«Պատերազմ-բանակցություն-պատերազմ փակ շղթային չվերադառնալու համար պետք է ազդել Ադրբեջանի վարքագծի վրա». Գևորգ Մելիքյան

Անթույլատրելի է, որ 21-րդ դարում մենք ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից նման վայրագությունների, ցավալի է, որ այս դարում մի կողմ են դրվել դիվանագիտական և քաղաքական գործիքներն, ու այդ պետությունն իրեն իրավունք է վերապահում ուժի կիրառմամբ, սպառնալիքով և շանտաժով հարցերը լուծել, իհարկե, բնական է, որ նման քայլը ստանալու էր շատ լուրջ պատասխան։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Գևորգ Մելիքյանը։

«Սակայն սա դեռ չի նշանակում, որ դիվանագիտական և քաղաքական հարթակները պետք է լինեն երկրորդական։ Դրանք շարունակում են գործել, որպեսզի ռազմի դաշտում լուծվող հարցերն ուղեկցվեն դիվանագիտական և քաղաքական գործիքակազմերով։ Ադ նպատակով է, որ նախագահ Արմեն Սարգսյանը պատերազմի սկսման առաջին իսկ րոպեից լծվեց այդ գործիքները կիրառելու գործին՝ հղելով մի շարք կարևոր ուղերձներ աշխարհին. դրանցից էր, օրինակ, այն, որ այս պատերազմը սկսել է Ադրբեջանը, կամ այն, որ այստեղ քրդական զինյալներ չկան, կամ երրորդը՝ չի՛ կարելի զենք մատակարարել հակամարտության գոտի։ Կարևոր ուղերձներից մեկն էլ այն էր, որ պետք է Թուրքիան չեզոքացվի՝քաղաքականապես և ռազմականապես, որպեսզի չդառնա հակամարտության կողմ, ինչն էապես փոխում է հակամարտության մասշտաբը»,- ասաց Մելիքյանը։

Հարցին, թե ինչպե՞ս պետք է միջազգային հանրության ճնշմամբ հասնել Թուրքիայի քաղաքական և ռազմական չեզոքացմանն այն դեպքում, երբ այդ նույն միջազգային հանրության մաս կազմող պետությունները տնտեսական շահեր ունեն նույն Թուրքիայի հետ, և արդյո՞ք գլխացավանքի մեջ չեն հայտնվի նրանք Թուրքիայի պատճառով, Գևորգ Մելիքյանը պատասխանեց.

«Այդ պետություններն արդեն իսկ գլխացավանքներ ունեն Թուրքիային պատճառով, իհարկե՝ տանելի և ոչ տանելի։ Թուրքիա-Սիրիա խնդիրը, փախստականների հարցը, Թուրքիա-ՆԱՏՕ պարտավորությունները, և այլն. այս բոլոր ուղղություններում խնդիրներ կան։ Հիմա ակնհայտ է, որ խնդիրներ կան նաև Էրդողանի հետ, որը սկսեց թշնամիներ փնտրել ամենուրեք, ինչը նրան բերեց իռացիոնալ դաշտ, և ինչից էլ օգտվեց Ադրբեջանը՝Թուրքային համոզելով, թե հայկական կողմը ցանկանում է ենթակառուցվածքներ թիրախավորել, կամ, որ Հայաստանը սպառնալիք է Թուրքիայի համար, ուստի Թուրքիան պետք է օգնի իր եղբայրական Ադրբեջանին։ Սա շատ լավ փաթեթավորված մի խաղ էր, որի համար պետք էր արյուն թափել, սա էր իրենց ծրագիրը։ Ցավում եմ, որ այդ պետությունները չկանգնեցին ո՛չ բանականության, ո՛չ տարածաշրջանային անվտանգության խնդրի առջև, ինչը, ինչպես ասել է նախագահ Սարգսյանը, կարող է բերել նրան, որ Կովկասը վերածվի նոր Սիրիայի»,- ասաց Մելիքյանը։

Դիտարկմանը՝ նախագահ Սարգսյանի կողմից տարածաշրջանը նոր Սիրիայի վերածելու հավանականության մասին ասվածը նախազգուշացո՞ւմ է, ահազա՞նգ, թե՞ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելուն միտված քայլ, Գևորգ Մելիքյանը պատասխանեց.

«Սա Արևմուտքի լեզվով էր ասված, որ Արևմուտքն անալոգիայով հասկանա, որ վարձկանների ներգրավումը և ահաբեկչական կառույցների մուտքն արդեն բերում է նրան, որ այստեղ տարածաշրջանի սպառնալիքները շատանում են։ Ինչ վերաբերում է այսօրվա հիմնախնդրին՝ ապա հարց է առաջանում՝ բանակցել ո՞ւմ հետ, ո՞ւմ հետ բանակցես, երբ բանակցողը գալիս է քեզ վրա ատրճանակով։ Ադրբեջանը հաստ կարմիր գծեր է անցել, ուղղակի գնում է վա-բանկ, գնում է «կամ ես, կամ դու» ճանապարհով։ Մենք պետք է շատ լուրջ հետևենք Ադրբեջանի պահվածքին, մեր խնդիրն է՝ հասնել այն կետին, որ ազդեցություն ունենանք Ադրբեջանի վարքագծի և որոշումների վրա։ Այն տարածքները, որոնք հայկական բանակը զբաղեցնում է առաջնագծում, հնարավորություն է տալիս ազդելու Ադրբեջանի վարքագծի վրա»,- ասաց Մելիքյանը՝ նշելով, որ հակառակորդի վարքագծի վրա կարող ենք ազդել նաև այլ գործոններով, մասնավորապես՝ ենթակառուցվածքներով, ինչպես նաև աշխարհում ունեցած դիրքով տարբեր կառույցների հետ հարաբերություններով։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում արցախյան հակամարտության կարգավորման խնդրին՝ Մելիքյանը նկատեց, որ հայկական կողմից բանակցողներին չպետք է լքի այն տրամաբանությունը, որ Ալիևը բանակցում է զենքով, ուժ է կիրառում իր հետ բանակցողի դեմ։

«Ընդունելով այն, որ հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության շրջանում, միևնույն է, ակնհայտ է, որ հիմա բանակցության բովանդակությունը և փիլիսոփայությունը պետք է փոխվի։ Որպեսզի մենք չվերադառնանք պատերազմ-բանակցություն-պատերազմ շրջափուլի, պետք է ազդեցություն ունենանք Ադրբեջանի վարքագծի վրա։ Այս փակ շղթան պետք է կոտրվի։ Կարծում եմ՝ հիմա դրա ժամանակն է, դա համար հստակ պետք է ասել, թե որոնք են մեր դիրքերը, ինչ ենք ուզում. պետք է իրերը կոչել իրենց անուններով»,- ասաց Մելիքյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս