«Ալիևը հիմա կանի այն, ինչ իրեն կասեն, իսկ Թուրքիային իր տեղը ցույց տվեց Ռուսաստանը». Մարկարով

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ավարտվեցին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների մասնակցությամբ  ավելի քան 11 ժամ տևողությամբ  բանակցությունները, որից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրապարակեց  համատեղ հայտարարություն, ըստ որի՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00 հայտարարվում է կրակի դադար։ Հայտարարությունը բաղկացած է նախաբանից և 4 կետերից։ Ըստ նախաբանի՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի ուղերձի և համապատասխան Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին 4 կետերի շուրջ համատեղ հայտարարություն ընդունել։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ հայտարարության նախաբանը ևս մեկ անգամ փաստում է, որ խնդիրն այնքան բարդ է, որ հնարավոր չի եղել դրան լուծում տալ արտգործնախարարների մակարդակով, և այստեղ առանձնահատուկ կարևորություն է ունեցել ՌԴ նախագահի ուղերձն ու Փաշինյանի  և Ալիևի արձագանքը դրան։

«Պայմանավորվածության հնարավոր է եղել հասնել միայն երկրների ղեկավարների մակարդակով, իսկ արտգործնախարարներն ընդամենն ավարտին են հասցրել այն հայտարարությունը, որը հրապարակվեց»,- ասաց Մարկարովը։

Ըստ նրա՝ չնայած հայտարարված կրակի դադարին՝ Ադրբեջանը շարունակում է խախտել այն, ուստի հիմա խնդիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանը խախտում է կրակի դադարի մասին պայմանավորվածությունը, երբ այն հատկապես վերաբերում է հումանիտար դադարին։

«Այս ամենով հանդերձ՝ մեզ համար կարևոր է, որ մենք Ադրբեջանին բերեցինք բանակցությունների սեղանին, համաձայնեցին կրակի դադարեցման հայտարարությանը՝ մի կողմ թողնելով իրենց ռազմատենչ այն հայտարարությունները, որոնք նախորդող օրերին շարունակվում էին։ Սա կարևոր է արձանագրել»,- ասաց Մարկարովը։

«Մենք կարողացանք Ադրբեջանին ստիպել ռազմական գործողությունները դադարեցնել»,- ասաց նա։

Խոսելով համատեղ ընդունված հայտարարության կետերի մասին՝ Մարկարովն առանձնացրեց 3-րդ կետը, ըստ որի՝ Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

Քաղաքագետն ընդգծեց, որ այս կետում կարևոր է «հիմնարար սկզբունքներ» ձևակերպումը, իսկ հիմնարար սկզբունք են համարվում Հելսինկյան ակտի՝ ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի  կիրառման սպառնալիքի անթույլատրելիություն, տարածքային ամբողջականություն սկզբունքները։

Ըստ Մարկարովի՝ ստացվում է՝ այս հիմնարար սկզբունքները պահպանված են։

«Ինչ վերաբերում է սուբստանտիվ՝ առարկայական բանկցություններին, ապա դա կապված է բանակցությունների բովանդակության հետ։ Ադրբեջանի համար բովանդակային բանակցության հիմքը տարածքային ամբողջականությունն է, հայկական կողմի համար՝ ազգերի ինքնորոշումը։ Այս մասով այս բովանդակային բանակցություն ասվածի մեջ արդեն իսկ կան տարընթեցումներ։ Այստեղ անհրաժեշտ է Ադրբեջանին ապացուցել, որ ազգերի ինքնորոշումը Լեռնային Ղարաբաղն իրականացրել է 1980 ականների վերջին,  և արցախահայությունն ունի իրավական, բարոյական, ռազմական և քաղաքական իրավունք՝ հռչակվելու  անկախ։ Ինչ վերաբերում է համատեղ հայտարարության 4-րդ կետով  սահմանվածին՝ շուտափույթ բանակցությունների վերսկսմանը, ապա դա հարված է ադրբեջանական կողմին, որովհետև իրենք աշխարհին փորձում էին ասել, թե բանակցությունները չեն սկսի, քանի դեռ հայկական կողմը զորքը դուրս չի բերի ինչ-որ տարածքներից, բայց հիմա պետք է բանակցի»,- ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը՝ շեշտելով, որ բանակցությունները շարունակելու հիմքը դրել է հայկական բանակը պատերազմի 13 օրերի ընթացքում։

«Ալիևն այլևս չի կարող հանդես գալ՝ որպես պահանջ ներկայացնող, որովհետև նա խախտեց տարածաշրջանի անվտանգությունը՝ այստեղ բերելով այդ խմբավորումներին և չկարողանալով իրականացնել իր պլանները, հիմա  նա պետք է լսի այն, ինչ իրեն կասեն»,- ասաց նա։

Խոսելով  Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չփոխելու մասին՝ Մարկարովը նկատեց, որ, թեև Թուրքիայի նպատակն էր՝ համանախագահություն ստանձնել ու մասնակից դառնալ այս գործընթացին, սակայն դրան հասնել  չկարողացավ։

«Ռուսաստանը ցույց տվեց Թուրքիային իր տեղը՝ դա արեցին նաև այլ երկրներ»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս