաև պետական բյուջեի եկամտային կորուստները։ «Տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները կնվազեն ավելի արագ տեմպերով, քան ՀՆԱ-ի նվազումը, հետևաբար տեղի կունենա հարկեր/ՀՆԱ-ի անկում՝ շուրջ 0.3 տոկոսային կետի չափով: Անվանական ՀՆԱ-ի, ինչպես նաև հարկեր/ՀՆԱ-ի նվազման պայմաններում, սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով»,- արձանագրել է կառավարությունը։

Այս փոփոխությունների արդյունքում սպասվում է, որ 2020թ. պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1 տրիլիոն 320 մլրդ դրամ, ինչը համարժեք է ՀՆԱ-ի 21,4 տոկոսին։ Ապրիլին իրականացված վերանայումների համեմատ դրանք նվազեցվել են ևս 112,7 մլրդ դրամով։

Եկամուտների բացն ակնկալվում է լրացնել դեֆիցիտի ավելացման հաշվին։ Պետական բյուջեի դեֆիցիտը կհասնի շուրջ 459 մլրդ դրամի։ Այն համարժեք կլինի համախառն ներքին արդյունքի 7,4 տոկոսին։ Բյուջեի դեֆիցիտն ապրիլի փոփոխության համեմատ կավելանա 134,8 մլրդ դրամով։

Թե ի՞նչ միջոցների հաշվին է կառավարությունը պատրաստվում այն լրացնել, առայժմ հայտնի չէ։ Ուղղակի նշենք, որ նախորդ փոփոխության ժամանակ դեֆիցիտի համալրման աղբյուրները երկուսն էին՝ արտաքին և ներքին։

Անկախ նրանից, թե այս անգամ ինչ միջոցների հաշվին կհամալրվի դեֆիցիտը՝ դա կհանգեցնի կառավարության պարտքային պարտավորությունների ավելացմանը։

«Հարկաբյուջետային ցուցանիշների (մասնավորապես՝ պակասուրդի) վերոնշյալ փոփոխությունները կհանգեցնեն ՀՀ կառավարության պարտքի բեռի աճին: Մասնավորապես, սպասվում է, որ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կհասնի շուրջ 67 տոկոսի՝ հատելով 60 տոկոս սահմանային շեմը»,- բյուջեի առաջարկված փոփոխությունների հիմնավորման մեջ գրել է կառավարությունը։

Հիշեցնենք, որ 60 տոկոսը կառավարության պարտքի սահմանային մեծությունն է։ Այն անցնելու պատճառը տնտեսական անկումն է և բյուջեի եկամուտների նվազումը։

Նման պայմաններում ծախսերը պահպանելու համար կառավարությունը որոշել է գնալ պարտքի ավելացման ճանապարհով։ Չնայած հարկային եկամուտների կրճատման՝ ծախսերն ավելացվել են։ Ապրիլի փոփոխությունների համեմատ՝ դրանք կաճեն 9,5 միլիարդով՝ կազմելով 1 տրիլիոն 637 մլրդ դրամ։ Ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով:

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս